Գլխավոր հերոսը Չառլի Գորդոնն է՝ 37-ամյա հատակ մաքրող, որ ծառայում է պլաստիկ տարաների արտադրությունում (վեպում՝ 32-ամյա մտավոր հետամնաց, որ մաքրություն է անում հացաթխման գործարանում)։ Նա կամավոր կերպով մասնակցում է ինտելեկտի բարելավման փորձին։
Ինտելեկտի արհեստական բարելավումը վիրահատության միջոցով երկու գիտնականների՝ դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար իսկական բացահայտում է։ Էլջերնոն մականվամբ մկան հաջող վիրահատությունից հետո նրանք որոշում են նմանատիպ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու հետ։ Ընտրությունը կանգնում է Չառլիի վրա, որովհետև նա ցանկանում է ավելի լավ կարդալ ու գրել, դառնալ ավելի խելացի…

Դանիել Քիզի գիտաֆանտաստիկ պատմվածքն է։ Սկզբնապես հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Ստացել է «Հյուգո» մրցանակը՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։
Հետագայում Քիզը լրացրեց պատմվածքը՝ դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որ ստացավ «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։

Պատմություն

Վեպի գաղափարը ձևավորվել է 14 տարի շարունակ և անընդհատ թեման զարգացել է Քիզի կյանքում կատարվող տարբեր իրադարձություններով։ Ամեն ինչ սկսվել է 1945 թվականին՝ ծնողների հետ վեճից հետո․ նրանք ցանկանում էին, որ իրենց որդին գնա բժշկության մասնավոր դասերի, մինչդեռ որդին պարզապես ցանկանում էր գրող դառնալ։ Նա զգում էր, որ կրթությունը պատնեշ է դառնում իր և ծնողներ միջև, և այդ հարցը նրան բերեց ինտելեկտի մեծացման խնդրին։ Հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել 1957 թվականին, երբ Քիզը անգլերեն էր դասավանդում սահմանափակ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող երեխաների դպրոցում. աշակերտներից մեկը նրան մի անգամ հարցրեց, թե կկարողանա՞ արդյոք փոխադրվել սովորական դպրոց, եթե ջանասիրաբար աշխատի և խելացի դառնա։
Գրքի այլ կերպարները ևս Քիզի կյանքից են։ Էլջերնոնը ոգեշնչված էր համալսարանի նախապատրաստական դասերով, իսկ նրա անունը վերցված էր բանաստեղծ Չառլզ Ալջերնոն Սուինբերնից։ Գիտնականներ Նեյմուրի և Շտրաուսի կերպարները նույնպես Քիզի կյանքից են։ Նրանք այն գիտնականներն են, որոնց հանդիպել է գրողը հոգեվերլուծությունը ուսումնասիրելու ժամանակ:
1958 թվականին Քիզը բերեց իր պատմվածքը Galaxy Science Fiction ամսագիր, որտեղ խմբագիրը նրան առաջարկեց փոփոխել վերջաբանը։ Նոր վերջաբանում Չառլին պիտի պահպաներ իր ինտելեկտը, ամուսնանար Ալիսա Քենիանի հետ և ապրեր երկար ու երջանիկ։ Քիզը հրաժարվեց փոփոխություններից և վաճառեց պատմվածքը Fantasy & Science Fiction ամսագրին:
1962 թվականից մինչև 1965 թվականը Քիզն աշխատում էր իր պատմվածքի հիման վրա վեպ ստեղծելու ուղղությամբ. սկզբում նա փորձում էր այն վաճառել Doubleday-ին, բայց այդ հրատարակչությունում, ինչպես նաև հաջորդ հինգում, նրան մերժեցին և առաջարկեցին փոխել վերջաբանը։ Վերջիվերջո, գիրքը հրատարակվեց Harcourt Trade Publishers ընկերության կողմից 1966 թվականին։

Էկրանավորումը և թատերական ներկայացումները

1968 թվականին ԱՄՆ-ում նկարահանվեց «Չառլի» ֆիլմը, վերջինիս համար Քլիֆ Ռոբերտսոնը «Օսկարի» արժանացավ։ Ֆիլմը նաև «Ոսկե գլոբուս» և մի քանի այլ մրցանակներ ստացավ։
2000 թվականին սկսեցին ցուցադրել «Ծաղիկներ Էլջերնոնի համար» հեռուստատեսային ֆիլմը Մեթյու Մոդայնի մասնակցությամբ։
2006 թվականին Ֆրանսիայում նկարահանվեց «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարներն էին Ժյուլյեն Բուասելյեն և Էլեն դե Ֆուժրոլն։
2007 թվականին Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնում «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի հիման վրա բեմադրվեց «Ծաղիկներ Չառլիի համար» ներկայացումը։ Ռեժիսորը Իսնակդեր Սակաևն էր։
2013 թվականի հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնում տեղի ունեցավ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ներկայացման պրեմիերան։
Այս սյուժեն օգտագործվել է նաև «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» («Ծաղիկներ Չառլիի համար»՝ 8 սերիա 9 եթերաշրջան) հումորային սերիալում։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ծաղիկներ Էլջերնոնի համար | Դենիել Քիզ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են