«Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։ Հայ մեծ արձակագրի ծննդյան 85– ամյակին նվիրված այս ընտրանին պահպանել է արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է` շաբաթվա օրերն ընդգրկող, նշումների համար նախատեսված հատված և գրական մաս։ Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից:
Ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի այս ժողովածուն ներկայացնում է հեղինակի մտորումները, թե որն է այսօրվա մեր պատկերացումը տիեզերքի մասին, և որն է մարդու առաքելությունն այս Երկիր կոչված մոլորակի վրա: Մարդու ներկայությունը Երկրի վրա, հեղինակի կարծիքով, տիեզերական երևույթ է: Նա հնարավոր չի համարում մարդու այս տեսակի գոյությունը այլ աստղերի շուրջն առաջացած մոլորակների վրա: Գրքում մեծ տեղ է հատկացված մտքի թռիչքին, մշակույթի և արվեստի ասպարեզներում Երկրի վրա ստեղծված արժեքներին:
Գիրքը ներկայացնում է 20–րդ դարի եվրոպական գրականության ամենամեծ գրողներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի հետ Յանոուխի զրույցներն ու հիշողությունները: Գուստավ Յանոուխը (1903–1968), որ հայրենի Չեխիայում հայտնի էր իբրև երաժշտագետ, գրական աշխարհում բացառիկ հեղինակություն սկսեց վայելել՝ հրատարակելով Կաֆկայի մասին հիշողությունների այս գիրքը (1951, 1968): Այն դիմացավ ժամանակների քննությանը և այսօր համարվում է Կաֆկայի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տասնյակ լավագույն գրքերից մեկը: