Ակսել Բակունցի «Կյորես» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1936 թվականին: Վիպակում գրողական բարձր վարպետությամբ և տիպական թանձրացումներով պատկերվում է, ըստ էության, պարտության պատմություն:

Մի կողմում՝ Կյորեսն է, իր լեզվով, բարքերով ու սովորույթներով, սերունդնեի տոհմիկ դաստիարակությամբ, աշխատանքի և արդարության նկատմամբ ունեցած բնաշխարհիկ զգացումով ու ամեն ինչով բնական, մյուս կողմում՝ Գորիսը, որտեղ նորն է ու ներմուծովին, և որի ճնշմամբ աստիճանաբար փլուզվում է Կյորեսը:

Հատված

Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Երրորդ անունը՝ Կորիս,−տալիս էր միայն մի մարդ՝ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ իզուր ճգնում էր տարածել։ Նրան համամիտ էր միայն ժամհար Պարսեղը, որը և միակ ունկնդիրն էր Քյալլա Ծատուրի ձեռագիր խորհրդածությունների՝ ճշմարիտ հավատի, ամուսնալուծության և «Երից տարրի փոխակերպման մասին»։

Քաղաքն ուներ երկու անուն և այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր՝ երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեին իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անունները տարբեր էին և պատահում էր, որ այդ երկու ազգերը իրար լեզու չէին հասկանում։ Մի կողմը «օտարականներն» էին, կամ ինչպես կյորեսեցիք էին ասում՝ ղարիբականներն էին,— մյուս կողմը բուն Կյորեսն էր և նրա միջնաբերդը՝ Շենը և նրա նշանավոր պարագլուխները՝ Ղաթրինի Աղալոն, որ բեռնած էշը գետնից բարձրացնում էր, Պարան-Պարան Ավանեսը, որի ձայնը հասնում էր մինչև Դրնգանի ձորը, Գյուրջի Օբին, որի լեզվից վախենում էր մինչև, անգամ քաղաքագլուխ Մատթևոս բեյը։

Ղաթրինի Աղալոն, Պարան-Պարան Ավանեսը, Գյուրջի Օրին և շատ ուրիշ կյորեսեցիներ, լինելով բուն Կյորեսի պարագլուխները, ժամանակակից չեն եղել։ Այդ մի դինաստիա էր հողագործների, բրուտների, ներկարարների, դարբինների և տավարածների, ցեղային դինաստիա, որ ի դեպ գլխավորում էր բուն Կյորեսի և նրա միջնաբերդ Շենի կռիվը Գորիս քաղաքի և նրա «օտարականների» դեմ։ Ղաթրինի Աղալոյի ժամանակ Գորիսը դեռ քաղաքագլուխ չուներ և քաղաքը դեռ չէր տարածվել մինչև Մեծ կամուրջը։ Ղաթրինի Աղալոն դեռևս կարող էր Գորիսի վաճառականներից երեքին խուրձի թոկով շալակել և սպառնալ նրանց թափել ձորը, եթե վաճառականները Թավրիզի կտավը չծախեն յուղի հետ բարաբար։ Նրա ժամանակը հեշտ էր. ինքը Շենն ուներ իր կտավագործները, իր դերձակները, իր իջևանատները, որտեղ գիշերում էին ուրիշ երկրներից քարավաններ։ Վերջապես Ղաթրինի Աղալոյի ժամանակ վաճառականների մեծ մասը դեռ «ղարիբական» չէր, այլ կյորեսեցի էր, այսինքն վարուցանք ուներ և մինչև անգամ ապրում էր Շենում, առևտուրն անելով Գորիսի շուկայում։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կյորես | Ակսել Բակունց”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...