Գիրքը ներկայացնում է օրգանիզմի օրգանների մորֆոլոգիային և կազմաբանությանը վերաբերող մանրամասներ: Յուրաքանչյուր օրգան համակարգ ներկայացնելուց առաջ համառոտ տրված են ֆունկցիաները և նշանակությունը օրգանիզմի համար: Կառուցվածքային սխեմա ներկայացնող բոլոր օրգանները տրված են լատինական տերմիններով, որոնք համապատասխանում են միջազգային անատոմիական անվանակարգերին և նրանց ուղղագրությանը, իսկ հայերեն տերմինները ճշտված են` կիրառելով բարեհունչ և դիպուկ հոմանիշներ:
Ձեռնարկում ամփոփված են գործնական հաղորդակցմանն անհրաժեշտ ժեստերի, դիմագծերի, պանտոմիմիկայի նկարագրությունները տարբեր իրադրություններում: Զետեղված խնդիրները կարևոր դեր կխաղան հաղորդակցման հոգեբանության հարցերը յուրացնելիս: Ձեռնարկը նախատեսված է ուսանողների, որակավորման բարձրացման ֆակուլտետների ունկնդիրների, ընդհանուր եւ սոցիալական հոգեբանության գործնական հարցերով զբաղվող մասնագետների և պրակտիկ աշխատողների համար:
Ձեռնարկը ընդգրկում է իրավաբանական, ռազմական և մանկավարժական հոգեբանության շրջանակներում կատարվող ուսումնասիրությունների համար նախատեսված մեթոդներ: Գրքում ներկայացված են նաև որոշ ակտիվ հոգեբանական մեթոդներ, հոգեբանի աշխատանքի բարոյական սկզբունքներն ու կանոնները, ինչպես նաեւ ինֆորմացիա է տրվում հոգեբանական գիտափորձարարական հետազոտությունների կազմակերպման, հարցարանների ստեղծման, ստանդարտացման եւ արդյունքների վիճակագրական վերլուծության տիպիկ ընթացակարգերի մասին:
Ձեռնարկը կազմված է 14 ընդարձակ գլուխներից, որոնցում քննարկվում են էթնոհոգեբանության հիմնական խնդիրները. էթնոսի բնութագիրը, էթնոս, ազգ, ռասա, էթնոգենեզի հիմնական փուլերը, միջէթնիկական հարաբերությունների տեսակները, ազգային հոգեկերտվածք եւ բնավորություն, ազգային սիմվոլներ և ստերեոտիպեր և այլն: Էթնոհոգեբանության մեջ առաջին անգամ ներկայացվում է էթնիկական ինքնապաշտպանության մեխանիզմների և ռազմավարությունների մանրամասնորեն մշակված տեսություն:
Տարեգիրքն ամփոփում է 17 արհեստավարժների հոդվածներ՝ նվիրված համաշխարհային և հայոց պատմության հիմնախնդիրներին: Դրանք դիտարկված են սահմանային տիրույթներում, որտեղ պատմությունը հանդիպում է քաղաքագիտությանն ու ընկերաբանությանը, իմաստասիրությանն ու գաղափարաբանությանը, նշանագիտությանն ու բանասիրությանը, մշակութաբանությանն ու միջազգային իրավունքին, աշխարհագրությանն ու աշխարհաքաղաքականությանը: Հանդիպումներ, որոնք էապես կերպափոխել են պատմագիտության ավանդական ընդգրկումները, նաև՝ արժեբանությունը: Անցյալատեսության հենց այս ձևը, որ տիրական է արդի հումանիտար մտակեցվածքում, պայմանավորել է տարեգրքի և’ բովանդակությունը, և’ կառույցը:
Գրքում ներկայացված են հայասպանության` ամենացեղասպան ցեղասպանության հարցերի քննարկումները աշխարհի տասը լեզուներով: Լուսաբանված են արաբական պատմագիտության կողմից հայոց ցեղասպանությանն անդրադառնալու դրդապատճառները և այդ հիմնախնդրին նվիրված արաբական պատմագիտական գրականության դասաբաժանումը: Մենագրությունը հասցեագրված է հայ ժողովրդի պատմության մասնագետներին, արաբագետներին, թուրքագետներին և ընդհանրապես արևելագետներին, միջազգայնագետներին, ցեղասպանագետներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են պատմության հարցերը:
Գրքում համառոտակի շարադրված է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այն գրված է աղբյուրագիտական հիմքի վրա՝ օգտագործելով համապատասխան մասնագիտական գրականությունը: Գրքում հաշվի են առնված պատմագիտական վերջին ձեռքբերումները, և հնարավորին չափ լուսաբանված են մի շարք հիմնախնդիրներ: Գիրքը նախատեսվում է բուհերի ուսանողների, բուհ ընդունվողների, պատմության ուսուցիչների և ընթերցող լայն հասարակության համար:
Ձեռնարկը հասցեագրված է 2–4–րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին, ինչպես նաև ծնողներին:
Գրքի առաջին մասում տրված են աշխարհի ժողովուրդների լեզուների դասակարգման, հնդեվրոպական լեզվաընտանիքի, հնդեվրոպական նախալեզվի, հնդկական ընտանիքի և իրանական ճյուղի լեզուների մասին տեղեկություններ: Երկրորդ մասում ներկայացված է պարսից ժողովրդի անցյալը, պարսկերենի պատմությունը և այդ լեզվի քերականությունը: Երրորդ մասը նվիրված է Իրանի ժողովրդի համառոտ պատմությանը հին ժամանակներից մինչև XX դարի սկիզբը:
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ ոճագիտությունից, տեքստագիտությունից և հայոց լեզվի պատմությունից։ Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, բուհի դիմորդներին, ուսանողներին, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցիչներին։ Առաջին հրատարակությունը լույս է տեսել 2012 թ.՝ որպես «Հայոց լեզու» ստվարածավալ գրքի մի մաս:
Սույն ձեռնարկը նախատեսված է հայերենի քերականությամբ հետաքրքրվողների, հայոց լեզվի ուսուցիչների, ուսանողների, աշակերտների և հատկապես դիմորդների համար: Հեղինակները ձգտել են ավելի հանգամանալից ու պարզ ներկայացնել շարահյուսության բովանդակությունը՝ հատկապես ուշադրություն դարձնելով օրինակների և վարժությունների բազմազանության և նպատակային որոշակիության վրա:
Սույն գիրքը կօգնի հարստացնելու հայ մանուկների կրթության գործում ուսանողների գիտելիքներն ու կարողությունները: Ձեռնարկում ներկայացված են ոչ միայն գրաճանաչության և կարդալու, գրագետ խոսք կառուցելու (բանավոր և գրավոր) կարողությունների ձևավորման մեթոդները, այլև հայոց լեզվի քերականության տարրական ուսուցման մեթոդիկան: Նախատեսված է մանկավարժական բուհերի` տարրական դպրոցի ուսուցիչներ պատրաստող բաժինների ուսանողների, տարրական դասարանների ուսուցիչների, ինչպես նաև կրտսեր դպրոցականների կրթադաստիարակչական հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների համար: