Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սերոբի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ սեփական վարք ու բարքին: Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, սակայն քննարկման արդյունքում որոշվում է, որ նրա պատրաստած նյութը չի համապատասխանում ժամանակի գաղափարախոսությանը և պիտի ենթարկվի փոփոխությունների։ Վիպակը Լևոնի և նրան շրջապատող մարդկանց ապրած և չապրած տարիների մասին է: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել։ Լևոնի համադասարանցիներից միայն չորսն են գալիս նրա կազմակերպած հերթական հանդիպմանը: Վեպը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ Տաթևիկին, որն աշխատում է այն դպրոցում, որում սովորում էին Հասմիկն ու Սերոբը, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, որն իր մեջ սպանել էր բանաստեղծին և զբաղվում էր հաշվապահությամբ, Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին, թերթի խմբագրին, թերթի տնօրենին և ուրիշներին։
Նրանք բոլորն էլ ունեն ընտանիք, աշխատանք, ընկերներ, հոգսեր, նպատակներ, հանդիպում են ընկերների հետ, ուտում, խմում։ Սակայն հարց է. ապրու՞մ են արդյոք:

Վարդգես Պետրոսյանը վիպակը գրել է 1967-68 թվականներին։ Հեղինակը վեպը նվիրել է եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։

Մեջբերումներ

  • Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները:
  • Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչե՞ն հուշերի մեղուները: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:
  • Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը, նշանակում է ծերանում են:
  • Փակեց աչքերը: Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:
  • Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հնարել են մարդիկ: Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար: Մութ չկա:
  • Առհասարակ եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը: Ինչ հետաքրքիր բան կստացվեր, կողք կողքի, իրար հետևից` ինչ տարբեր բաներ կլինեին: Հանկարծ պատկերացրեց այդ կինոժապավենը, թեկուզ մարդու մի օրվա մասին, թեկուզ… Ըստ այդ կինոնկարների, մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլինի իսկականը, ինչ մտածում են: Առհասարակ եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում: Մարդկանց միջև տարբերությունները դրանից են:
  • Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով:
  • Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը:
  • Ամենից հաճախ նա վախենում Էր անհեթեթ մտքերից, դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում:
  • Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:
  • Ճարտարապետ լիներ, աշխարհի բոլոր պատերը ապակուց կաներ, որ մարդիկ ապրեին բաց, մերկ, որ չձևանային, չորս պատը պատյան չդարձնեին:
  • Բոլորն էլ կարոտում են բնական վիճակների, ամենքին էլ երևի ճնշում են պայմանականությունները, ձևանալը:
  • Խմել և քնել – երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:
  • Փիլիսոփայում են նրանք, ովքեր չեն կարողանում ապրել:
  • Մարդը կենդանիներից տարբերվում է ոչ թե մտածելու, այլ զգալու ընդունակությամբ: Չզգալ` այսինքն չսիրել, չսպասել, չատել, չտխրել, չհուսահատվել, չափսոսալ: Սարսափելի կլիներ: Ով գիտե, շատ կենդանիներ գուցե և մտածում են, օրինակ, դելֆինները, բայց իսկապես զգալ միայն մարդն է ընդունակ:
  • Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է:
  • Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:
  • Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:
  • Բայց մի՞թե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել:
  • Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները:
  • Անցած կյանքը նման է հին ջրաղացի. կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել` ինչքան ուզես: Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացաքարերը կսկսեն պտտվել. ցորենն ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկներով:
  • Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը: Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումով:
  • Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում՝ մարդիկ կարող են:
  • Մարդկանց թվում է, թե լավ գիտեն իրենց հարազատներին:
  • Ուժը փոխում է կնոջը, նրան դարձնում է ուրիշ:
  • Դդումն է հասունանում, մարդը ծերանում է:
  • Երևի այնքան էլ բարի բան չէ` հիշեցնել կորցրածը:
  • Ուզում էր, որ երկարի ճամփան, բայց ճամփան զսպանակ չի, որ ձգես:
  • Սու՛տ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: Ուրիշ ոչինչ:
  • Եվ ժամանակը փոխում է ինձ մսե մոխրամանի: Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը: Կամաց-կամաց: Կամ արագ:
  • Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ:
  • Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի նաև հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից: Հոգին էլ, ինչպես մարմինը, գուցե նաև նստում է, կռանում, թավալվում: Դատարկ բան է, պարզապես մարդը երբեմն կարիք ունի մենակ մնալու ինքն իր հետ, ինքն իր դեմ, ճեղքվելու` ինչպես ատոմի միջուկը:
  • Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:
  • Մարդ իր կյանքի ամեն օրը պիտի ապրի այնպես, ինչպես եթե դա իր կյանքի վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:
  • Սև ակնոցը ոչ թե արևից պաշտպանվելու համար է, այլ ծանոթներից:
  • Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:
  • Երեսունհինգ-քառասուն տարեկանից հետո հիշողությունը միայնակ կնոջ է նման. հեշտ է դավաճանում:
  • Լևոնը մտածեց, որ մարդու կյանքը կամաց-կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները: Լուցկու այրված հատիկը կարող ես և փողոց նետել, ապրած օրերդ մնում են: Ու մի օր էլ` կյանքդ դառնում է լուցկու տուփ` միայն այրված հատիկներով:
  • Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ապրած և չապրած տարիներ | Վարդգես Պետրոսյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են