Գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի՝ 1985 թվականին հրատարակված բազմաժանր վեպն է։ Վեպի կենտրոնում հերոսի բացառիկ հոտառությունն է և այն զգայական իմաստը, որ բույրերը կրում են իրենց մեջ։ Սա մի պատմություն է մարդկային հոգու ինքնության, հաղորդակցման և բարոյականության մասին։
Գլխավոր հերոսը Ժան֊Բատիստ Գրենույն է՝ 18-֊րդ դարում Ֆրանսիայում ապրող մի որբ, ով ծնվում է բացառիկ հոտառության զգացողությամբ, աշխարհը ճանաչում է բույրերով և ի վիճակի է տարբերակել գրեթե դրանք բոլորը։ Գրենույը ցանկանում է դառնալ օծանելիքագործ այն բանից հետո, երբ հանդիպում է մի երիտասարդ գեղեցկուհու, ում բույրից արբելով՝ ի վերջո սպանում է նրան։
Թարգմանված լինելով 48 լեզուներով և ունենալով 20 միլիոնից ավելի վաճառված օրինակ՝ «Օծանելիք»-ը 20-րդ դարում գերմանական ամենավաճառված վեպերից է։ Գիրքը բեսթսելլերների ցանկում է մնացել մոտավորապես 9 տարի և ունեցել է մեծապես դրական արձագանք թե՛ Գերմանիայում, և թե՛ միջազգային հարթակներում։ Վեպը հայերեն է թարգմանվել 2013 թվականին՝ Կարլեն Մատինյանը կողմից, Գյոթեի ինստիտուտի մասնակի հովանավորությամբ, հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից:
«Օծանելիք»-ի որոշ հրատարակությունների, այդ թվում նաև առաջինի, շապիկին Անտուան Վատտոյի «Յուպիտեր և Անտիոպե» կտավն է, որտեղ պատկերված է քնած կին։
Վեպը հաճախ ընկալվում է որպես Հիտլերի և նրա՝ իշխանության գալու մասին դրամատիկ պատմության այլաբանություն։
Կերպարներ
- Գրենույի մայրը – Ժան֊Բատիստ Գրենույը նրա հիգերորդ երեխան էր։ Կինը պնդում էր, որ մյուս չորս զավակները մեռած են ծնվել։ Ատամների մեծ մասը դեռ պահպանված, գլխին մի փոքր մազ մնացած և «սիֆիլիսից, հոդատապից և թոքախտից բացի այլ հիվանդություններ չունեցող» կինը դեռևս մնում էր բավականին գեղեցիկ։
- Ժան֊Բատիստ Գրենույ – Գլխավոր կերպար։ Ծնվել է 1738 թվականի հուլիսի 17֊ին՝ բացառիկ հոտառությամբ և բույրից զուրկ մարմնով։ Բույրերի և դրանց տիրելու մոլուցքը նրան դարձնում է մարդասպան, իսկ վերջում նա ինքն է դառնում իր ստեղծած օծանելիքի զոհը։
- Ժաննա Բյուսի – Գրենույի բազմաթիվ ստնտուներից մեկը, ով առաջինն է հասկանում, որ Գրենույը ոչ մի բույր չունի և պնդում է, որ կաթի հետ միասին հրեշ երեխան իրենից դուրս է քաշում ողջ կյանքը։
- Հայր Տերիե – Եկեղեցու բարեգործական միջոցների տնօրինողը։ Սկզբում նա մտածում է, որ Գրենույը սովորական անուշիկ երեխա է, բայց երբ երեխան սկսում է հոտոտել նրան, հայր Տերիեն տագնապում է և երեխային ուղարկում գիշերօթիկ կացարան։
- Մադամ Գայար – Գիշերօթիկ կացարանի տերը: Հոտառություն չունենալու պատճառով չի զգում, որ Գրենույը ոչ մի բույր չունի։ Կարծելով, թե տղան օժտված է գերբնական ունակություններով, որոշում է ազատվել նրանից և վաճառում է կաշեգործ Գրիմալին՝ որպես աշակերտ։
- Գրիմալ – Կաշեգործ։ Գրենույը նրա համար աշխատում է 8 տարեկանից մինչև վաղ պատանեկություն, մինչև որ Բալդինին վճարում է նրան ազատելու համար։
- Դեղնասալորի աղջիկը – Առաջին մոգական բույրը, որ հանդիպում է Գրենույին, և վերջինիս առաջին զոհը։
- Ջուզեպպե Բալդինի – Ծեր օծանելիքագործ, ում երբեմնի վառ հռչակը այժմ գնալով մարում էր։ Գրենույի միջոցով ձեռք բերելով հակառակորդի օծանելիքի բաղադրատոմսը, Գրենույին ծանոթացնում է օծանելիքագործության արվեստին։
- Անտուան Ռիշի – Գրասսեի երկրորդ հյուպատոսը և ամենահարուստ մարդը, Լաուրայի հայրն է։
- Լաուրա Ռիշի – Կարմրահեր գեղեցկուհի, ով Գրենույի վերջին զոհն էր։
Հնարավոր ոգեշնչում
Վեպը նմանություններ ունի սերիական մարդասպան Մանուել Բլանկո Ռոմասանտայի իրական պատմության հետ, ով սպանում էր կանանց և երեխաների և զոհերի մարմնի ճարպից օճառ ստանում, իսկ հագուստը՝ վաճառում։
Վերամշակումներ
- 2006 թվականի սեպտեմբերի 14-֊ին Գերմանիայում տեղի ունեցավ ռեժիսոր Թոմ Թիքվերի «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» ֆիլմի պրեմիերան, որը գերմանական արտադրության ամենաթանկ ֆիլմն է։
- 2010 թվականի դեկտեմբերի 5-֊ին Մոսկվայում տեղի ունեցավ «Պարֆյումեր» մյուզիքլի պրեմիերան։ Կոմպոզիտոր և երգիչ Իգոր Դեմարինին Զյուսքինդի ներկայացուցիչներից մեկի հետ երկու տարի շարունակ կապվելուց հետո վերջապես հաջողվում է ստանալ հեղինակի համաձայնությունը:
Քաղվածքներ
- Սեփական բանականությունից մարդուն օգտվելու համար անհրաժեշտ է ինքնավստահություն ու հանգիստ:
- Պատանուց այծիկի հոտ է գալիս, իսկ աղջիկը բուրում է, ինչպես ծաղիկը սպիտակ նարգիզի:-Հորացիոս
- Ա՜խ, որքան վատ է, որ ազնիվ մարդը ստիպված է հնարամտություն գործածել: Որքան ծանր է զոհաբերել այն ամենաթանկարժեքը, որ ունես՝ նման խղճուկ ձևով վարկաբեկելով սեփական պատիվը: Բայց ի՞չ կարող ես անել…
- Ոգու բոլոր մեծ սխրանքները ոչ միայն լույս, այլև ստվերներ են նետում և մարդկությանը բարեգործութունների հետ մեկտեղ բերում են նաև դառնություններ ու վշտեր:
- Տերն ուղարկում է բարի ու վատ ժամանակներ, բայց Նա ցանկանում է, որ վատ ժամանակներում մենք չդժգոհենք, չողբանք, այլ մեզ պահենք իսկական տղամարդկանց պես:
- Երբեք մի դատիր առաջին տպավորությամբ:
- Ոչ մեկին նրա հնարավորություններից վեր հնարավոր չէ պարտավորեցնել:
- – Յուրաքանչյուր արվեստի և յուրաքանչյուր արհեստի մեջ տաղանդը գրեթե ոչինչ չի նշանակում, գլխավորը փորձն է, որը ձեռք է բերվում համեստության ու ջանասիրության շնորհիվ:-Բալդինի
- Ծեր մարդկանց մոտ երբեմն լինում են տարօրինակություններ ու խենթ մտքեր:
- Աշխարհի հետ՝ աշխարհի, որում ոչ մի մարդ չլիներ, կարելի էր ապրել։
- Մարդիկ կարող են աչքերը փակել ու չտեսնել մեծությունը, սարսափը, գեղեցկությունը և փակել ականջներն ու չլսել մարդկանց կամ բառերը: Բայց նրանք չեն կարող չենթարկվել բուրմունքին: Քանզի բուրմունքը շնչառության եղբայրն է: Նա բուրմունքով կմտնի մարդկանց մեջ, և նրանք չեն կարողանա նրանից պաշտպանվել, եթե ցանկանան ապրել: Իսկ բուրմունքը ներթափանցում է ամենախորքը՝ ուղիղ սրտի մեջ, ու այնտեղ է ներմուծում համակրանքի ու արհամարհանքի, զզվանքի ու հրապուրանքի, սիրո ու ատելության մասին անպայմանական դատողությունը: Ով տնօրինում է հոտը, նա տնօրինում է մարդկանց սրտերը:
- Որոշ ժամանակ նա նստած մնաց մտախոհ հանգստության մեջ ու խոր ներքաշումներով ներշնչում էր խունկով հագեցած օդը: Եվ կրկին ինքնագոհ քմծիծաղն անցավ նրա դեմքով: Այնուամենայնիվ, որքան խղճուկ բուրմունք ունի այդ Աստվածը: Որքան ծիծաղելիության աստիճան տհաճ հոտ է տարածում: Այն, ինչը ծխում էր խնկամանների մեջ, նույնիսկ իսկական խունկ էլ չէր: Դա վատորակ փոխնյութ էր՝ լորենու ածխի, դարչինի ու բորակի խառնուրդով: Աստված գարշահոտ էր արձակում: Աստված փոքրիկ, խղճուկ գարշահոտ արձակող էր: Նրան խաբում էին՝ այդ Աստծուն, կամ հենց Նա էր խաբեբա, ճիշտ այնպես, ինչպես Գրենույը, միայն թե շատ ավելի վատը:
- Սակայն Ռիշիի իրական հարստությունը նրա դուստրն էր: Աղջիկը նրա միակ երեխան էր՝ ծննդյան օրից ուղիղ տասնվեց տարեկան, մգոտ-շիկահեր ծամերով ու կանաչ աչքերով: Նրա դեմքն այնքան սքանչելի էր, որ ցանկացած սեռի ու տարիքի այցելուները քարանում ու այլևս չէին կարողանում աչք կտրել նրանից, նրանք ուղղակի աչքերով լիզում էին նրա դեմքը, ինչպես պաղպաղակն են լիզում, և դրա հետ մեկտեղ նրանց մոտ հայտնվում էր նմանատիպ զբաղմունքի համար բնորոշ հիմարավուն կենտրոնացվածության արտահայտություն: Անձամբ Ռիշին, տեսնելով իր դստերը, իրեն բռնում էր այն մտքի վրա, որ որոշ ժամանակով՝ քառորդ ժամով կամ միգուցե կես ժամով, մոռանում էր ողջ աշխարհը և իր բոլոր գործերը, ինչը նրա հետ ընդհանրապես տեղի չէր ունենում նույնիսկ երազում, ամբողջովին լուծվում էր փառահեղ դստեր դիտահայման մեջ և հետո չէր կարողանում ասել, թե ինչով էր ինքն այդքան զբաղված: Իսկ որոշ ժամանակից ի վեր երեկոյան ժամերին, երբ դստերը պառկեցնում էր անկողին, կամ երբեմն առավոտյան ժամերին, երբ գալիս էր նրան արթնացնելու, իսկ դուստրը դեռևս պառկած էր քնած, կարծես Տեր Աստված էր նրան օրորել-քնեցրել, և գիշերային հագուստների քողի տակ կռահվում էին նրա ազդրերի ու կրծքերի կառուցվածքները, իսկ շապիկի բացվածքի միջից, պարանոցից, թևատակերի կորություններից, արմունկների տակի փոսիկներից ու հարթ ձեռքերից, որի վրա հանգչում էր նրա դեմքը, շիթվում էր նրա հանգիստ ու տաք շնչառությունը… Նա սրտնեղությամբ զգում էր, որ ներսում ինչ-որ մի բան խղճալի սեղմվում էր, բռնում էր կոկորդից ու ստիպում թուքը կուլ տալ, և, ողորմած Աստված, նա անիծում էր իրեն, որ այդ կնոջը հայր էր գալիս, այլ ոչ թե օտար ինչ-որ մի կողմնակի տղամարդ, ում առջև կպառկեր հենց այսպես, ինչպես պառկած է հիմա իր առջև, իսկ ինքը կկարողանար պառկել նրա մոտ, նրա վրա տիրանալու իր ողջ ծարավով: Եվ նա սկսում էր քրտնել, և նա դողում էր ողջ մարմնով՝ խեղդելով իր մեջ այդ հրեշավոր միտքը, ու խոնարհվում էր նրա վրա, որպեզի մաքրաբարո հայրական համբույրով արթնացնի նրան…
Reviews
There are no reviews yet.