«Բարեկիրթ հայերենի բառարան»-ը բարեկիրթ խոսքի հայերեն առաջին բառարանն է։ Բառարանում տեղ են գտել արդի հայերենի բարեկիրթ խոսքում հաճախ գործածվող բառերն ու արտահայտությունները՝ բացատրություններով, կիրառության մասին պարզաբանումներով, գեղարվեստական գրականությունից քաղված օրինակներով, խոսքային վարքականոնի մասին խորհուրդներով։ Բառարանն օգտակար կլինի աշակերտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին, հայերեն խոսող բոլորին առհասարակ։
«Հայերենի բառակազմական բառարան»-ը պարունակում է հայերենի 4000-ից ավելի բառերի բառակազմական վերլուծությունը՝ անհրաժեշտ պարզաբանումներով։ Բառարանը մեծապես կնպաստի աշակերտների հայերեն լեզվամտածողությունը զարգացնելուն, գիտելիքները հարստացնելուն և հայոց լեզվի բառապաշարը յուրացնելուն։ Նախատեսված է տարրական դպրոցի և միջին դասարանների աշակերտների համար։
Գրքում հայերենի կետադրության մասին գիտելիքները մատուցված են ամենատարբեր տեսանկյուններից։ Դա թույլ է տալիս կետադրության մասին տեղեկությունները որոնել ու գտնել ցանկացած առիթով ու պատրվակով՝ շարադրելիս, սրբագրելիս, խմբագրելիս, կրթվելիս, քննության պատրաստվելիս, ուսուցանելիս, քննելիս, խորհրդատվության ժամանակ, լեզվական կարողություններդ ցուցադրելիս… Այս գիրքը քեզ կօգնի, թե ուզում ես իմանալ՝ * երբ կարիք կա կետադրության, * ո՛ր նշանը ինչի համար է, * ո՛ր դեպքում ինչ նշան է նախընտրելի գործածել, * կետադրական ինչ այլընտրանքներ կան, * նախադասության ո՛ր անդամն ինչպես է տրոհվում, * կետադրական ո՛ր կանոնն ինչ բացառություններ ունի, * ինչպես պետք է կողմնորոշվել շփոթելի դեպքերում, * ինչպես կարելի է խուսափել քննական ծուղակներից, * պատրաստ ես արդյոք...
Բառարանը պարունակում է հայերենի 700-ից ավելի դարձվածք՝ բացատրությամբ, գործածության առանձնահատկությունների մատնանշումով և գեղարվեստական գրականությունից քաղված նմուշներով։ Բառարանը մեծապես կնպաստի աշակերտների հայերեն խոսքը հարստացնելուն և պատկերավոր, արտահայտիչ ու հյութեղ դարձնելուն։ Նախատեսված է տարրական դպրոցի և միջին դասարանների աշակերտների համար։
Հոմանիշների այս բառարանը պարունակում է հոմանիշների 300-ից ավելի շարքերում խմբագրված շուրջ 1300 բառ։ Հոմանիշ բառերը ներկայացվում են իմաստներով, հայ դասական և ժամանակակից գրականությունից քաղված օրինակներով։ Բառարանը մեծապես կնպաստի աշակերտների բառապաշարը հարստացնելուն, հայերեն պատկերավոր և արտահայտիչ խոսք ստեղծելու կարողության ձևավորմանը և զարգացմանը։ Նախատեսված է տարրական դպրոցի և միջին դասարանների աշակերտների համար։
Հոմանիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար։ Բառարանը պարունակում է գրեթե 6200 բառահոդված։
Հականիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար: Բառարանը պարունակում է ավելի քան 4100 բառահոդված։
Գրքում ներկայացվում են արդի հայերենի առավել գործածական և ուսումնական առումով կարևոր դարձվածքները, համանունները, հապավումները՝ անհրաժեշտ բացատրություններով ու վերծանումներով: Գիրքը «Դպրոցական մատենաշարի» «Բառագիտություն» ձեռնարկի առաջին հրատարակության մեջ (2007 թ.) որպես հավելվածներ տեղ գտած բառացանկերի ավելի ընդարձակ և թարմացված տարբերակն է: Այն կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, դիմորդներին, մանկավարժներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայերենի բառապաշարի յուրահատուկ շերտերով: Բառարանը պարունակում է գրեթե 3000 բառահոդված (1200` դարձվածքների, 1100՝ համանունների, 700՝ հապավումների բաժիններում)։
Բառարանում ուղղագրական դժվարություն ունեցող բառերից զատ տրվում են նաև հոմանիշներ, պարզ և բաղադրյալ հատուկ անուններ, տառային հապավումներ, դարձվածքներ՝ հակիրճ բացատրություններով և համառոտ տեղեկություններով: Բառարանի վերջում կա հավելված, որն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի տեղանունները, հայոց թագավորների ու կաթողիկոսների անունները, հայոց դիցարանը և այլն: Բառարանը պարունակում է մոտ 38000 բառարանային միավոր և օգտակար կարող է լինել ինչպես դպրոցականներին, այնպես էլ ուսանողներին, հայոց լեզվի ուսուցիչներին, հայերենով առհասարակ հետաքրքրվող հասարակությանը:
Բառարանը ամփոփ կերպով ներկայացնում է արդի գրական հայերենին բնորոշ կետադրական երևույթները, դրանց հետ առնչվող նշանները և քերականական իրողությունները՝ հակիրճ սահմանումներով և օրինակներով: Ըստ կետադրական երևույթների և նշանների խմբավորված են դպրոցական ծրագրի սահմաններում գործող բոլոր կանոնները՝ իրենց ենթակետերով և բացառություններով: Հատուկ ուշադրության են արժանացված կանոնների խաչաձևման դեպքերը, տարբերակային լուծումները (զուգաձևությունները): Գիրքը կարող է օգտակար լինել մանկավարժներին, ուսանողներին, աշակերտներին, դիմորդներին, լրագրողներին և հայոց լեզուն գործնականում կիրառող այլ մասնագետների, հայոց լեզվով հետաքրքրվող լայն զանգվածներին:
Գիրքը հայերենի հրատարակված առաջին բառակազմական բառարանն է: Պարունակում է մոտ 20.000 բառահոդված, որոնք արտացոլում են ավելի քան 30.000 բառի կազմություն: Հասցեագրվում է դպրոցի միջին և բարձր դասարանների աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին և ընդհանրապես հայերենի բառերի կազմությամբ հետաքրքրվողներին:
Առձեռն բառարանահավաքը կազմված է հանրակրթական դպրոցների մանկավարժների և նրանց սաների համար: Նրանք գրքում կգտնեն իրենց հետաքրքրող բառերի իմաստները, բառարմատները, կիմանան առօրյա խոսակցական լեզվում և գրականության մեջ օգտագործվող շատ դարձվածքների իմաստները, ինչպես նաև անձնանունների ծագումն ու իմաստը և բառերի ուղղագրությունը: