Ժան-Ժակ Ռուսո
Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մանկավարժ, կոմպոզիտոր և գրող
(Ծնվ․ 1712 – 1778)
Ժան-Ժակ Ռուսոն ֆրանսիական լուսավորության ամենաազդեցիկ գործիչներից մեկն է: Ծնվել է աղքատ ժամագործի ընտանիքում։ Շատ վաղ հասակում զրկվել է ծնողներից, իսկ հարազատները չեն մտահոգվել նրա կրթության ու դաստիարակության հարցերով: Ռուսոն թափառաշրջիկ կյանք է վարել, շրջագայել է Շվեյցարիայի քաղաքներն ու գյուղերը, հարուստ ընտանիքում աշխատել որպես սպասավոր, որոշ ժամանակ սովորել աբբայի մոտ, ապա հոգևոր սեմինարիայում, աշխատել է երաժշտական դպրոցում: Ամենուր ուժերը փորձելով՝ նա ամենուր կիսատ է թողել սկսած գործը: Սակայն այս թափառաշրջիկ կյանքը Ժան-Ժակ Ռուսոյին հնարավորություն է տվել մոտիկից ծանոթանալու ժողովրդի իրավազուրկ վիճակին, անձամբ տեսնելու և զգալու ֆեոդալական հասարակարգում թագավորող սոցիալական անհավասարություններն ու անարդարությունները: Այս հանգամանքն էլ նրա մոտ ատելություն է ձևավորել ազնվականության ու հոգևոր դասի նկատմամբ: