Գիրքը ցույց է տալիս ժողովրդական բժշկության հնարավորությունների ու միջոցների առանձնակի դերը մեր կյանքում, ինչպես նաև լիարժեքորեն ներկայացնում դեղագրության այն հարուստ ավանդները, որոնք կիրառելի են տնային պայմաններում: Առաջարկվում են պարզ, բայց առավել գործունակ դեղատոմսեր, որոնցում օգտագործվող դեղաբույսերը լայնորեն տարածված են:
Գրքում մեկնաբանված են Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության վերաբերյալ օրենսդրության բոլոր այն դրույթները, որոնք անհրաժեշտ են վարորդներին` անվտանգ և գրագետ վարելու համար: Գիրքն օգտակար է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների պատրաստվող սկսնակներին:
Հասարակական կյանքի զարգացման արդի պայմաններում քաղաքակիրթ հասարակության յուրաքանչյուր անդամին անհրաժեշտ է վարվեցողության կանոնների իմացություն և կիրառում: Այս գրքի նպատակն է ընթերցողին ծանոթացնել քաղաքակիրթ վարվելակերպին և գեղեցիկ շարժուձևին առնչվող հարցերին: Գրքում ներկայացված են ժամանակակից վարվեցողության հիմունքները, գործարար վարվեցողության և արարողակարգի միջազգային նորմերը:
Մարդկային երևակայությունը սահմաններ չունի: Այդ երևակայության արդյունքն է նաև Մարաշի ասեղնագործությունը, որը դարերի խորքից հասել է մեզ և իր արտասովոր տեսքով հիացնում է դիտողին: Մեծ գործ են անում նրանք, որոնք պահպանում են ավանդական նախշերը՝ հին հայկական խորհրդանիշները, հնուց եկած ասեղնագործության եղանակները և հնարքները փոխանցում նոր սերունդներին: Մենք փորձել ենք ստեղծել նաև նոր ձևեր՝ հենվելով կատարողական հին սկզբունքների վրա, և այս բոլոր հմտություններն ու նախշերը հանձնում ենք Ձեզ՝ հույս ունենալով, որ այս արվեստը կշարունակվի և կզարգանա Հայաստանում և ամբողջ աշխարհում:
«Հայկական ասեղնագործ ժանյակ» ձեռնարկը ծանոթացնում է հարթ (Վանի ասեղնագործության դպրոցը) և ծավալային (Կարինի ասեղնագործության դպրոց) ժանյակների ստեղծման նրբություններին, ասեղով հատուկ հանգույցներ կապելու, հանգույցների և թելերի շնորհիվ տարբեր նախշազարդեր ստանալու հմտություններին: Ձեռնարկում առաջին անգամ մանրամասն նկարագրվում է Կարինի ավանդական ասեղնագործության ուսուցման ընթացքը:
Գիրքը ներկայացնում է օրգանիզմի օրգանների մորֆոլոգիային և կազմաբանությանը վերաբերող մանրամասներ: Յուրաքանչյուր օրգան համակարգ ներկայացնելուց առաջ համառոտ տրված են ֆունկցիաները և նշանակությունը օրգանիզմի համար: Կառուցվածքային սխեմա ներկայացնող բոլոր օրգանները տրված են լատինական տերմիններով, որոնք համապատասխանում են միջազգային անատոմիական անվանակարգերին և նրանց ուղղագրությանը, իսկ հայերեն տերմինները ճշտված են` կիրառելով բարեհունչ և դիպուկ հոմանիշներ:
Շունը մարդու լավագույն ընկերն է. սա վաղուց է հայտնի, սակայն ոչ բոլորը գիտեն այս հրաշք կենդանիների խնամքի ու կենսակերպի հետ կապված շատ ու շատ կարևոր հարցեր: Գրքում ներկայացված է շների ավելի քան հիսուն ցեղատեսակ, նրանց առանձնահատկությունները, սննդակարգային սահմանափակումները, ինչպես նաև վարժեցման մի շարք կանոններ: Հայերենով առաջին անգամ հրատարակվող այսօրինակ գիրք–ուղեցույցը հրաշալիորեն կողմնորոշում է փոքրիկներին և նրանց ծնողներին շների ընտրության, խնամքի և վարժեցման հարցերում` սովորեցնելով նաև հարգել կենդանիների տրամադրությունն ու սովորույթները:
Գիրքը ներկայացնում է՝ ինչպես ճիշտ կազմակերպել երեխայի քունը, որքան պետք է քնի երեխան, որոնք են մանկան քնի խանգարման հիմնական պատճառները: Սրանք հարցեր են, որոնք մշտապես հուզել և հուզում են ծնողներին: Որքան էլ նման կամ տարբեր լինեն մասնագետների մոտեցումներն ու կարծիքները, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ծնող պետք է գտնի իր երեխայի քունը կազմակերպելու այն տարբերակը, որը կձևավորի երեխայի վերաբերմունքը քնի նկատմամբ:
Յուրաքանչյուր մարդու մոտ գրիպն արտահայտվում է տարբեր ձևերով: Տարբերվում են գրիպի թեթև, միջին և ծանր տեսակները: Գիրքը ներկայացնում է ժողովրդական բժշկության մի շարք գաղտնիքներ, որոնք կօգնեն գրիպի ցանկացած տեսակի դեպքում: