Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:
Մանկական գրականություն մուտք գործելով Պիպիի մասին պատմություններով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը (1907-2002) հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ-ին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը: Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:
Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը: