«Մանուկների մոլորակ» մանկական երգարանն ընդգրկում է Զ․ Սարիբեկյանի մանկական բազմաբնույթ երգերը, որոնց և՛ բառերը, և՛ երաժշտությունը ուսուցչուհին ստեղծել և փորձարկել է իր բազմամյա մանկավարժական գործունեության ընթացքում։ Ժողովածուն կազմված է՝ հաշվի առնելով կրտսեր դպրոցականի տարիքային առանձնահատկությունները, տարրական դպրոցում դասավանդվող առարկաների բովանդակությունն ու ծրագրային պահանջները։ Երգերը կարող են գործածվել նաև նախադպրոցական հաստատություններում, ընդգրկվել մանկական երգչախմբերի երգացանկերում։ Երգերի ձայնագրությունները կարող եք գտնել գրքի էջերում տեղադրված QR կոդերի միջոցով:
Դավիթ Ավանեսյանի գիրքը պատմում է արվեստի տարբեր ներկայացուցիչների և գործերի մասին, ծանոթացնում հետաքրքիր փաստերի հետ և առաջարկում կատարել փորձեր: Հեղինակը, ուսումնասիրելով նմանատիպ այլ գրքեր, հղացել է նորովի մոտեցմամբ ներկայացնելու հայ և օտարերկրացի անվանի մարդկանց: Գրքում նաև կգտնեք տարբեր առաջադրանքներ, որոնք կնպաստեն ձեր ստեղծագործական մտքի զարգացմանը:
«Հետաքրքիր զրուցարան-ընթերցարան բառերի, հայոց լեզվի և մեր մեծերի մասին» գիրքը կազմված է ութ բաժիններից։ Կարդացվում է մեկ շնչով, մեծ հետաքրքրությամբ և ընթերցողին գրավում է ոչ միայն լեզվական, այլ նաև զանազան հարակից նյութերով, մատուցման տարբեր հնարքներով, փաստերով և հումորով։ Իսկ «Մարդ-համալսարաններ» բաժինը մի հիասքանչ պատկերասրահ է, որտեղ կարող եք հանդիպել հայոց մեծերին՝ սկսած Խորենացուց մինչև Պարույր Սևակ։
«Բանաստեղծական նուրբ հոգու տեր Հռիփսիմե Մարգարյան ն իր արվեստով իրար է շաղկապում նկարչությունն ու երաժշտությունը՝ չասելու համար նաև պոեզիան: Որքան էլ վերացական է ստեղծագործելու նրա ոճը, վերացապաշտ արվեստագետ չէ նա: Ուշադիր հայացքը նրա գործերում կհայտնաբերի մայր բնությունն իր տարրալուծված մանրամասներով՝ ծովի տարերք ու տիեզերքի անհունություն, մոլորակներ՝ իերնց ուղեծրերի մեջ ներառված նռան ուրվապատկերներով, ինչպես նաև պայմանական ծաղիկներ ու աշնանային տերևներ»: Լևոն Լաճիկյան, գեղագետ, արվեստաբան
«Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթները» գիրքը տպագրվել է Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ։ Նվիրված է Չարենցի ստեղծագործության մեջ եվրոպական գրական ավանդույթի ներկայությանը՝ միստիցիզմից մինչև սիմվոլիզմ, ապագայապաշտությունից մինչև էքսպրեսիոնիզմ, ուտոպիզմից մինչև նորդասականություն և վերադարձ դեպի միստիկան։ Հատուկ անդրադարձ է արված եվրոպական մշակութային դաշտ ներթափանցած բուդդիստական վարդապետության հետ Չարենցի առնչություններին։
«Զուգահեռ ընթերցումներ» գրքում հավաքված են հեղինակի՝ տարբեր տարիներին գրական մամուլում հրապարակված ուսումնասիրություններն ու հոդվածները՝ նվիրված գրականության տարբեր շրջափուլերին ու խնդիրներին:
«Գրական Ասուլիսներ. Կ. Պոլիս, 1913, Ա – Զ» ժողովածուն մեկտեղում է 1913 թվականի ընթացքում Կ. Պոլսի Էսայան սանուց միության կողմից կազմակերպված 6 գրական ասուլիսների նյութերը (նվիրված՝ Լեւոն Շանթին, Գրիգոր Զոհրապին, Դանիել Վարուժանին, Ռուբեն Զարդարյանին, Հովհաննես Սեթյանին եւ Սիամանթոյին)՝ անհրաժեշտ ծանոթագրություններով եւ ցանկերով:
«Հակոբ Մեղապարտօ գործում համառոտ եւ ամփոփ ձևով ներկայացվում է Հակոբ Մեղապարտի կյանքն ու գործունեությունը եւ հրատարակված հինգ գրքերը թեմատիկ-բովանդակային քննությամբ՝ ըստ նրանց տպագրության՝ իրար հաջորդելու այն ընթացքի, որն այս հրատարակությունների գրքագիտական քննությամբ սահմանել է Ռաֆայել Իշխանյանը:
«Բնագիր և մեկնությունը», 2013 թվականին «Անտարես» հրատարակչության հրատարակած Վաչե Եփրեմյանի մենագրությունն է։ Հրատարակության է պատրաստել Ավագ Եփրեմյանը, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Հայոց գրաբանական ներքին ժամանակ/իրականության տևողությունը բացահայտելու, հեղինակային ու անհեղինակ բնագրերը միասնական համակարգի մեջ ներառելու նպատակով «Բնագիր և մեկնություն» աշխատության մեջ շրջանառված սկզբունքների, ըմբռնումների, վերծանման-ընթերցման եղանակների ու կարգերի շնորհիվ ոչ միայն վերարժևորվում են առանձին բնագրերը՝ որպես գրամշակութաբանական ինքնատիպ համակարգեր, այլև գրականության մի որոշակի ընթացք ինքն է ներկայանում ամբողջական էակարգի ձևաբանությամբ և հեռանալով կաղապարային գնահատումների իներցիայից՝ հայտնվում ենթաբնագրային-ենթիմաստային վերակառուցումների ու «վերագրառումների» առանձնահատուկ միջավայրում, որտեղ անակնկալ լուսավորվում են նախկինում ուշադրությունից վրիպած անկյուններ: «Բնագիր և մեկնություն» գրքի բովանդակությունը՝ Մշակութակերպ, ենթատեքստ, նշանակարգ. մշակութաբանական մեկնություններ Նախաբան...
Տարօրինակ վեպ զարմանալի մարդու մասին «Մարդ, որ ճշմարտություն էր որոնում»․․․ Այս տողը նրա սկսված, բայց չավարտված վերջին՝ «Խոստովանություն» ֆիլմի սցենարից է․․․ Նրա կյանքը և՛ թատրոն էր, և՛ կինո։ «Նա մարդ էր, տոն, թատրոն մեր գորշ կյանքում», – այսպես էին ավարտում իրենց խոսքը նրա ընկերները։ Նրա կինոէկրանը հարմարեցված էր կյանքի ականապատված թատերաբեմում, և նա հանդես էր գալիս ոչ թե «ական հայտնաբերող սարքով, այլ նռնակներով, որ պայթյունը ավելի հզոր լինի»։ Նրա նորարարական կինոլեզուն, ոճը շատ էր տարբերվում խորհրդային կինոգործիչների համընդհանուր ոճից։ Եվ սիստեմը չհանդուրժեց ազատ ապրելու, գեղեցիկը պաշտելու նրա մղումները։ Նա կինոյի իսկական պոետ էր և կյանքը դիտում էր կինոպոեզիայի յուրահատուկ գույներով...
«Պոեզիայի երկակի տեսողությունը» գրքի առաջին մասում ամփոփված է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի՝ 2019–2020 թթ. գրված «Մտադրությունը և արդյունքը» ծավալուն էսսեն՝ արվեստի ու իրականության հարաբերության, արվեստի ծագման նպատակի ու նշանակության մասին։ Գրքի երկրորդ մասում ընդգրկված հոդվածները՝ նվիրված հայ ու համաշխարհային գրականության զարգացման տարբեր շրջանների ու գործերի՝ սկսած անտիկ գրականությունից ու «Վահագնի ծննդից», ներառելով արևմտահայ բանաստեղծների՝ Պ. Դուրյանի, Մ. Մեծարենցի, Դ. Վարուժանի ստեղծագործությունները, ապա նաև Ս. Չիլոյանի ու Հ. Մովսեսի պոեզիան, առաջին տեսական մասի յուրօրինակ իրացումներն են։
«Վեպի արվեստը» մշակութաբանական էսսեում, սեփական վեպերի գեղագիտության քննությանը զուգահեռ Կունդերան խորհրդածում է եվրոպական վեպի, վիպասանության՝ իբրև աշխարհաճանաչողական գիտելիքի մասին ընդհանրապես, և նրա առանձին գագաթների (Սերվանտես, Ռաբլե, Կաֆկա, Հաշեկ, Տոլստոյ, Մուզիլ, Բրոխ) բերած ավանդի վերաբերյալ մասնավորապես:
Առաջին անգամ հայերեն են ներկայացվում ռուս մեծ գրականագետ, փիլիսոփա, մշակութաբան Միխայիլ Բախտինի (1895-1975) նշանավոր երկու աշխատությունները՝ «Ժամանակի և քրոնոտոպի ձևերը վեպում» և «Էպոս և վեպ»:
ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ հերթական հատորն ընդգրկում է XX դարի խոշորագույն արվեստագետներից մեկի, աբստրակտ նկարչության հիմնադիր Վասիլի Կանդինսկու «Կետը և գիծը հարթության վրա» տեսական տրակտատը, ինչպես նաև «Նկարչի տեքստը. Աստիճաններ» ինքնակենսագրական էսսեն:
«Աշխարհի մեծագույն ռոք-ն-ռոլլ խումբը». Այս խոսքերը, որոնք ասվեցին համերգից առաջ, միանգամից ընդունվեցին որպես փաստ: Արդեն պարզ էր, որ Միք Ջագերը, Քեյթ Ռիչարդսը և նրան ընկերները ստեղծում են նոր կյանքի ոճ: Նրանք դարձան նոր սերնդի դեմքը: Բայց արդյո՞ք ճանապարհն այդքան հեշտ ու հարթ էր…
Ջեք Նիկոլսոնն արդեն երեսունն անց էր, և ընդամենը 10 տարի էր կինոյի մեջ, երբ «Easy Rider» ֆիլմը նրան հայտնի դարձրեց: Այնուհետև ժամանակի ընթացքում բացասական դերերը նրան դարձրեցին աշխարհի ամենահայտնի դեմքերի մեկը: Հաճախ նա անգամ հրաժարվում է մեծ հոնորարներից՝ ավելի ռիսկային ֆիլմերում խաղալու համար:
Գիրքը ներկայացնում է կնոջ դերի մասին թումանյանական ընկալումները պոետի գրական և գեղարվեստական ժառանգության մեջ։ Առաջին անգամ արծարծվում է Թումանյանի և կյանքի տարբեր խաչմերուկներում նրան հանդիպած, նրանով հիացած, նրա ընկերակցությանն ու բարեկամությանը, սիրուն ու ջերմությանը, հաճախ եղբայրական ու հայրական հոգածությանն արժանացած՝ նրան շրջապատող հայ և այլազգի կանանց առնչակցությունը։ Առանձնացվում են հատկապես բանաստեղծին ոգեշնչած մուսայաստեղծ կանանց, մասնավորապես՝ Վարյա Խանդամիրյանի և իշխանուհի Մարիամ Թումանյանի հետ մտերմության քնարական պատմությունները։ Աշխատությունն օգտակար է հոգեբանների, գրականության պատմաբանների և ընթերցողների լայն շրջանի համար։
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում հայկական կինոյի կադրերից դուրս մնացած պատմություններն են, որոնք երբեմն շատ ավելի հետաքրքիր են, քան նկարահանված կադրերը: Երկրորդ մասում թանգարաններում հանգրվանած այն բացառիկ ցուցանմուշներն են, որոնց հետևում բացառիկ ու շատ հաճախ բոլորին անհայտ պատմություններ են թաքնված: Գրքում տեղ են գտել բացառիկ լուսանկարներ:
Անվանի բանաստեղծ-մանկագիր Սուրեն Մուրադյանը երկար տարիներ համագործակցել է տարբեր սերնդի կոմպոզիտորների հետ: Նրա տեքստերով ստեղծված ավելի քան 250 մանկական, էստրադային երգերը կատարում են մանկական երգչախմբերը և անհատ երգիչներ, հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ժողովածուն ամփոփում է Մուրադյանի տեսքստերով գրված երգերի ընտրանին, որոնք հասցեագրված են մանկապարտեզի և դպրոցական տարիքի երեխաներին: Երգերը հիմնականում տպագրվել են նախորդ տարիներին հրատարակված երգարաններում: «Մանկական երգարանը» լավ նվեր է երգասեր ու երաժշտասեր երեխաներին:
Սրանք փոքրիկների համար հորինված բանաստեղծական պստլիկ պատմություններ ու հորինվածքներ են: Ժամանակին լույս են տեսել բանաստեղծի տարբեր գրքույկներում և բարեբախտ պատահականությամբ հանդիպել իր հղացումների համար երգացուներ որոնող հարգարժան Երգահանին: Նա պստլիկ ու մերկ այս բանաստեղծություններին երաժշտական տարբեր հանդերձներ է հագցրել: Եվ այսօր, մանուկներին, ծնողներին, երգի ու երաժշտության ուսուցիչներին առաջարկում ենք Բանաստեղծի և Երգահանի համատեղ աշխատանքի արդյունքը:
Բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել է «Խմբերգեր» գիրքը: Յուրի Սահակյանի անունը վաղուց է ծանոթ հայ ընթերցողին և ժամանակակից երգի երկրպագու թե՛ մեծերին, թե՛ մանուկներին: Նրա խոսքերով բազմաթիվ երգեր են ստեղծել մեր լավագույն երգահաններից շատերը: Այս խմբերգերը որպես դասագիրք օգտակար կլինեն երաժշտական քոլեջների երգչախմբային դիրիժորության մասնագիտական դասարաններում սովորողների համար, ինչպես նաև երաժշտական և հանրակրթական դպրոցների երգչախմբերի համար: Վստահ ենք, որ խմբերգերը լայն արձագանք կգտնեն սփյուռքի հայկական համայնքների բազմաթիվ երգչախմբերի, ինչպես նաև խմբերգային արվեստի գիտակ օտարների շրջանում:
«Մայրենիի տոն» ձեռնարկը հասցեագրված է կրտսեր դպրոցի ուսուցիչներին: Այն կարող է օգտագործվել 1-4-րդ դասարաններում մայրենիին նվիրված ցերեկույթների կազմակերպման ընթացքում՝ «Այբբենարանի տոն», «Հայաստանը իմ հայրենիքն է», «Հրաշալիքների մեր աշխարհը», «Ինչ ենք սովորել, ինչպես ենք սովորել» խորագրերով: Ուսուցիչները կարող են սցենարը փոփոխել՝ համապատասխանեցնելով յուրաքանչյուր դասարանի երեխաների տարիքային առանձնահատկություններին: Հայ մանկան համար նշանակալի այս տոնը ներառում է նրա համար կարևոր արժեքներ՝ մայրենի լեզու, այբուբեն, գիրք, հայրենիք, դպրոց, մայր… Միջոցառման սցենարը ընդգրկում է երգեր, որոնք համապատասխանում են բովանդակությանը: Կարծում ենք՝ այն հավանության կարժանանա և՛ ուսուցիչների, և՛ երեխաների, և՛ ծնողների կողմից:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 5»-ը ներառում է թե՛ ձմեռը՝ իր գեղեցկությամբ, և թե՛ Նոր տարին՝ իր ուրախությամբ և շքեղությամբ: Հանդեսը երեխաներին կգրավի սյուժեի զարգացմամբ, հետաքրքրիր կերպարներով, երաժշտականությամբ և աշխուժությամբ: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը: Երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը: