Համո Սահյանի 1986–1992 թթ. գրված բանաստեղծություններն ընդգրկող այս ժողովածուն կազմել է հեղինակը և տպագրության հանձնել 1990–ականների սկզբին: Սակայն տարբեր պատճառներով գիրքը լույս չի տեսել: Միայն 1998 թվականին` բանաստեղծի մահից հինգ տարի անց, ժողովածուն հրատարակվեց գրականագետ–սահյանագետ Շ. Դավթյանի ու Հ. Այվազյանի ջանքերով և խմբագրությամբ: Սահյանական բանաստեղծական աշխարհի բնութագրական նշանների ու մոտիվների կողքին ժողովածուում տեսանելի են նաև կյանքի մայրամուտն ապրող բանաստեղծի հրաժեշտը խորհրդանշող նուրբ հոգեբանական պատկերներ, տիրող քաղաքական իրականության սուր անդրադարձներ և ժամանակի հասարակական տրամադրությունների խոր ընդհանրացումներ:
Պոեմն իրենից ներկայացնում է Կոմիտասի կենսագրության լիրիկական պատմվածք։ Պոեմը գրվել է 1959 թվականին Մոսկվայում։ Պ. Սևակը Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը՝ հիմնականում եղեռնը, որին միահյուսվում են կոմիտասյան երգի տարրերը։
1950-ական թվականներին գրված և հեղինակի կյանքի օրոք անտիպ մնացած վեպ։ Սա մի նոր բացահայտում է Պարույր Սևակի գրական ժառանգության համար։ Սևակի արձակը նույնքան ինքնատիպ, տարբերվող և ազդեցիկ է, որքան պոեզիան։ Հոգեբանական վեպի ժանրին հարող այս ստեղծագործությունը պատմում է սիրո և ատելության, հավատարմության ու դավաճանության, եղբայրության և թշնամանքի, անձնազոհության ու եսասիրության մասին։