Թեպետ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վիպասքը հեղինակն անվանել է սիրավեպ, սակայն այն հավասարապես դիտարկելի է նաև պատմավեպի ժանրային տիրույթում: Գրականագիտության մեջ այս վեպի առիթով կիրառվել է «դիցաբանական սիրավեպ» ժանրային բնորոշումը: Ըստ էության, այս վեպում Զորայր Խալափյանը մի կողմից՝ ընդարձակում է մեզ հայտնի առասպելի այսպես կոչված՝ սյուժետային սահմանները՝ փորձելով ստեղծել նոր ու ճշմարտանման առասպել, մյուս կողմից՝ վեպի բազմաթիվ կերպարներ ու իրադարձություններ հավաստի են՝ այդ կերպ առասպելի ստեղծումը վերածելով նաև պատմության գեղարվեստականացման:
«Ալ տառը», որը գրվել է 1850 թվականին, Նաթանիել Հոթորնի ամենահայտնի ստեղծագործությունն է: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 17-րդ դարում Բոսթոնում և ներկայացնում են Հեսթեր Փրինի պատմությունը, որը դատապարտված է «Ա» տառը կրելուն՝ որպես հանրային պարսավանքի նշան: Այն պատմական սիրավեպ է և պուրիտանական կոշտ բարոյականության ուսումնասիրություն, որը գերիշխում էր Ամերիկայի վաղ գաղութային շրջանում: Գիրքը Goodreads-ում
Ալեսսանդրո Մանձոնիի «Նշանվածները» պատմավեպը իտալական ռոմանտիզմի պսակն է: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1825-27-ին, իսկ վերջնական տարբերակը հրատարակվել է 1840-42 թթ.: Սիրո այս ոդիսականը ծավալվում է 17-րդ դարի Լոմբարդիայում: Մանձոնիի և նրա վեպի մեծ երկրպագու Ումբերտո Էկոն գրել է. «Դեպքերն ու կերպարները հորինված են և դրանով հանդերձ այնպիսի բաներ են հաղորդում այդ ժամանակաշրջանի Իտալիայի մասին, որ պատմության գրքերը երբեք էլ նման հստակությամբ չեն փոխանցում մեզ»: «Նշանվածները», ինչպես իրավամբ նկատել է Էկոն, «դուր է գալիս բոլորին՝ ուսյալին թե անուսին, մեծին թե փոքրին, կեղծ բարեպաշտին թե անաստվածին»: Խոսքը ոչ միայն ամենաճանաչված իտալական վեպի մասին է, այլև համաշխարհային գրականության անվիճելի գլուխգործոցի:
Իռլանդացի գրող Բրամ (Աբրահամ) Սթոքերի «Դրակուլա» վեպին վիճակված էր դառնալու համաշխարհային գրականության ամենահռչակավոր գործերից մեկը: Վամպիրիզմի դիվային մոլեգնությամբ բռնված կոմս Դրակուլայի ահազդու ոդիսականը, որտեղ յուրովի են միահյուսվել սեքսի, արյան ու մահվան մոտիվները, տարատեսակ մեկնությունների և վերլուծությունների տեղիք է տվել, անհամար գրական ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ ծնել: Առաջին անգամ 1897-ին Լոնդոնում լույս տեսած այս բացառիկ գիրքը մինչև օրս էլ մնում է «վամպիրային առասպելի» գլխավոր աղբյուրը: