«Աֆրիկյան բնօրրանի վերակերտումը. ինչպես ընդլայնել Աֆրիկայի ներկայությունը աշխարհում» գիրքը ներառում է քենիացի հայտնի գրողի՝ տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով գրված ակնարկները, որոնք ունեն մեկ ընդհանուր թեմա՝ անցյալի և ներկայի Աֆրիկան՝ որպես գլոբալացման ձգտող աշխարհի անբաժանելի մաս: Հեղինակը խոսում է Արևմուտքի կողմից երկրամասի գաղութացման ծանրագույն հետևանքների, ինչպես նաև ժամանակակից Աֆրիկայի հիմնախնդիրների մասին՝ հընթացս ներկայացնելով Աֆրիկայի զարգացմանն ու բարգավաճմանը միտված տեսլականներ:
«Հայը և աշխարհը» գիրքը էսսեների ժողովածու է, որտեղ երբեմն լուրջ, երբեմն հումորով քննարկվում է ժամանակակից հայաստանցի հայի կերպարը, նրա հարաբերություններն ազգակիցների, օտարների և ողջ տիեզերքի հետ, անցյալի ու ներկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և ապագայի իրատեսական կամ ֆանտաստիկ հնարավորությունները:
«Նա, ով մենակ է» գրքում առաջին անգամ ընթերցողին է ներկայացվում գերմանացի մեծագույն բանաստեղծ Գոթֆրիդ Բենի (1886-1956թթ.) քերթվածների ընտրանին: Գ. Բենը գրական մոդեռնիզմի, ի մասնավորի՝ գերմանական էքպրեսիոնիզմի նշանավոր դեմքերից է, մեծն Շտեֆան Գեորգեի ու նրա գրական խմբակի գաղափարապաշտ հետևորդն ու անխոնջ նորարարը: Գրքում ներառված «Քնարերգության հիմնախնդիրներ» բանախոսության մեջ գրողը ձևակերպել է իր քերթողական հավատամքը. «Կյանքից քաղած անբովանդակ բանաստեղծությունը» շնչավորողը գեղարվեստական ձևն է, որն, ըստ նրա, լինելու է գալիք դարերի արվեստի գլխավոր խնդիրը:
«Տան դուռը» Հուսիկ Արայի բանաստեղծությունների, պոեմների և էսսեի ժողովածուն է, որն ամփոփում է հեղինակի 2011-2014թթ. չափածո ստեղծագործությունները։ Նորանկախ պետականության արժևորումն է, Նոր Հայաստանի շոշափվող իրականությունը, նաև հեղափոխության ու պատերազմի արանքում կորած սերնդի ողբերգությունն ու արժեքների անկումը։ Գրքում առանձին շարքերով ընդգրկված են նաև սիրային բանաստեղծություններ և սաղմոսներ: Հեղինակն իր գրքի մասին ասել է. «Իմ սերունդը ձևավորվել է 1988-ին Ազատության հրապարակում, և ես մշտապես քաղաքացիական իմ դիրքորոշումն ունեմ թե´ որպես մարդ, թե´ որպես գրող։ Այս գրքում այն երևում է հատկապես «Նոր Հայաստան» շարքում՝ անհատի և երկրի բախման մեջ, երևում է նաև «Ազատության հրապարակը» շարքում. որ ազատությանն ու անկախությանը մենք կարծես դեռ պատրաստ...
«Никогда не спорьте с идиотами» գիրքը Մարկ Տվենի անտիպ, բայց միաժամանակ ամենայուրահատուկ և ամենահետաքրքիր ստեղծագործություններից է: Նրա բազմաթիվ տեքստերից այս գրքում տեղ են գտել հեղինակի մտքերը, անեկդոտները, աֆորիզմները, որոնք մեծ գրողին նորովի են բացահայտում՝ որպես փիլիսոփա և տխուր հումորիստ:
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հարութ Կոստանդյանի երկերի ժողովածուն։ Այն ներառում է ֆրանսահայ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերն ու նամակներ։ «Երկեր» ժողովածուում ամփոփված է անօրինակ կյանքով, «բնազդական յոյզերով, ընդոստ մտածումներով» ապրած բանաստեղծի գրական ողջ ժառանգությունը։
«Պոեզիայի երկակի տեսողությունը» գրքի առաջին մասում ամփոփված է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի՝ 2019–2020 թթ. գրված «Մտադրությունը և արդյունքը» ծավալուն էսսեն՝ արվեստի ու իրականության հարաբերության, արվեստի ծագման նպատակի ու նշանակության մասին։ Գրքի երկրորդ մասում ընդգրկված հոդվածները՝ նվիրված հայ ու համաշխարհային գրականության զարգացման տարբեր շրջանների ու գործերի՝ սկսած անտիկ գրականությունից ու «Վահագնի ծննդից», ներառելով արևմտահայ բանաստեղծների՝ Պ. Դուրյանի, Մ. Մեծարենցի, Դ. Վարուժանի ստեղծագործությունները, ապա նաև Ս. Չիլոյանի ու Հ. Մովսեսի պոեզիան, առաջին տեսական մասի յուրօրինակ իրացումներն են։
«Վեպի արվեստը» մշակութաբանական էսսեում, սեփական վեպերի գեղագիտության քննությանը զուգահեռ Կունդերան խորհրդածում է եվրոպական վեպի, վիպասանության՝ իբրև աշխարհաճանաչողական գիտելիքի մասին ընդհանրապես, և նրա առանձին գագաթների (Սերվանտես, Ռաբլե, Կաֆկա, Հաշեկ, Տոլստոյ, Մուզիլ, Բրոխ) բերած ավանդի վերաբերյալ մասնավորապես:
Գրքում ներառված են Ումբերտո Էկոյի՝ տարբեր տարիներին գրված էսսեները, որոնցում նրա հանրահայտ գիտաքննական, ինչ-որ առումով նաև՝ դետեկտիվ ոճը դրսևորվում է յուրօրինակ իրացումներով, արտաքուստ թեթև ու հումորային, բայց խորքում մշտապես պրպտուն ու գյուտերով լի ասելիքով:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու՝ տարբեր տարիներին գրված էսսեները նրա պոեզիայում դրսևորված գեղագիտության ու աշխարհայացքի շարունակությունն են, միևնույն ժամանակ՝ օգնում են այդ պոեզիան ընկալել յուրովի:
Ֆրանսիացի ճանաչված գրողներից մեկը՝ մոլի ընթերցասեր Ֆրեդերիկ Բեգբեդերը, ի մի է բերել իր նախընտրած գրքերը: Ընտիր երկերի իր նախընտրած հարյուրյակը ներկայացված է նրբագեղության, պարադոքսների և հումորի գրավիչ համադրությամբ: Բեգբեդերի հակիրճ, բայց բովանդակալից էսսեների ժողովածուն, որի բնօրինակը լույս է տեսել 2011-ին, առաջնակարգ գրականության յուրատեսակ ուղեցույց է, փոքրիկ հանրագիտարան:
Միգել դե Ունամունոն իր «Քրիստոնեության հոգեվարքը» փիլիսոփայական էսսեն գրել է 1924 թ. Փարիզում, երբ քաղաքական անհնազանդության պատճառով նրան հերթական անգամ արտաքսում են Իսպանիայից: Առաջին անգամ էսսեն լույս է ընծայվել ֆրանսերենով, իսկ ահա իսպաներեն տարբերակը լույս է տեսել միայն 1930թ. փետրվարին: «Խրատական երեք նովել և մեկ նախաբան»-ը լույս է տեսել 1920 թ.: Այստեղ Ունամունոն նիվոլային պատումի միջոցով վերլուծում է գրողի և իր ստեղծած հերոսների միջև կապը, բացահայտում հերոսների ապրումները՝ նրանց ներկայացնելով ռացիոնալ մտածողության սահմանից այն կողմ:
ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ հերթական հատորն ընդգրկում է XX դարի խոշորագույն արվեստագետներից մեկի, աբստրակտ նկարչության հիմնադիր Վասիլի Կանդինսկու «Կետը և գիծը հարթության վրա» տեսական տրակտատը, ինչպես նաև «Նկարչի տեքստը. Աստիճաններ» ինքնակենսագրական էսսեն:
Այս գրքում հանրահայտ պոետ-ապստամբը գրառել է իր մտքերը կյանքի, մարդկանց, գրականության մասին: «Ես նետեցի ինձ դեպի իմ անձնական աստվածությունը՝ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ»,- խոստովանում է գրողը: Յուրաքանչյուրը, ով կկարդա այս գիրքը, կհասկանա, որ պարզությունն այդ խաբուսիկ է: Իսկ սև հումորը, ցինիզմը, կոպտությունը դիմակներ են, որոնց ետևում թաքնված է հեշտ խոցվող, տանջվող մարդը:
ՀԻՇԻՐ ԻՆՁ, ԵԹԵ ՈՉ ԱՄԵՆ ՐՈՊԵ, ապա գոնե երեք րոպեն մեկ անգամ, և իմացիր, որ մնացած երկու րոպե հիսունինը վայրկյանի ընթացքում ԴՈՒ ԻՄ ՄՏՔՈՒՄ ԵՍ «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածու: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով… Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ…z
«Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։ Հայ մեծ արձակագրի ծննդյան 85– ամյակին նվիրված այս ընտրանին պահպանել է արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է` շաբաթվա օրերն ընդգրկող, նշումների համար նախատեսված հատված և գրական մաս։ Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից:
Գրիգոր Գուրզադյանի էսսեների այս հատորը թվով չորրորդն է “Տիեզերքը ափի մեջ”, “Նարեկացու աղերսանքը” ու “Կաքավաբերդի առեղծվածը” ժողովածուներից հետո, որը նվիրված է արվեստի, գրականության, փիլիսոփայության, պատմության ու նաև գիտության տարբեր հարցերին: Վեց էսսե է նվիրված միայն ճարտարապետությանը: Բոլորովին նոր մոտեցմամբ է ներկայացվում Լեոնարդո դա Վինչիի Հայաստանում լինելու վարկածը: Ցնցող է Էվերեստի նվաճմանը նվիրված պատմությունը: Փաստեր, ապրումներ, խորհրդածություններ` բոլորովին նոր, շատ հաճախ անսպասելի վերջավորություններով, և այդ ամենը գրական, լեզվական ու ոճական հետաքրքիր մատուցմամբ:
Գրիգոր Գուրզադյանի էսսեների այս հատորում` թվով վեցերորդ, ներկայացված են նրա վերջին գործերը, այդ թվում չհրատարակված: Դրանք նվիրված են պատմության, արվեստի, փիլիսոփայության, գիտության, ճարտարապետության, կոսմոսին առնչվող հարցերին: Հուզիչ է “Ռամզես-Նեֆերտարի…” պատմությունը: Անակնկալ պիտի համարել “Հանճարեղ կանայք” ինքնատիպ էսսեն: Խիստ ուշագրավ է “Ինչ է ամբոխը” հոգեբանական-փիլիսոփայական ուսումնասիրությունը: Ուշադրություն է գրավում “մարդ-տիեզերք”, “պետություն-գիտություն” պրոբլեմների նորովի ու խիստ տպավորիչ մատուցումը:
Գիրքը Գրիգոր Գուրզադյանի էսսեների հինգերորդ ժողովածուն է` նվիրված փիլիսոփայությանը, արվեստին, պատմությանը, գրականությանը, ճարտարապետությանը, նաև գիտությանն ու կոսմոսին առնչվող իրադարձություններին: Տպավորիչ է իտալական Ռենեսանսի հանճարներին նվիրված ընդարձակ շարքը, հելլենական Հունաստանի արվեստը ներկայացնող տրիլոգիան: Չորս էսսե նվիրված է վերջին տարիներին կոսմոսում տեղի ունեցած խոշորագույն իրադարձություններին:
Ներկա հատորը հեղինակի էսսեների` թվով ութերորդ ժողովածուն է` նվիրված այսօրվա գիտության խոշորագույն պրոբլեմներից մեկին` գալակտիկային: Հեղինակը ցույց է տալիս, թե ինչ հեղաշրջող դեր է խաղացել ու շարունակում է խաղալ, արդեն երկու տասնամյակ անընդմեջ, Հաբբլ անունը կրող այդ վիթխարի կոսմիկական տելեսկոպը: Գրքում բերված են շուրջ քառասուն գալակտիկաների խիստ տպավորիչ նկարները, բոլորն էլ գունավոր` այդ տելեսկոպի օգնությամբ ստացված: