«Ընտրանին» պատրաստվել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Այս հրատարակության նպատակն է ներկայացնել մեծ գրողի ստեղծագործության բոլոր եզրերը, ինչպես նաև՝ հարուստ գեղարվեստական ներկապնակի բոլոր գույները: Գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ, բալլադներ, լեգենդներ, պատմվածքներ, հեքիաթներ, թարգմանություններ, փոխադրություններ, հոդվածներ, ելույթներ, հատվածներ նամակներից: «Ընտրանին» կօգնի ամենապահանջկոտ ընթերցողին՝ իսկական գրականության գնահատողին, գտնել այն, ինչ մոտ է իր մտքին ու սրտին:
Հովհաննես Թումանյանի բալլադներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից: Բալլադը Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից է: Գրական ողջ ճանապարհի ընթացքում բանաստեղծը եզակի հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական ավանդույթների նկատմամբ՝ ստեղծելով անզուգական բալլադներ, որոնք այդ ժանրի դասական նմուշներից են՝ համաշխարհային գրական չափանիշներով: Տպագրվել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Էդիթ Պրինտ» հրատարակչության հովանավորությամբ:
Հավաքածուի մեջ ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ամենասիրված հեքիաթները և ձայնասկավառակ` Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ: Տասնվեց հեքիաթները ներկայացված են առանձին պատկերազարդ գրքույկներով, որոնցից տասը պարունակում են նաև ներկելու համար նախատեսված ներդիրներ: Այս ամենը զետեղված է գեղեցիկ և կոմպակտ տուփի մեջ: Սա հիանալի նվեր է յուրաքանչյուր երեխայի համար:
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն և այդ հեքիաթների մուլտֆիլմերի տեսասկավառակը (DVD): Ժողովածուն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ.Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի մոտիվով նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակը: