Ժողովածուն ամփոփում է ֆրանսահայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր Նիկողոս Սարաֆյանի /1902-1972/ «Չափածոյ երկերը» եւ «Վէնսէնի անտառը» խոհագրությունը: Ժողովածուում ընդգրկված է հեղինակի բանաստեղծական ողջ ժառանգությունը՝ «Անջրպետի մը գրաւումը» առաջին ժողովածուից մինչև վերջինը՝ «Միջերկրական» ժողովածուն, ինչպես նաև «Վէնսէնի անտառը» խոհագրությունը՝ բանաստեղծական արձակի իր տեսակով և խորհրդավորությամբ եզակի մի ստեղծագործություն: Նիկողոս Սարաֆյանի գրական ողջ ժառանգությունը միտված է ճանաչելի դարձնելու Հայության լինելությունը:
«Հայտնի առակագիրներ» շարքը սույն ժողովածուով ներկայացնում է Եզոպոսի, Մխիթար գոշի, Վարդան Այգեկցու, Ավետիք Իսահակյանի, Խնկո Ապոր, Իվան Կռիլովի և ասորական առակների ընտրանի, որը կօգնի ձեզ դառնալ ավելի իմաստուն և ճիշտ կողմնորոշվել կյանքի բազմաթիվ իրավիճակներում:
«Աֆրիկյան բնօրրանի վերակերտումը. ինչպես ընդլայնել Աֆրիկայի ներկայությունը աշխարհում» գիրքը ներառում է քենիացի հայտնի գրողի՝ տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով գրված ակնարկները, որոնք ունեն մեկ ընդհանուր թեմա՝ անցյալի և ներկայի Աֆրիկան՝ որպես գլոբալացման ձգտող աշխարհի անբաժանելի մաս: Հեղինակը խոսում է Արևմուտքի կողմից երկրամասի գաղութացման ծանրագույն հետևանքների, ինչպես նաև ժամանակակից Աֆրիկայի հիմնախնդիրների մասին՝ հընթացս ներկայացնելով Աֆրիկայի զարգացմանն ու բարգավաճմանը միտված տեսլականներ:
«Զուգահեռ ընթերցումներ» գրքում հավաքված են հեղինակի՝ տարբեր տարիներին գրական մամուլում հրապարակված ուսումնասիրություններն ու հոդվածները՝ նվիրված գրականության տարբեր շրջափուլերին ու խնդիրներին:
«Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» qոհագրությունը ներկայացնում է Դերենիկ Դեմիրճյանի մտահոգություններն ու ստեղծված ծանր կացությունից հնարավոր ելքերի փնտրտուքը՝ Ղարաբաղի, Նախիջևանի, Ախալքալաքի և առհասարակ ողջ հայության ճակատագրի առնչությամբ: Առանձին գրքով տպագրվում է առաջին անգամ:
«Հայը և աշխարհը» գիրքը էսսեների ժողովածու է, որտեղ երբեմն լուրջ, երբեմն հումորով քննարկվում է ժամանակակից հայաստանցի հայի կերպարը, նրա հարաբերություններն ազգակիցների, օտարների և ողջ տիեզերքի հետ, անցյալի ու ներկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և ապագայի իրատեսական կամ ֆանտաստիկ հնարավորությունները:
«Նա, ով մենակ է» գրքում առաջին անգամ ընթերցողին է ներկայացվում գերմանացի մեծագույն բանաստեղծ Գոթֆրիդ Բենի (1886-1956թթ.) քերթվածների ընտրանին: Գ. Բենը գրական մոդեռնիզմի, ի մասնավորի՝ գերմանական էքպրեսիոնիզմի նշանավոր դեմքերից է, մեծն Շտեֆան Գեորգեի ու նրա գրական խմբակի գաղափարապաշտ հետևորդն ու անխոնջ նորարարը: Գրքում ներառված «Քնարերգության հիմնախնդիրներ» բանախոսության մեջ գրողը ձևակերպել է իր քերթողական հավատամքը. «Կյանքից քաղած անբովանդակ բանաստեղծությունը» շնչավորողը գեղարվեստական ձևն է, որն, ըստ նրա, լինելու է գալիք դարերի արվեստի գլխավոր խնդիրը:
