«Ապագայի ֆիզիկան». Ու՞ր է մեզ տանում սրընթաց զարգացող գիտությունը: Ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել համակարգչային տեխնոլոգիաների, բժշկության, տիեզերագնացության և այլ ոլորտներում: Եվ ամենակարևորը՝ ինչպիսի՞ն կլինի մարդու առօրյա կյանքը 2100 թվականին: Նշանավոր տեսաբան-ֆիզիկոս Միչիո Կակուն փորձում է գտնել այս բոլոր հարցերի պատասխանները և սեղմ պատկերացում տալ մարդկության հնարավոր ապագայի մասին: Այդ նպատակով նա զրուցել է շուրջ երեքհարյուր առաջատար գիտնականների հետ, որոնք իրենց լաբորատորիաներում կերտում են վաղվա պատմությունը: Միցիո Կակու, տեսական ֆիզիկայի ակտիվ մասսայականացնող և ժամանակակից տիեզերքի կառուցվածքի մասին կոնցեպցիայի հեղինակ է, հեղինակ է գիտահանրամատչելի մի շարք գրքերի, որի հիմնական նպատակն է փորձ փոխանցել համալիր գիտական տեսությանը, ցանկացած ընթերցողի մատչելի լեզվով։ Կակուն...
«Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ: Գոռոզամտության պատմություն» փորձագրությունը հետաքրքիր ոճով ու հատկանշական փաստերով վեր է հանում բոլոր այն աղետները, ճգնաժամերը, տնտեսական ու քաղաքական վայրիվերո զարգացումները, որոնք տեղի են ունեցել մարդկության պատմության մեջ՝ ղեկավար դիրք ունեցող անհատների գոռոզամտության պատճառով:
«Եգիպտոսը խոշորացույցով». Պրպտենք անցյալն ու մասնակցենք պեղումներին. խոշորացույցով զինված`փորձենք ժամանակի խայտաբղետ խճանկարի մեջ հայտնաբերել 200-ից ավելի թաքնված պատկերները: Ի՞նչ երկիր է Հին Եգիպտոսը, ովքե՞ր էին փարավոնները, ստրուկներն ու գրագիրները, ինչպիսի՞ն էր կյանքն այն հնագույն ժամանակներում: Էջից էջ արկածներով լի`հետաքրքիր և ուսանելի ճամփորդությունը մեզ կպատմի, թե ինչ են ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐՆ ու ՄՈՒՄԻԱՆԵՐԸ, մասնակից կդարձնի կորած ԳԱՆՁԵՐԻ որոնումներին և կանցկացնի ահռելի ԲՈՒՐԳԵՐԻ բավիղներով:
«Հարյուր տարվա մարդասիրություն». Ինչպե՞ս ստեղծվեց Հայկական Կարմիր խաչը, որո՞նք էին գործունեության ուղղությունները, ինչպե՞ս Հայաստանը դարձավ Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ եւ ինչպե՞ս հակազդեց պատերազմներին, երկրի ներքին խժդժություններին, բնական աղետներին, տնտեսական ու առողջապահական ցնցումներին։ Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելով է կառույցը կերտել իր փայլուն կենսագրությունը։ Այս գիրքը պատմում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) անցած 100 տարվա պատմության մասին։ Մեր ժողովրդի առաջ ծառացած մարդասիրական մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծվելով մեկ դար առաջ՝ ՀԿԽԸ-ն անցել է զարգացման երկար ճանապարհ՝ դառնալով երկրում գործող վստահելի ու եզակի կազմակերպություն։ Այդ ուղին լի է եղել խոչընդոտներով, դժվարություններով եւ ձեռքբերումներով։
«Ատլաս երեխաների համար». Ավելի քան 100 պիտակով այս հրաշալի նկարազարդ ատլասի հետ դու կմեկնես հետաքրքիր ճամփորդության աշխարհով մեկ: Յուրաքանչյուր էջում ներկայացված է մայրցամաքներից մեկի քարտեզը՝ փոքրիկ նկարներով ու հետաքրքիր տեղեկություններով: Գրքին կցված է աշխարհի քարտեզը, որը կարելի է նաև առանձին օգտագործել: Այս ուշագրավ գիրքը կծանոթացնի քեզ շրջապատող աշխարհին շատ պարզ, գրավիչ ու հետաքրքրաշարժ ձևով:
Գունազարդ «Մանկական համակարգչային հանրագիտարան» գիրքը կդառնա երեխայի լավագույն օգնականը համակարգչային գրագիտության ուսուցման ընթացքում: Գրքում մատչելի ներկայացված են համակարգչի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները: Երեխան կսովորի օգտվել հանրահայտ Windows օպերացիոն համակարգից, ինքնուրույն կկարողանա համակարգչում ծրագրեր և խաղեր տեղադրել, տեքստ տպել և նկարել: Կտեղեկանա նաև համակարգչային վիրուսների և հակավիրուսների մասին: Այս գրքով երեխան հեշտությամբ կյուրացնի ինֆորմատիկայի դպրոցական դասընթացը և գերազանց հաջողությունների կհասնի ուսման բնագավառում: Նախատեսված է կրտսեր և միջին տարիքի դպրոցականների համար:
«Իմ առաջին ատլասը». Երկիր մոլորակն իր աշխարհագրությամբ, քաղաքական բաժանմամբ, տնտեսությամբ, ժողովուրդների սովորություններով ու առանձնահատկություններով, արտասովոր երևույթներով ու բացառիկ իրադարձություններով… Եվ սա դեռ ամբողջը չէ: «Իմ առաջին ատլասը» գրքում ներկայացված են նաև տեղեկություններ աշխարհի ամենաերկար գետի, ամենաբարձր լեռան ու ջրվեժի, ամենակարճահասակ ազգության, ամենափոքր պետության, ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցների և այլ ամենա-ամենա-ամենաների մասին: Առավել ծավալուն են ներկայացված հայ ժողովրդի անցյալն ու ներկան, մեր պատմության ու մշակույթի կարևորագույն դրվագները:Նախատեսված լինելով երեխաների ու պատանիների համար` միաժամանակ «Իմ առաջին ատլասը» գիրք է բոլորի համար: Գիրք, որը Ձեր և Ձեր երեխաների ժամանակը կդարձնի բովանդակալից, կհարստացնի իմացական ոլորտը, աշխարհի մասին ունեցած պատկերացումները կդարձնի առավել շոշափելի և իրական: Սա...
«Իմ առաջին հանրագիտարանը. Զարմանահրաշ ճամփորդություն» գիրքը մի զարմանահրաշ ճամփորդություն է դեպի գիտելիքների ու հայտնագործությունների կախարդական աշխարհ: Փոքրիկ ընթերցողները կիմանան մարդու մարմնի կառուցվածքի և գործառույթների մասին, կգտնեն տարբեր պատմություններ հետաքրքիր իրադարձությունների ու հայտնագործությունների մասին,կբացահայտեն Տիեզերքի և Երկրագնդի, բույսերի և կենդանիների, գիտության և տեխնոլոգիայի հրաշքները: ✅Ներառում է թեմաներ, որոնց երեխաները կհանդիպեն նաև տարրական դասարաններում: ✅Տեղեկությունը համապատասխանում է երեխաների հետաքրքրություններին: ✅Մատչելի է և հաճելի քննարկել ընկերների հետ: ✅Պարզ փորձեր և առաջադրանքներ:
«Ինչու՞ հանրագիտարան».Հետաքրքիր տեղեկությունների աշխարհում. այն ամենը, ինչ պետք է իմանալ: Ֆանտաստիկ փաստեր պրպտող գլուխների համար: Զարմանահրաշ նկարազարդումներն ու հստակ բացատրությունները կօգնեն երեխաներին գտնել շրջապատող աշխարհի մասին հուզող հարցերի պատասխանները:
«Գաղտնի ծածկագիրը. Սեմյուել Մորզե». Գիտե՞ս արդյոք, որ հնարավոր է հաղորդակցվել միայն կետերի ու գծիկների միջոցով: Դա գերգաղտնի մի ծածկագիր է, որն այսօր քչերին է ծանոթ, և որը կրում է Սեմյուել Մորզեի անունը. մի մարդու, ով հայտնագործեց նաև հեռագիրը: Եթե մի օր ուզենաս տպավորություն գործել քո ընկերների վրա և դառնալ իսկական Ջեյմս Բոնդ, դու գիտես, թե ինչ է պետք անել` օգտագործել Մորզեի այբուբենը: Գրքույկը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների, ինչու չէ` նաև մեծահասակների համար:
«Զիդան. երկու կյանք». Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։ Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։
«Կրեմլի ամբողջ շքախումբը» գիրքը ներկայացնում է Ռուսաստանի ժամանակակից պատմությունը՝ Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանը (2000-15)։ Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ ու տասնյակ բացառիկ հարցազրույցներ։ Մեկտեղված փաստերի, իրադարձությունների, ինտրիգների ու հերոսների կարծիքների շնորհիվ լիարժեք է դառնում Կրեմլի ներքին կյանքի պատկերը, պարզ է դառնում Վլադիմիր Պուտինի կառավարման տրամաբանությունը։ Գրքում հավաքված են բացառիկ, նախկինում չհրապարակված փաստեր, հարցազրույցներ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտումներ անել Ռուսաստանի նախագահի կայացրած որոշումների իրական պատճառների մասին։
«Մանկական գիտադարան» մատենաշարի «Բնության և գիտության առեղծվածները» գիրքը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Շրջակա աշխարհը՝ իրերը, երևույթները, շնչավոր ու անշունչ առարկաները… ամե՜ն–ամեն ինչը, որ մեկ բառով կոչվում է բնություն, կարող է զարմացնել ու հիացնել ձեզ: Բնության առեղծվածների մասին դուք կարող եք տեղեկանալ գրքի առաջին մասում: Իսկ երկրորդ մասը ձեզ համար կբացահայտի գիտության առեղծվածները` ատոմի կառուցվածքից մինչև նանոտեխնոլոգիաներ… Նաև կիմանաք հայտնի գիտնականների գյուտերի ու հայտնագործությունների մասին, և գուցե հենց ձեզ է վիճակված ապագայում շարունակելու նրանց գործը:
«Թուրքերը և մենք» ժողովածուն ընդգրկում է հայ հասարակական-քաղաքական մտքի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի , գրող Շահան Նաթալիի (Հակոբ Տե- Հակոբյան) տարբեր տարիների ընթացքում գրած այն ուսումնասիրությունները, որոնք աղերսվում են 20-րդ դարասկզբի հայոց պատմության ամենաողբերգական իրադարձություններին՝ Հայաստանի Հանրապետության գոյամարտի ու անկման, թուրքիզմի գաղափարախոսության կոնկրետ դրսևորման ձևերի, Մեծ Եղեռնի պատասխանատուների արդարահատույցի և հարակից այլ հարցերի հետ:
«Խայտառակ արարք»-ը Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականն է՝ թուրք պատմաբանից (Թաներ Աքչամ): 1915-ին՝ համաշխարհային պատերազմի քողի տակ, ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորվեց զանգվածային սպանությունների, բռնի տեղահանության, այդ ճանապարհին սովի և տանջանքների հետևանքով։ Հայերը և աշխարհն այս ամենի համար պատասխանատու են համարում Օսմանյան իշխանություններին, սակայն Թուրքիան հերքում է Ցեղասպանության մասին բոլոր մեղադրանքներն ու պնդումները։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։ Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական և դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում և վկայություններում ցրված...
Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի գիրքը նվիրված է հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից մեկի՝ Ֆենիքս Դարբինյան ի (1924-1996) ստեղծագործությանը։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյան ի նախագծերով և քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացվել է Երևանի կենտրոնը, վերակառուցվել՝«Անի» հյուրանոցը, Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգինՄեծ շատրվանով։ Գրքում մանրամասն ներկայացված են վաստակաշատ ճարտարապետի բազմաթիվ այլ կառույցներ ու նախագծեր՝ ժամանակաշրջանի համատեքստում։ Ճարտարապետի անձնական արխիվից մեծաքանակ նյութեր, գծագրեր ու լուսանկարներ տպագրվում են առաջին անգամ։ Գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։
Լավ կլիներ, որ դու այնքան սիրեիր մաթեմատիկան, որքան նա: Գալիլեո Գալիլեյ ը հիացած էր թվերով: Նա նաև սովորություն ուներ «հարցակոխ» անել ամեն մեկին ամեն ինչի մասին: Եթե այդպես չլիներ, եթե նա լռեր, ապա գուցե չհայտնագործեր, որ, ի վերջո, Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը, ոչ թե հակառակը, ինչպես այն ժամանակներում կարծում էին բոլորը:
«Եղիցի լույս». Հրաշագործ Թոմաս Էդիսոնը բոլոր ժամանակների մեծ գյուտարարներից մեկն է: Նա դպրոց գրեթե չէր հաճախել, բայց այնքան խելացի էր, որ հարյուրավոր հայտնագործություններ արեց: Նա, ըստ էության, իսկական լամպի ջին էր: Ի դեպ, էլեկտրական լույսը մարդկանց տուն հասցնելը նրա հղացած լավագույն գաղափարն էր: Եվ, բարեբախտաբար, միակը չէր:
«Աշխարհի նկարագրությունը. Հրաշքների գիրքը» բովանդակում է XIII դարի վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյի Ուղեգրության արևելահայերեն ամբողջական թարգմանությունը՝ կատարված ֆրանսերեն վերջին լավագույն հրատարակությունից: Միջնադարյան եվրոպական գրական այս խոշոր հուշարձանը հայ ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար էջատակերին կատարված են անհրաժեշտ ծանոթագրություններ: Գիրքն ունի նաև հռչակավոր այս երկի պատմական և գրական արժանիքները ներկայացնող ամփոփ առաջաբան:
«Անցյալի անվեհեր ռազմիկները» շարքի հերոսներն անվեհեր զինվորներ են, խորհրդավոր անծանոթներ, հետազոտողներ, անխոնջ արկածներ որոնողներ և առաջամարտիկներ։ «Ոսկե հատույթ» մատենաշարը ներկայացնում է աշխարհը կլանած վտանգներն ու ճակատամարտերը, արկածներն ու գաղտնիքները, առասպելներն ու լեգենդները, հերոսություններն ու չարագործությունները։
«Երկիրը և ողջ աշխարհը. Բացահայտված Տիեզերք» գիրքը ճանապարհ է հարթում դեպի անծայրածիր Տիեզերք, պատմում է մոլորակների և արբանյակների, աստղերի ու գիսավորների, գալակտիկաների և սև խոռոչների մասին, ծանոթացնում հեռավոր աշխարհների արտասովոր գեղեցկությանը:
«Լեգենդներ, ավանդազրույցներ, առասպելներ» գիրքը ճանապարհ է հարթում դեպի հնագույն առասպելների կախարդական աշխարհը` ամենակարող աստվածների լեգենդներն ու պատմությունները, փառաբանված հերոսների և ողջ աշխարհի ժողովուրդների չբացահայտված գաղտնիքները:
«Աշխարհի զարմանահրաշ թռչունները». Բազմազան ու անսովոր է թռչնաշխարհը. այնտեղ հանդիպում են ծովահենների և ավազակների կարողություններով օժտված թռչուններ կամ այնպիսիք, որոնք մուկ են ձևանում կամ կարող են վազել ջրի վրայով, զարմանալի շինություններ կառուցել, նմանակել օձերին կամ խխունջի պես կպչել ծառերին: