Կոստան Զարյան
Հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ
(1885 – 1969)
Կոստան Զարյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Հայրը՝ Քրիստափոր Եղիազարովը, եղել է ցարական բանակի գեներալ։ 1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրել հրատարակել է տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն և այլն։
Առաջին գիրքը՝ «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։ Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա։ Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկել, որից Կոստան Զարյանը հրաժարվել է։