«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։
«Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ։
Ձեռնարկում քննարկվում են գործարարության և ձեռնարկատիրության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները: Մասնավորապես, տրված են տեսական և հայեցակարգային հարցերը, հասկացությունները, գործարարության կազմակերպման սկզբունքները գործարար մտքի ձևավորումից մինչև բիզնես–ծրագրի մշակումը և իրագործումը: Լուսաբանվում է քննարկվող ոլորտին վերաբերող իրավական և նորմատիվային դաշտը, գործարարության կազմակերպման տեխնիկան, առկա իրավիճակի վերլուծությունը և նկատվող միտումները:
Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: Նախատեսված է ընթերցող լայն շրջանի համար:
Ալբերտ Այնշթայնը՝ աշխարհի ամենահայտնի՝ E = mc2 հավասարման հեղինակը, «ցնդած գիտնականի» ոճի հիմնադիրը, անցել է ֆիզիկայի սահմանները՝ փոխելով տիեզերքի մեր ընկալումը: Այս ոգեշնչող գիրքը ընթերցողին հրավիրում է ծանոթանալու Այնշթայնի ցուցաբերած եզակի մոտեցմանը իր դարաշրջանի խոշոր գիտական առեղծվածների բացահայտման հարցում, ինչպես նաև վերհանում է նրա անհատականության և աշխարհայացքի ձևավորմանը նպաստած գաղափարներն ու ազդակները՝ վերծանելով դրանք, ինչը կօգնի հասկանալու, թե ինչպես նրա մեթոդներն ու գործելակերպը կիրառել ձեր կյանքի տարբեր բնագավառներում:
Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով: Գիրքն անդրադառնում է հիշողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտությունների, զգոնության, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության, արագ ընթերցանության, դիտողականության, տեղեկույթի գաղտնագրման ու գաղտնազերծման, ինչպես նաև շատ այլ թեմաների: Այս գիրքը կարդալուց հետո վերնաշապիկի թևքերին, տաբատի փողքերին կամ կոշիկի մաշվածությանը կսկսես այլ կերպ նայել: