Անգլիացին վերադարձրեց գիրքը գրադարան… 48 տարի ուշացումով
![Englishman-book](https://bookmark.am/app/uploads/2021/01/Englishman-book.jpg)
Բրիտանական «Basingstoke Gazette» հրատակաության փոխանցմամբ՝ հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել Անգլիայի Հեմփշիր կոմսությունում գտնվող Բեյզինգսթոք քաղաքի գրադարանում: Այստեղ քաղաքացի վերադարձրել է գրադարանի գրքերը դրանք ստանալուց 48 տարի հետո:
Հրատարակությունը գրում է, որ «Basingstoke Discovery Centre» քաղաքային մանկական գրադարանի տնօրինությունը վերջերս երկու գրքերով ծանրոց է ստացել: Դրանցից մեկը Թրեվին Քոփլսթոունի ճարտարապետության մասին գիրքն էր («Սովորում են միասին գունավոր ճարտարապետություն. շինարարության մեծ արվեստը»): Մյուսը «Փոքրիկ երկաթգծյա շոգեքարշներ» գիրքն էր Ուիլբերտ Օդրիի հեղինակությամբ, ով երեխաների համար նախատեսված «Շոքեքարշիկ Թոմաս» շարքի հեղինակն է: Պարզվեց, որ այս գրքերը գրադարանը տրամադրել է դեռ 1972 թվականին:
Ծանրոցում կար նաև գրություն, որում ասված էր, որ գրքերը վերադարձնում է «Էնդին»: Թղթի վրա նաև գրված էր. «Մենք միամտաբար վերցրեցին այս գրքերը մեզ հետ, երբ 1972 թվականին տեղափոխվեցինք այլ քաղաք: Ներողություն եմ խնդրում ուշ վերադարձնելու համար»:
Գրադարանի աշխատակիցները ետադարձ հասցե չունեին, այնպես որ իրենց շնորհակալությունը հայտնեցին քաղաքային թերթի միջոցով, գրելով՝ «Ձեր գրությունը ստիպեց մեզ ժպտալ»: