Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդ աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերների՝ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտելու մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ–որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թերևս ամենաարտասովոր ստեղծագործություններից մեկը ի ցույց է դնում պատերազմի արհավիրքները պարադոքսային տրամաբանությամբ, ինքնահակասող սիլոգիզմներով ու վառ, գունեղ, գրեթե շոշափելի կերպարներով: Պատերազմական անելանելիությունը և ահռելի ողբերգության մեջ ծաղկող մարդկային խարդախությունը վեպում ներկայացվում են սև հումորի և աբսուրդային իրավիճակների միջոցով: Վեպի ժամանակագրորեն կտրտված գլուխները հավելյալ լարումով պատկերում են մտացածին 256–րդ ավիաջոկատի մարտական օդաչուների կյանքը պատերազմի ժամանակ, որտեղից ողջ դուրս պրծնելու միակ տարբերակը չմահանալն է, իսկ չմահանալու համար պետք է հաջողել ողջ մնալ, ու հենց այստեղ է ծուղակը:
«Ծաղրասարյակ սպանելը…» վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը: Եվ ի վերջո, տող առ տող, վեպի ասես պարտադրող ինքնաքննության ճանապարհով համաձայնում ես երեխայի այն վերլուծությանը, որին նա հանգում է երեք տարվա փորձառության, իսկ դու` ընթերցանությունից ստացած հոգեկան փորձի արդյունքում. «Մենք դեռ էլի ենք մեծանալու, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել… թերևս միայն հանրահաշիվ»:
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:
Մարդկային տարօրինակ ու կործանարար հարաբերությունների պատմություն, որտեղ կարեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը՝ դառնում ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը: Ֆիցջերալդի այս վեպը գրեթե մեկ դար հեռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված երջանկության հմայքով: