Գրիգոր Գուրզադյանի էսսեների այս հատորը թվով չորրորդն է “Տիեզերքը ափի մեջ”, “Նարեկացու աղերսանքը” ու “Կաքավաբերդի առեղծվածը” ժողովածուներից հետո, որը նվիրված է արվեստի, գրականության, փիլիսոփայության, պատմության ու նաև գիտության տարբեր հարցերին: Վեց էսսե է նվիրված միայն ճարտարապետությանը: Բոլորովին նոր մոտեցմամբ է ներկայացվում Լեոնարդո դա Վինչիի Հայաստանում լինելու վարկածը: Ցնցող է Էվերեստի նվաճմանը նվիրված պատմությունը: Փաստեր, ապրումներ, խորհրդածություններ` բոլորովին նոր, շատ հաճախ անսպասելի վերջավորություններով, և այդ ամենը գրական, լեզվական ու ոճական հետաքրքիր մատուցմամբ:
Գրիգոր Գուրզադյանի էսսեների այս հատորում` թվով վեցերորդ, ներկայացված են նրա վերջին գործերը, այդ թվում չհրատարակված: Դրանք նվիրված են պատմության, արվեստի, փիլիսոփայության, գիտության, ճարտարապետության, կոսմոսին առնչվող հարցերին: Հուզիչ է “Ռամզես-Նեֆերտարի…” պատմությունը: Անակնկալ պիտի համարել “Հանճարեղ կանայք” ինքնատիպ էսսեն: Խիստ ուշագրավ է “Ինչ է ամբոխը” հոգեբանական-փիլիսոփայական ուսումնասիրությունը: Ուշադրություն է գրավում “մարդ-տիեզերք”, “պետություն-գիտություն” պրոբլեմների նորովի ու խիստ տպավորիչ մատուցումը:
Գիրքը Գրիգոր Գուրզադյանի էսսեների հինգերորդ ժողովածուն է` նվիրված փիլիսոփայությանը, արվեստին, պատմությանը, գրականությանը, ճարտարապետությանը, նաև գիտությանն ու կոսմոսին առնչվող իրադարձություններին: Տպավորիչ է իտալական Ռենեսանսի հանճարներին նվիրված ընդարձակ շարքը, հելլենական Հունաստանի արվեստը ներկայացնող տրիլոգիան: Չորս էսսե նվիրված է վերջին տարիներին կոսմոսում տեղի ունեցած խոշորագույն իրադարձություններին:
Սա տասներկուերորդ ժողովածուն է հեղինակի էսսեների` նվիրված արվեստի, գրականության, գիտության, պատմության, փիլիսոփայության և այլ հարցերին: Ուշագրավ է էսսեների ոճական հարստությունը: Գիրքն առատորեն հագեցված է իր իսկ` հեղինակի նկարչական գործերով:
Ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի այս ժողովածուն ներկայացնում է հեղինակի մտորումները, թե որն է այսօրվա մեր պատկերացումը տիեզերքի մասին, և որն է մարդու առաքելությունն այս Երկիր կոչված մոլորակի վրա: Մարդու ներկայությունը Երկրի վրա, հեղինակի կարծիքով, տիեզերական երևույթ է: Նա հնարավոր չի համարում մարդու այս տեսակի գոյությունը այլ աստղերի շուրջն առաջացած մոլորակների վրա: Գրքում մեծ տեղ է հատկացված մտքի թռիչքին, մշակույթի և արվեստի ասպարեզներում Երկրի վրա ստեղծված արժեքներին:
Ներկա հատորը հեղինակի էսսեների` թվով ութերորդ ժողովածուն է` նվիրված այսօրվա գիտության խոշորագույն պրոբլեմներից մեկին` գալակտիկային: Հեղինակը ցույց է տալիս, թե ինչ հեղաշրջող դեր է խաղացել ու շարունակում է խաղալ, արդեն երկու տասնամյակ անընդմեջ, Հաբբլ անունը կրող այդ վիթխարի կոսմիկական տելեսկոպը: Գրքում բերված են շուրջ քառասուն գալակտիկաների խիստ տպավորիչ նկարները, բոլորն էլ գունավոր` այդ տելեսկոպի օգնությամբ ստացված: