Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…
Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:
Շեքսպիրի «Լիր արքա»-ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։ «Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են, Պողո՛ս։ Իրականում կյանքն ավելի շատ նման է շաշկիի։ Բոլորը ձգտում են հասնել ինչ-որ բանի։...
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Համո Սահյանի 1986–1992 թթ. գրված բանաստեղծություններն ընդգրկող այս ժողովածուն կազմել է հեղինակը և տպագրության հանձնել 1990–ականների սկզբին: Սակայն տարբեր պատճառներով գիրքը լույս չի տեսել: Միայն 1998 թվականին` բանաստեղծի մահից հինգ տարի անց, ժողովածուն հրատարակվեց գրականագետ–սահյանագետ Շ. Դավթյանի ու Հ. Այվազյանի ջանքերով և խմբագրությամբ: Սահյանական բանաստեղծական աշխարհի բնութագրական նշանների ու մոտիվների կողքին ժողովածուում տեսանելի են նաև կյանքի մայրամուտն ապրող բանաստեղծի հրաժեշտը խորհրդանշող նուրբ հոգեբանական պատկերներ, տիրող քաղաքական իրականության սուր անդրադարձներ և ժամանակի հասարակական տրամադրությունների խոր ընդհանրացումներ:
Գիրքն ընդգրկում է անտիկ գրականության գլուխգործոցներից մեկի՝ Հոմերոսի «Իլիական»-ի ու «Ոդիսական»-ի հետ «մեծ եռյակը» կազմող գրական երրորդ կոթողի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70-19) «Էնեական»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ և նկարեն պատկերներով ու մարդկային հարաբերություննների հուզիչ դրվագներով լի այս երկը, որ պատմում է Հռոմի հիմնադրման առասպելական նախապատմությունը՝ ընթերցվում է կլանված ուշադրությամբ: Այն հիացմունքի առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում և Վերածննդի շրջանում և թե՛ նոր ու նորագույն ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ՝ «Էնեական»-ը շարունակում է մեզ գերել ու առինքնել նաև այսօր:
Սա տասներկուերորդ ժողովածուն է հեղինակի էսսեների` նվիրված արվեստի, գրականության, գիտության, պատմության, փիլիսոփայության և այլ հարցերին: Ուշագրավ է էսսեների ոճական հարստությունը: Գիրքն առատորեն հագեցված է իր իսկ` հեղինակի նկարչական գործերով:
Ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի այս ժողովածուն ներկայացնում է հեղինակի մտորումները, թե որն է այսօրվա մեր պատկերացումը տիեզերքի մասին, և որն է մարդու առաքելությունն այս Երկիր կոչված մոլորակի վրա: Մարդու ներկայությունը Երկրի վրա, հեղինակի կարծիքով, տիեզերական երևույթ է: Նա հնարավոր չի համարում մարդու այս տեսակի գոյությունը այլ աստղերի շուրջն առաջացած մոլորակների վրա: Գրքում մեծ տեղ է հատկացված մտքի թռիչքին, մշակույթի և արվեստի ասպարեզներում Երկրի վրա ստեղծված արժեքներին:
Գիրքը ներկայացնում է 20–րդ դարի եվրոպական գրականության ամենամեծ գրողներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի հետ Յանոուխի զրույցներն ու հիշողությունները: Գուստավ Յանոուխը (1903–1968), որ հայրենի Չեխիայում հայտնի էր իբրև երաժշտագետ, գրական աշխարհում բացառիկ հեղինակություն սկսեց վայելել՝ հրատարակելով Կաֆկայի մասին հիշողությունների այս գիրքը (1951, 1968): Այն դիմացավ ժամանակների քննությանը և այսօր համարվում է Կաֆկայի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տասնյակ լավագույն գրքերից մեկը:
Գիրքը ԶՐՈՒՅՑՆԵՐ վերտառությամբ, ներկայացնում է Հին Չինաստանի հռչակավոր փիլիսոփա Կոնֆուցիոսի (մ.թ.ա. 5-րդ դար) ստեղծագործական ժառանգության ամենակարևոր դրվագները, որոնք անփոխարինելի տեղեկություններ են հաղորդում մեծ մտածողի և նրա ժամանակաշրջանի պետական ու հասարակական կյանքի, մտածելակերպի, մանկավարժական գործունեության վերաբերյալ: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:
Բուլղար գրող–ակադեմիկոս Անտոն Դոնչևի այս վեպը, բնագրում` “Време разделно” – «Բաժանարար ժամանակներ», հերոսապատում մի ասք է 17–րդ դարում այն դժնի ժամանակների մասին, երբ օսմանյան հորդաները բռնի մահմեդականացման էին ենթարկում երկրի հարավում ապրող խաղաղ բնակչությանը: Վեպը, գրված 1962 թվականին, նաև իր գեղարվեստական բարձր մակարդակով, վաղուց դուրս է եկել հայրենիքի սահմաններից` արժանանալով 33 օտարալեզու հրատարակության:
Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:
Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա: Քույրը չի հիշի: Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով, մինչ Աֆղանստանում կյանքը շարունակվում է աղետալի շրջադարձերով լի:
Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:
Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ»-ը ֆեմինիստական վեպ է, որի հերոսները բարդ ճակատագրերով կանայք են՝ տարբեր տարիքների դերասանուհիներ, որ ապրում են վերջին հարյուրամյակի տարբեր ժամանակահատվածներում և հասարակարգերում: Սակայն նրանց դրաման նույնն է՝ սիրել և լինել սիրված, գնահատված և ապրել արժանապատիվ: Վեպի վերնագիրը վերագրվում է դերասանի մասնագիտությանը: Դերասանները չունեն սեռ, նրանք ո՛չ կին են, ո՛չ տղամարդ, նրանք կորցնում են իրենց իրական դեմքն ու սեռականությունը, քանի որ ստիպված են խաղալ դերեր և ոչ միայն բեմում, այլ նաև առօրյա կյանքում: Հասարակությունը չի ուզում ճանաչել և ընդունել նրանց իրական ԵՍը, հետևաբար խաղը չի ավարտվում բեմից դուրս: Ահա ինչու է գիրքը կոչվում «Երրորդ սեռ»: Վեպի չորս...
Պատմավեպում արտացոլվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում, Միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափին 1080-1375 թվականներին գոյատևած Կիլիկյան Հայաստանի գեղարվեստական պատմությունը, հայկական պետական ինքնության համար կիլիկիահայերի երեք հարյուր տարվա հերոսամարտը աշխարհի զորեղների դեմ:
Հայկ Խաչատրյանի «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպը ստեղծված է մի կենսափիլիսոփայության հենքի վրա, որի խորհուրդն է. «Եթե ուզում ես, որ աշխարհը չկործանվի, որ կյանքը մշտապես շարունակվի, արարիր, քո ձեռքի ու մտքի բարիքներով ծաղկեցրու, բարգավաճ դարձրու քո հող հայրենին»: Այս գիրքը իր խորքով համահունչ է մեր ժամանակներին:
Թոմին ու Անիկան վաղուց երազում էին մի խաղընկեր ունենալ, ու մի օր հարևան տնակում սկսում է բնակվել Պիպին իր ձիու և փոքրիկ կապիկի հետ, որի անունը Պարոն Նիլսոն է: Պիպին անասելի ուժեղ է և կարող է անգամ իր ձիուն բարձրացնել: Նա ո՛չ մայրիկ ունի, ո՛չ հայրիկ, որ իրեն ուղարկեն քնելու զվարճության ամենաթեժ պահին, և Պիպին միշտ ամեն ինչ անում է իր ուզածի պես:
Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե՛ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին:
Ալբոմը ներկայացնում է ֆիզիկոս աստղագետ, գրող և գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի տարբեր տարիների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ընտրանին՝ ամփոփված «Խրախճանք», «Ջերմուկյան սիմֆոնիա», «Հայաստան աշխարհ», «Գառնիի հեքիաթը», «Երկինք», «Լռություն, կարոտ» շարքերում:
Այս գրքում ի մի են բերված աշխարհի պոետների լավագույն բանաստեղծությունները մոր մասին: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար, հաճելի և օգտակար կլինի մեծերին ու փոքրերին: