Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմն այս գրքույկում ներկայացված է հինգ լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Պոեմը գրելիս ամենայն հայոց բանաստեղծը ոգեշնչվել է գեղեցկուհի Թամարի և նրա սիրեցյալի սիրո հուզիչ պատմության մասին հին հայկական լեգենդից:
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն և այդ հեքիաթների մուլտֆիլմերի տեսասկավառակը (DVD): Ժողովածուն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ.Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի մոտիվով նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակը:
Մանկական վիպակ 0-ից մինչև 100 տարեկան երեխաների համար: Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախությամբ և խաբեբայությամբ զբաղվել, մի խոսքով՝ անազնիվ չի կարելի լինել: Չի կարելի նաև պարսատիկով թռչուններին ու կենդանիներին հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, աղբյուրի ակունքը կեղտոտել… Եվ, իսկապես, ինչքա՜ն բան կա մեր կյանքում, որ չի կարելի անել, իսկ եթե արդեն արել ես այդ արաքներից մեկը, ապա անպայման դու, որպես մարդ, այնքան կփոքրանաս, որ քեզ այլևս ոչ ոք չի նկատի, և ընդհանրապես կկորչես, ինչպես այս գրքի Մուշեղ անունով տղան, որին փրկելու համար երկար ու դժվար ճանապարհ պետք է անցնել:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
Գրքում ներկայացված են հայասպանության` ամենացեղասպան ցեղասպանության հարցերի քննարկումները աշխարհի տասը լեզուներով: Լուսաբանված են արաբական պատմագիտության կողմից հայոց ցեղասպանությանն անդրադառնալու դրդապատճառները և այդ հիմնախնդրին նվիրված արաբական պատմագիտական գրականության դասաբաժանումը: Մենագրությունը հասցեագրված է հայ ժողովրդի պատմության մասնագետներին, արաբագետներին, թուրքագետներին և ընդհանրապես արևելագետներին, միջազգայնագետներին, ցեղասպանագետներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են պատմության հարցերը:
Գրքում ներկայացված տասը հայ ականավոր թագուհիներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Նյութը շարադրված է գիտահանրամատչելի լեզվով: Որպեսզի ընթերցողը հեշտությամբ կարողանա մանրամասներ գտնել ներկայացված ականավոր թագուհիների մասին, յուրաքանչյուր ակնարկից հետո նշված են հիմնական աղբյուրներն ու ուսումնասիրությունները:
Գրքում ներկայացված տասը հայ ականավոր արքաներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Գիրքը շարադրված է գիտահանրամատչելի լեզվով: Որպեսզի ընթերցողը հեշտությամբ կարողանա մանրամասներ գտնել ներկայացված ականավոր արքաների մասին, յուրաքանչյուր ակնարկից հետո նշված են հիմնական աղբյուրներն ու ուսումնասիրությունները
Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…
Գիրքն աչքի է ընկնում մի յուրահատկությամբ: Սովորաբար նկարիչները գեղարվեստական գրքեր ձևավորելու նպատակով նախ ծանոթանում են դրանց բովանդակությանը՝ աշխատելով հնարավորինս հարազատ մնալ հեղինակի մտահղացումներին: Մինչդեռ ճանաչված գրող Էլդա Գրինը գրքում ընդգրկված պատմվածքները ստեղծել է նկարիչների կտավների ազդեցության տակ՝ արտահայտելով իր անհատական ընկալումներն ու զուգորդումները, տալով նկարների բովանդակության իր մեկնաբանությունները: Բոլոր նկարները ներկայացված են համապատասխան պատմվածքներում: