Արթյուր Ադամով
Ազգությամբ հայ, ֆրանսիացի արձակագիր և դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկը
(Ծնվ․ 1964)
Ադամովը ընդհատումներով սովորում է Շվեյցարիայում, Գերմանիայում ու Ֆրանսիայում։ Ապագա դրամատուրգին վիճակված էր ապրելու տարագրության բոլոր դառնություններն ու զրկանքները, որոնք էլ որոշիչ նշանակություն ունեցան նրա աշխարհայացքի ձևավորման գործում։ Եվ սյուռեալիզմի ոգով գրված առաջին բանաստեղծությունները երիտասարդ մտավորականի հոռետեսական ու անկումային տրամադրությունների արտահայտությունն էին։ 20-ականների ավարտին հարելով սյուռեալիստական ուղղությանը՝ Ադամովը բարեկամանում է Պոլ Էլուարի հետ։
30-ական թվականներին Ադամովը մասնակցում է Ֆրանսիայում գլուխ բարձրացրած ֆաշիստական խմբավորումների դեմ մղվող պայքարին։ Գերմանական օկուպացիայի տարիներին շուրջ կես տարի անցկացնում է Արժելեի համակենտրոնացման ճամբարում։ Հետագայում հրապարակված «Սոսկալի օրագիրը» (1943) և «Խոստովանություն» (1946) ինքնակենսագրական վիպակը կյանքի էին կոչված այդ շրջանի տպավորություններով։ 40-ականների ավարտը Ֆրանսիայի թատերական կյանքում նշանավորվեց ավանգարդիստական մի նոր ուղղության՝ աբսուրդի թատրոնի ստեղծմամբ։ 1953 թվականին Փարիզում ներկայացվեց ծագումով իռլանդացի Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը։ Դրամատիկական այդ ստեղծագործության կենտրոնական հերոսները անհյուրընկալ ու թշնամի աշխարհում մոլորված Վլադիմիրն ու Էստրագոնն են, որոնք սպասում են Գոդոյին։