Կարեն Սվասյանի այս գիրքը ժամանակակից փիլիսոփայության ականավոր դեմքերից մեկի՝ Կարեն Սվասյանի տարբեր տարիներին գրված հոդվածների ժողովածու է:

Նրա ուսումնասիրությունների առարկան փիլիսոփայության պատմությունն է, մշակութաբանությունը և ճանաչողության տեսությունը։ Անգնահատելի է նրա կատարած աշխատանքը գրականագիտության և թարգմանության ասպարեզներում։ Նա այն սակավաթիվ փիլիսոփաներից է, ում միտքը նոր լիցք է հաղորդում և նորանոր հեռանկարներ է բացում ժամանակակից փիլիսոփայության և անտրոպոսոֆիական գիտության ասպարեզում։

Կարեն Սվասյանի փիլիսոփայական հայացքների համար բնութագրական է դրանց առնչակցությունը մի կողմից փիլիսոփայության և մշակույթի պատմությանը, մյուս կողմից՝ փիլիսոփայական-անտրոպոլոգիական հիմնախնդրին։ Ըստ այդմ ինքը՝ փիլիսոփայության պատմությունը դիտարկվում է իբրև գիտակցության ճակատագրերի պատմություն, բայց ոչ թե՝ հեգելյան-երևույթաբանական հայեցակետով ընդհանրապես գիտակցության, այլ ավելի շուտ՝ Է. Հեկկելի՝ ինչ-որ հաջորդական և առավել բարձր՝ հոգևոր մակարդակով շարունակվող արարչության բնական պատմության իմաստով։ Այսպես հասկացված՝ նախասոկրատականներից և Պլատոնից մինչև Հարտման, Շտիռներ և Նիցշե ձգվող փիլիսոփայության նպատակը ոչ թե աշխարհը իմաստավորելն է, այլ – դրա միջոցով – մարդկային անհատականության ինքնաբացահայտումը և ինքնազարգացումը։ Եթե զարգացման տեսության իմաստով արարչագործության պսակը մարդն է՝ իբրև կենսաբանական առանձնյակ, ապա անխուսափելիորեն բարձրանում է մարդու՝ իբրև այդպիսինի մեջ արարչագործության պսակի հարցը։ Այդ հարցը՝ իր՝ մարդու մեջ, ի՞նչն է բարձրակետում բուն մարդկայինը, ինչպես որ բուն մարդկայինն է բարձրակետում զուտ բնութենականը, – մատնացուցում է բացառապես մի բան՝ մտածողությունը։ Մտածողությունը (հոգևորապես) բարձրագույնն է մարդու մեջ, այնպես, ինչպես (կենսաբանական) մարդը բարձրագույնն է բնության մեջ։ Այս առումով փիլիսոփայության պատմությունը հարում է արարման պատմությանը և շարունակում է այն։ Սա նշանակում է. եթե զարգացման տեսությունը (թեմատիկորեն) պատկանում է փիլիսոփայության պատմությանը, ապա սոսկ այն պատճառով, որ փիլիսոփայության պատմությունն էլ իր հերթին պատկանում է (գոյաբանորեն) զարգացմանը՝ իբրև նրա բարձրագույն և կատարյալ աստիճանը։ Այս կերպ շարունակված և հոգևոր անտրոպոլոգիայի մեջ դուրս բերված,- մարդը իբրև բնության բարձրագույն անդամ, մտածողությունը իբրև մարդու բարձրագույն անդամ,- վճռական է դուրս գալիս վերջին հարցը, որտեղ Հեկկելի բնական պատմության անտրոպոգենեզը` աճելով անցած փիլիսոփայության պատմության` իբրև այդպիսինի պնևմատոգենեզի մեջ, սրբագրվում և պոտենցավորվում է Մաքս Շտիռների բացարձակ անհատապաշտությամբ. եթե մտածողությունը բարձրագույնն է մարդու մեջ, ապա զարգացման ուղին Շտիռներից հետո,- ում համար մարդը կամ դատարկ բան է, կամ կոնկրետ ոմն,- սրվում է հետևյալ հարցով. ո՞ւմ մտածողությունը։ Պատասխանը նույնական է Պարմենիդեսից մինչև Սարտր փիլիսոփայության պատմության կենտրոնական խնդրի լուծմանը. փիլիսոփայի մտածողությունը, որը կկարողանար հաղթահարել մտածողության և գոյության միջև, էսսենցիայի և էկզիստենցիայի միջև hiatus-ը,- նրա միջև, ինչը նա մտածում է, և նրա, ինչ նա կա։ Նման փիլիսոփայի որոնումը, որ որոշարկում է Կարեն Սվասյանի փիլիսոփայական հետաքրքրությունների ողջ շրջանակը, պատմա-փիլիսոփայական տարածությունում երկար դեգերումներից հետո (հիմնական փուլերը. Հերակլիտոս, Պլատոն, Արիստոտել, Որոգինես, նեոպլատոնականություն, Աբելյար, Աքվինացի, Դեկարտ, Լայբնից, Կանտ, գերմանական իդեալիզմ, Շտիրներ, Հարտման, Նիցշե, Հուսեռլ) նրան հանգեցրեց Ռուդոլֆ Շտայների աշխարհայեցողությանը, ում «փիլիսոփայական» ճակատագիրը համընկավ նրա «մասնավոր» ճակատագրին։ Այս խնդիրը իր առավել արտահայտիչ արտահայտությունն է գտել Փիլիսոփայական հանրագիտարանի համար գրված նրա «Անտրոպոսոֆիա» հոդվածում։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հոդվածներ | Կարեն Սվասյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...