Հրաչյա Աճառյան
Ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
(1876 – 1953)
Ծնվել է Կոստանդնուպոլիսում՝ կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակերտել է Անտուան Մեյեին։ 1897 թվականին Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվականին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մեկ կիսամյակ լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թվականին Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։