«Արդի» մատենաշարի «Սարյակի պատուհանը» գրքում ընդգրկված է ժամանակակից հայ գրող Հրաչ Բեգլարյանի չորս վիպակ: Դրանք գրվել են տարբեր ժամանակներում՝ հեղինակի ստեղծագործական կյանքի տարբեր շրջափուլերում, արտահայտում են մարդու ներքին անհանգստությունները, մտահոգությունները, տառապանքը, ուրախություններն ու ձգտումները: Հերոսները դժվար են ապրում, արարում, պայքարում են կյանքի ու հայրենիքի համար: Հաճախ հաղթում են աշխարհին, իսկ եթե պարտվում են, պարտվում են սեփական անձի դեմ մղած պայքարում:
«Մամիկ» գիրքը հեղինակի առաջին ամփոփ ժողովածուն է, որում տեղ գտած պատմվածքներն ու ակնարկները ներկայացնում են հայկական գյուղի շունչն ու բույրը, բարքերն ու սովորույթները, օրն ու ցավերը, խնդիրները, հայ մարդուն՝ երբեմն առաջին հայացքից միամիտ, բայց խոր ու ազնիվ, հնարամիտ ու պատվախնդիր:
«Էմբրիոն» գրքում զետեղված են երեք վիպակներ, որոնք թարգմանվել են նաև օտար լեզուներով (ռուսերեն, գերմաներեն, սլովեներեն): Վիպակներն արտացոլում են ժամանակակից մարդու հուզաշխարհը և մտածողությունը, որոնք գրողի երկարամյա ստեղծագործական հետաքրքրություններից են:
«Արդի» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Անատոլի Հովհաննիսյանի «Գնում եմ կորեմ» բանաստեղծությունների ժողովածուն։ Այն ընդգրկում է հեղինակի նախորդ երկու գրքերը գրեթե ամբողջութամբ, իսկ առաջինը՝ շուրջ երկու տասնյակ գրվածքով՝ ընթերցողին հնարավորություն տալով տեսնելու նրա անցած ողջ գրական ուղին ու ընթացքի զարգացումը ժամանակակից հայ պոեզիայի խորապատկերում։
«Արդի» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» ժողովածուն։ Այն հեղինակի անդրանիկ գիրքն է։ Ժողովածուն ընդգրկում է մի շարք պատմվածքներ, որոնցից որոշները հրապարակվել են գրական մամուլում։ Արմինե Գաբրիելյանի գրական կենսատարածքը Արարատյան դաշտն է, հերոսները՝ այնտեղ ապրող պարզ ու հասարակ մարդիկ, առավելաբար կանայք՝ իրենց առօրյա հոգսերով, մաքառումներով ու սիրով։ «Բնաշխարհը, ուր ապրում, մեռնում կամ շարունակում են ապրել, թախծել, երազել, երբեմն ակամա փիլիսոփայել Արմինե Գաբրիելյանի անդրանիկ այս ժողովածուի հերոսները, հարազատ է։ Այն ո՛չ Մթնաձորն է, ո՛չ Ծմակուտը, ո՛չ էլ առավել ևս Յոքնափաթոֆան։ Բայց առանձնացած է, փակ, թեև Չարենցի բնորոշմամբ «անդուռ ու խորշակյալ» Արարատյան դաշտն է։ Գրքի ընդհանրական կերպարն էլ Կոստան...
«Արդի» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Նշան Աբասյանի «Պետրիկոր» ժողովածուն, որ ներառում է հեղինակի՝ ինչպես ընթերցողին արդեն ծանոթ բանաստեղծություններ՝ մի փոքր խմբագրված կամ ոչ, այնպես էլ որոշ նոր կամ անտիպ գործեր։
Արդի մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» ժողովածուն։ Արամ Ալավերդյանի անունը անծանոթ չէ ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրվող ընթերցողին։ Նրա ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ», «Անդին», «Արդի», «Կայարան» կայքերում։ Սակայն առանձին գրքով՝ ընթերցող լայն հանրությանը հեղինակը ներկայանում է առաջին անգամ։ Այս ժողովածուում ընդգրկված պատմվածքներն ու ակնարկները գերազանցապես նվիրված են Արցախյան առաջին պատերազմին։ Դրանք վկայագիր-վավերագրեր են՝ ստեղծված գեղարվեստի լեզվով։ Դա գրվածքների ինքնօրինակության հիմնական գրավականներից է։ Պատերազմը մենք սովոր ենք «ճանաչել» ընդհանրացված հայրենասիրական գնահատականներով կամ ռազմի դաշտում տեղի ունեցած հերոսական դրվագների նկարագրությամբ։ Այստեղ, սակայն, ընթերցողը կկարդա անձնական ողբերգությունների պատմություններ, արհավիրքը կտեսնի սովորական արցախցու՝ ընտանիքի հոր, մոր, եղբոր կամ քրոջ աչքերով։...
«Արդի» մատենաշարի սույն հատորում ներառված են Վահան Տեր-Ղազարյանի տարբեր տարիների գրված պատմվածքները և վիպակները։ Գիրքը հանդիսանում է հեղինակի մինչ այժմ հրատարակված ստեղծագործությունների ամենից ամփոփ ժողովածուն: «Տիպանգոյի» էջերում ընթերցողը կբացահայտի հեղինակի ինչպես ստեղծագործական, այնպես էլ մասնագիտական առանձնահատկություններն ու արժանիքները։
«Արդի» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում երիտասարդ հեղինակ Հայկ Սիրունյանի «Ադամամութ» ժողովածուն, որ ներառում է նրա բանաստեղծություններն ու էսսեները։ Չնայած երիտասարդ տարիքին՝ ժողովածուն ընդգծում է Սիրունյանի ասելիքը, իսկ նրա ուրույն ձեռագիրը կանխորոշում է, որ իր արժանի տեղն է զբաղեցնելու հայ ժամանակակից գրականության մեջ։ Գրքում հեղինակը հմտորեն կարողացել է կամուրջ ստեղծել հայ գրականության դասական ավանդների և արդի բանաստեղծական մոտեցումների միջև։