«Տան դուռը» Հուսիկ Արայի բանաստեղծությունների, պոեմների և էսսեի ժողովածուն է, որն ամփոփում է հեղինակի 2011-2014թթ. չափածո ստեղծագործությունները։ Նորանկախ պետականության արժևորումն է, Նոր Հայաստանի շոշափվող իրականությունը, նաև հեղափոխության ու պատերազմի արանքում կորած սերնդի ողբերգությունն ու արժեքների անկումը։ Գրքում առանձին շարքերով ընդգրկված են նաև սիրային բանաստեղծություններ և սաղմոսներ: Հեղինակն իր գրքի մասին ասել է. «Իմ սերունդը ձևավորվել է 1988-ին Ազատության հրապարակում, և ես մշտապես քաղաքացիական իմ դիրքորոշումն ունեմ թե´ որպես մարդ, թե´ որպես գրող։ Այս գրքում այն երևում է հատկապես «Նոր Հայաստան» շարքում՝ անհատի և երկրի բախման մեջ, երևում է նաև «Ազատության հրապարակը» շարքում. որ ազատությանն ու անկախությանը մենք կարծես դեռ պատրաստ...
«Никогда не спорьте с идиотами» գիրքը Մարկ Տվենի անտիպ, բայց միաժամանակ ամենայուրահատուկ և ամենահետաքրքիր ստեղծագործություններից է: Նրա բազմաթիվ տեքստերից այս գրքում տեղ են գտել հեղինակի մտքերը, անեկդոտները, աֆորիզմները, որոնք մեծ գրողին նորովի են բացահայտում՝ որպես փիլիսոփա և տխուր հումորիստ:
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հարութ Կոստանդյանի երկերի ժողովածուն։ Այն ներառում է ֆրանսահայ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերն ու նամակներ։ «Երկեր» ժողովածուում ամփոփված է անօրինակ կյանքով, «բնազդական յոյզերով, ընդոստ մտածումներով» ապրած բանաստեղծի գրական ողջ ժառանգությունը։
Գիրքը ներկայացնում է չինական բանահյուսության իմաստալից արտահայտություններ կրող հատվածը՝ ասացվածքների, առածների, ասույթների տեսքով։ Այն ունի տարբեր բաժիններ, որոնք ներառում են կյանքի հիմնական ոլորտները։ Ժողովածուն նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար։
«Պոեզիայի երկակի տեսողությունը» գրքի առաջին մասում ամփոփված է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի՝ 2019–2020 թթ. գրված «Մտադրությունը և արդյունքը» ծավալուն էսսեն՝ արվեստի ու իրականության հարաբերության, արվեստի ծագման նպատակի ու նշանակության մասին։ Գրքի երկրորդ մասում ընդգրկված հոդվածները՝ նվիրված հայ ու համաշխարհային գրականության զարգացման տարբեր շրջանների ու գործերի՝ սկսած անտիկ գրականությունից ու «Վահագնի ծննդից», ներառելով արևմտահայ բանաստեղծների՝ Պ. Դուրյանի, Մ. Մեծարենցի, Դ. Վարուժանի ստեղծագործությունները, ապա նաև Ս. Չիլոյանի ու Հ. Մովսեսի պոեզիան, առաջին տեսական մասի յուրօրինակ իրացումներն են։
Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգևոր և անձնական այնպիսի ամուր կապով, ինչպես Գուրեն Մահարին և Եղիշե Չարենցը: Տասնվեց տարեկան էր Մահարին, երբ ծանոթացավ Չարենցի հետ: Անխուսափելիորեն խոսքը նրանց միջև պիտի գնար պոեզիայի մասին: Պոեզիան Չարենցի էությունն էր… Մահարու հիշողություններում խորն են դաջվել որբերի մասին Չարենցի խոսքերը, երբ հին Երևանի փողոցներից մեկում «գաճաճ և գունատ, միատեսակ քայլվածքով, գլուխների մեծությամբ, հասակով և մանավանդ շորերով» մի խումբ է դուրս եկել նրանց դեմ: «_Բոլորի անունն էլ Կարապետ է…այ 2, 4, 8,10, 24, 32…երեսուն երկուսն էլ Կարապետ են»,- ասել է նա: «Չարենց-Նամե» ժողովածուն ընդգրկում է չարենցյան թեմայով հոդվածներ, որոնք պատկանում են...
«Վեպի արվեստը» մշակութաբանական էսսեում, սեփական վեպերի գեղագիտության քննությանը զուգահեռ Կունդերան խորհրդածում է եվրոպական վեպի, վիպասանության՝ իբրև աշխարհաճանաչողական գիտելիքի մասին ընդհանրապես, և նրա առանձին գագաթների (Սերվանտես, Ռաբլե, Կաֆկա, Հաշեկ, Տոլստոյ, Մուզիլ, Բրոխ) բերած ավանդի վերաբերյալ մասնավորապես:
Գրքում ներառված են Ումբերտո Էկոյի՝ տարբեր տարիներին գրված էսսեները, որոնցում նրա հանրահայտ գիտաքննական, ինչ-որ առումով նաև՝ դետեկտիվ ոճը դրսևորվում է յուրօրինակ իրացումներով, արտաքուստ թեթև ու հումորային, բայց խորքում մշտապես պրպտուն ու գյուտերով լի ասելիքով:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու՝ տարբեր տարիներին գրված էսսեները նրա պոեզիայում դրսևորված գեղագիտության ու աշխարհայացքի շարունակությունն են, միևնույն ժամանակ՝ օգնում են այդ պոեզիան ընկալել յուրովի:
Ֆրանսիացի ճանաչված գրողներից մեկը՝ մոլի ընթերցասեր Ֆրեդերիկ Բեգբեդերը, ի մի է բերել իր նախընտրած գրքերը: Ընտիր երկերի իր նախընտրած հարյուրյակը ներկայացված է նրբագեղության, պարադոքսների և հումորի գրավիչ համադրությամբ: Բեգբեդերի հակիրճ, բայց բովանդակալից էսսեների ժողովածուն, որի բնօրինակը լույս է տեսել 2011-ին, առաջնակարգ գրականության յուրատեսակ ուղեցույց է, փոքրիկ հանրագիտարան:
Միգել դե Ունամունոն իր «Քրիստոնեության հոգեվարքը» փիլիսոփայական էսսեն գրել է 1924 թ. Փարիզում, երբ քաղաքական անհնազանդության պատճառով նրան հերթական անգամ արտաքսում են Իսպանիայից: Առաջին անգամ էսսեն լույս է ընծայվել ֆրանսերենով, իսկ ահա իսպաներեն տարբերակը լույս է տեսել միայն 1930թ. փետրվարին: «Խրատական երեք նովել և մեկ նախաբան»-ը լույս է տեսել 1920 թ.: Այստեղ Ունամունոն նիվոլային պատումի միջոցով վերլուծում է գրողի և իր ստեղծած հերոսների միջև կապը, բացահայտում հերոսների ապրումները՝ նրանց ներկայացնելով ռացիոնալ մտածողության սահմանից այն կողմ:
Փայլուն ինտելեկտուալներ Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի զրույցների այս ժողովածուն՝ հանրագիտարանային արժեք ունեցող մի հրատարակություն, որն ասպարեզ է եկել ֆրանսիացի գրող, էսսեագիր և լրագրող Ժան-Ֆիլիպ դը Տոնակի ջանքերով, անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին՝ հինավուրց պապիրուսների և մագաղաթներից ժամանակներից հասնելով էլեկտրոնային գրադարանների դարաշրջան: Երկու խորագիտակ գրասերները համակողմանի վերլուծությունների, դիպուկ, սրամիտ, հաճախ էլ անսպասելի ու պարադոքսալ մեկնաբանությունների միջոցով նորովի են բացահայտում այն ամենը, ին որևէ կերպ առնչվում է գիրք կոչվածին, որից հրաժարվելու մասին, ի հեճուկս անհեռատես կանխատեսումների և նույնիսկ գրքին վիճակված վատ օրերերի, խոսք կլինել չի կարող:
ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ հերթական հատորն ընդգրկում է XX դարի խոշորագույն արվեստագետներից մեկի, աբստրակտ նկարչության հիմնադիր Վասիլի Կանդինսկու «Կետը և գիծը հարթության վրա» տեսական տրակտատը, ինչպես նաև «Նկարչի տեքստը. Աստիճաններ» ինքնակենսագրական էսսեն:
Այս գրքում հանրահայտ պոետ-ապստամբը գրառել է իր մտքերը կյանքի, մարդկանց, գրականության մասին: «Ես նետեցի ինձ դեպի իմ անձնական աստվածությունը՝ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ»,- խոստովանում է գրողը: Յուրաքանչյուրը, ով կկարդա այս գիրքը, կհասկանա, որ պարզությունն այդ խաբուսիկ է: Իսկ սև հումորը, ցինիզմը, կոպտությունը դիմակներ են, որոնց ետևում թաքնված է հեշտ խոցվող, տանջվող մարդը:
Այս գրքում հանրահայտ ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, հոգեվերլուծության սկբնավորող Զիգմունդ Ֆրոյդի անձն ու գործունեությունը կբացայատվի փոքր-ինչ անսպասելի տեսանկյունից: Գրքում տեղ են գտել Ֆրոյդի նամակներն իր նշանածին՝ Մարթա Բերնայսին, որոնք նա ուղարկել է Վենայից, Փարիզից և Բերլինից չորս տարիների ընթացքում (1882-1886)՝ նշանադրությունից մինչև ամուսնություն ընկած ժամանակահատվածում: Նամակները կրում են այնպիսի փիլիսոփայական մտքեր կյանքի ու մահվան, մարդկային գոյության և հոգեբանական հանելուկների մասին, որոնցից շատերը Ֆրոյդն առաջինն է ուսումնասիրում ու բացահայտում աշխարհին:
Գարեգին Նժդեhի գրական ստեղծագործությունները առաջին անգամ տպագրվել են 2003 թ., որտեղ զետեղված էին 1910-1918թթ. Այսրկովկասի մամուլում հրատարակված նրա չափածո ու արձակ քերթվածները, ասույթները, էպիգրամները և այլ բնույթի գործերը: «Էդիթ Պրինտ»-ի հրատարակած ներկա հատորյակը Նժդեհի 1903-1919թթ. գրական ժառանգության ամենաամբողջական ժողովածուն է, քանի որ ներառում է նաև Վենետիկի Ս. Ղազար կղզում պահվող նրա ավելի քան քառասուն նորահայտ աշխատանքները: Վերջիններիս լուսապատճենները, որոնք գրեթե չեն տարբերվում բնագրերից, տրամադրվել են Մխիթարյան միաբանության անդամ, ծայրագույն վարդապետ Վահան Օհանյանի կողմից, ով նաև ժողովածուի խմբագիրն է: Ժողովածուի մեջ զետեղված են նաև հայ գրականությունն ու լեզվամշակույթը բարձր գնահատող այդ մեծ հայի տարբեր գրվածքներից քաղված մոտ 450 ասույթ և մտամասունք: