Մարսյան քրոնիկոնը 1950 թվականին հրատարակված գիտաֆանտաստիկ վեպ-պատվածաշար է: Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին: Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը: Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև: Այստեղ զետեղված են նաև Բրեդբըրիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները: Վերջիններս հեղինակի՝ նույն թեմային առնչվող նոր պատմվածքների հետ ի մի են բերվել՝ որպես մեկ ամբողջական գիրք հրատարակվելու համար:

Կոմպոզիցիա

Գրքի կոմպոզիցիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել Շերվուդ Անդերսոնի «Վայնսբուրգ, Օհայո» և Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» ստեղծագործությունները: Բրեդբերին գիրքն անվանել է «վեպի զարմիկ» և «վեպ ձևացող պատմվածաշար»: Այս առումով կառուցվածքը նման է Բրեդբերիի մեկ այլ պատմվածաշարի՝ «Պատկերված մարդը» գրքի կառուցվածքին, որը ևս նույն թեմային առնչվող պատմվածքների հավաքածու է: «Մարսյան քրոնիկոն»-ը ապագայի պատմություն է: Ինքնին ամբողջական պատմվածքները ավելի ընդհանրական թեմայի առանձին էպիզոդներ են: Ամբողջական կոմպոզիցիան կազմված է երեք մասից, որոնք առանձնանում են երկու աղետով. մարսեցիների գրեթե ոչնչացումն ու դրան զուգահեռ գրեթե անհետացող մարդկային ռասսան: Առաջին մասը, որ տեղի է ունենում 1999 թվականի հունվարից մինչև 2000 թվականի ապրիլ, նկարագրում է, թե ինչպես են երկրացիները փորձում հասնել ու հաստատվել Մարսում, և թե ինչպես են մարսեցիները կասեցնում նրանց փորձերը: «…Եվ դրսում լո՜ւյս է սպիտակ» պատմվածքում չորրորդ արշավախմբի անդամները պարզում են, որ նախորդ արշավախմբերից մեկի բերած վիրուսի համաճարակի պատճառով բոլոր մարսեցիները վերացել են: Այս անսպասելի շրջադարձով սկսվում է երկրորդ մասը, որ տեղի է ունենում 2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 նոյեմբեր: Այս ընթացքում երկրացիները հետզհետե գաղութացնում են Մարսը՝ փորձելով այն դարձնել երկրորդ Երկիր և երբեմն-երբեմն հանդիպում են ողջ մնացած սակավաթիվ մարսեցիների: Բայց Երկիր մոլորակը կանգնած է միջուկային պատերազմի վտանգի առաջ: Գրեթե բոլոր երկրացիները լքում են Մարսը և վերադառնում Երկիր: Սակայն պատերազմի պատճառով Մարսի և Երկրի միջև կապը կտրվում է: Երրորդ մասը, որ նկարագրում է 2005 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հոկտեմբեր տեղի ունեցած իրադարձությունները, ներկայացնում է հետպատերազմյա կյանքը և ավարտին հասցնում դեռևս «…Եվ դրսում լո՜ւյս է սպիտակ» պատմվածքում նախանշված վախճանը. երկրացիները դառնում են նոր մարսեցիներ:

Հրատարակման պատմություն

Միացյալ թագավորությունում գիրքը 1951 թվականին հրատարակվել է «Արծաթյա մորեխները» վերնագրով և մի փոքր այլ բովանդակությամբ: Որոշ հրատարակություններում «Աշեր II» պատմվածքի փոխարեն զետեղվել է «Հրե օդապարիկներ» պատմվածքը: Իսպաներեն տարբերակում յուրաքանչյուր պատմվածքի սկզբում առկա են արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի կողմից գրված նախաբաններ: 1979 թվականին «Bantam Books»-ը հրատարակեց գրքի փափուկ կազմով տարբերակը՝ Իեն Միլլերի նկարազարդումներով:

Բովանդակություն

Հրթիռի ամառ (հունվար, 1999)

Առաջին անգամ հրատարակվել է «Մոլորակի պատմություններ»-ում, 1947 թվականի գարնանը:
Գրքի պատմվածքները դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ՝ 1999 թվականի հունվարից սկսած, երբ արձակվում է առաջին հրթիռը: Նկարագրվում է, թե ինչպես է հրթիռի ջերմության պատճառով Օհայոյի ձմեռը կարճ ժամանակում վերածվում ամռան, և թե ինչպես են քաղաքի բնակիչներն արձագանքում դրան:

Իլլա (փետրվար, 1999)

Առաջին անգամ հրատարակվել է 1950 թվականի հունվարին:
Տեղափոխվում ենք Մարս, մարսեցիները նկարագրվում են որպես շագանակագույն մաշկ, դեղին աչքեր և կարմրադարչնագույն մազեր ունեցող արարածներ: Իլլան մարսեցի կին է, ով երջանիկ չէ ամուսնու հետ և հեռազգացության միջոցով երազներ է տեսնում տիեզերագնացների մասին: Ամուսինը, չնայած որ ժխտում է երազների իրական լինելը, տարվում է հիվանդագին խանդով՝ զգալով, որ կինն անտարբեր չէ տիեզերագնացներից մեկի նկատմամբ: Ձևացնելով, թե որսի է գնում, նա վերցնում է հրացանը, գնում դաշտ և սպանում նոր ժամանած Նաթյանել Յորքին:

Ամռան գիշեր (օգոստոս, 1999)

Առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականի ձմռանը:
Կարճ էպիզոդում նկարագրվում է, թե ինչպես են Մարսի բնակիչներն Իլլայի նման հետզհետե հաղորդակից դառնում երկրացիներին, նրանց մշակույթին, լեզվին, սկսում են նվագել և երգել ամերիկյան երգեր՝ առանց գաղափար ունենալու, թե դա ինչի հետևանքով է:

Երկրաբնակները (օգոստոս, 1999)

Առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականի օգոստոսին:
Այս պատմվածքը Մարս ժամանած երկրորդ արշավախմբի մասին է, որ բաղկացած է 4 անձից: Տիեզերագնացները ժամանում են և ապշում, երբ մարսեցիներից ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրանց վրա: Միայն մի շինության ներսում ապրող մարդիկ են, որ ծափահարություններով ողջունում են նրանց: Այդ մարդկանցից ոմանք պնդում են, որ եկել են Երկրից կամ Արեգակնային համակարգի այլ մոլորակներից: Կապիտանը կամաց-կամաց հասկանում է, որ հեռազգացության շնորհիվ մարսեցիները կարող են տեսնել մյուսների ստեղծած պատրանքները, և որ իրենց գցել են հոգեբուժարան: Հոգեբույժը՝ պարոն Xxx-ը, ապշում է կապիտանի ստեղծած պատրանքների հատկանիշների վրա և գալիս այն եզրակացությանը, որ նրան բուժելու միակ ձևը սպանելն է: Նա սպանում է կապիտանին և անձնակազմի մյուս երեք անդամներին: Բայց քանի որ հրթիռի պատկերը չի անհետանում, բժիշկը կարծում է, թե ինքն էլ է խելագարվել: Նա ինքնասպան է լինում:

Հարկատուն (մարտ, 2000)

Առաջին անգամ հրատարակվել է «Մարսյան քրոնիկոն»-ում:
Մի մարդ պնդում է, որ քանի որ հարկատու է, նա պետք է հաջորդ հրթիռով Մարս գնա: Մոտալուտ միջուկային պատերազմի պատճառով նա անպայման ուզում է փախչել Երկրից: Սակայն նրան թույլ չեն տալիս բարձրանալ հրթիռ:

Երրորդ արշավախումբը (ապրիլ, 2000)

Առաջին անգամ հրատարակվել է «Մարսը դրախտ է» վերնագրով, 1948 թվականի աշնանը:
Նկարագրվում է ամերիկացիների երրորդ արշավախմբի ժամանումն ու մահը: Այս անգամ մարսեցիները պատրաստված են: Երկրացիները ժամանում են 192Օ-ականների ոճով կառուցված փոքրիկ քաղաք, որտեղ բնակվում են անձնակազմի 16 անդամների՝ վաղուց մահացած հարազատները: Երջանկությունից կուրացած երկրացիները անտեսում են կապիտանի հրահանգները, լքում են հրթիռը և միանում ընտանիքի անդամներին: Օգտագործելով եկվորների հիշողությունները՝ մարսեցիները նրանց տանում են «մանկության տները», որտեղ էլ գիշերվա կեսին սպանում են բոլոր 16 անդամներին: Առավոտյան 16 տներից 16 դագաղներ են հանվում, իսկ թաղման ժամանակ ողբում են երբեմն՝ մարդկային, երբեմն՝ մեկ այլ բանի տեսքով արարածները:

…Եվ դրսում լո՜ւյս է սպիտակ(հունիս, 2001)

Առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականի հունիսին:
Մարս է ժամանել չորրորդ արշավախումբը: Անդամները հայտնաբերում են, որ բոլոր մարսեցիները մահացել են նախորդ արշավախմբերից մեկի բերած ջրծաղիկի վիրուսի պատճառով: Հնէաբան Սպենդերից և Կապիտան Վիլդերից բացի բոլորը գնալով աշխուժանում են: Սպենդերը անասելի բարկանում է, երբ անդամներից մեկը դատարկ շշեր է նետում կապույտ ջրանցքի մեջ, և նրան նետում է ջուրը: Կապիտանի հետ զրույցի ժամանակ Սպենդերն ասում է, որ երկրացիները կկործանեն Մարսը, քանի որ «նրանց մոտ լավ է ստացվում ահռելի ու հիասքանչ բաներ կործանելը»: Նա լքում է արշավախումբը և գնում Մարսի ավերակներն ուսումնասիրելու:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մարսյան քրոնիկոն | Ռեյ Բրեդբերի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են