«Վերնասրահի զավակները», որ ծնունդ է տվել կինոյի անմահ գործերից մեկին՝ Մարսել Կառնեի համանուն ֆիլմին (1945), վերակենդանացնում է XIX դարի ֆրանսիական թատրոնի այն շրջանը, երբ մրցակցում էին հավասարապես մեծ ժողովրդականություն վայելող մնջախաղը և մելոդրամը՝ ի դեմս մեծահամբավ արտիստներ Ժան-Գասպար Դըբյուրոյի և Ֆրեդերիկ Լըմետրի (տեքստում ներկայացված են որպես Բատիստ Տաբյուրո և Ֆրեդերիկ Լըպրենս): Ժակ Պրևերի սցենարը, ամբողջովին ներշնչված լինելով թատրոնից, այնքան գունեղ ու տպավորիչ է պատկերում ժամանակի թատերաշխարհը, որ միանգամայն օրինաչափորեն տեղ է գրավել «Բեմ» մատենաշարում: Պրևերյան բանաստեղծական ռեալիզմի ոգով կյանքն ու թատրոնը շարունակում են ու փոխլրացնում իրար` ասպարեզ բերելով մարդկային կատակերգության դրաման և զավեշտը: Goodreads
Փինթերյան այս ժողովածուն ընդգրկում է հեղինակի ճանաչված գործերից չորսը՝ «Սպասարկու վերելակը» (1957), «Հավաքածուն» (1961), «Բնապատկերը» (1967) և «Հին օրերը» (1970), վերջինս Լոնդոնի թատերական քննադատները տարվա լավագույն պիեսն են համարել): Փինթերի ինքնօրինակ աշխարհը, որտեղ ամեն ինչ պարուրված է առեղծվածի ու խորհրդավորության մշուշով, ազդու շեշտերով է դրսևորվել մարդու օտարման, փոխադարձ կապերի երևութականության ու իրերի անիմանալի հարաբերականության, անվերջ նորոգվող ներքին կեղեքումների մոտիվներով դրոշմված այս պիեսներում, որոնց բազմիմաստությունը տարատեսակ մեկնությունների տեղիք է տվել: Goodreads
Լևոն Շանթի «Հին աստվածներ» և «Կայսր» դրամաները հայ գրականության մեջ խորհրդապաշտության ամենացայտուն դրսևորումներից են և որպես գեղարվեստական արժեք աննախադեպ: Այս դրամաներում կարծես սահմանագիծ չկա ներկայի ու պատմության միջև: Եվ եթե «Հին աստվածները» (1909) պատմականության հենքով արծարծում է արդիական գաղափարներ՝ պայմանականության վերածելով հենց այդ պատմականությունը, ապա «Կայսրը» (1914) բյուզանդական դարերի ճիշտ ու հավաստի դեպքերի նկարագրությամբ ու գործող անձանցով բացահայտում է ընդհանրապես մարդու հոգեբանությունը, բարքերն ու ձգտումները՝ շատ առումներով պատմական իրականությունն արժմեացնելով: «Հին աստվածները» հայ գրականության ամենաշատ բեմադրված գործերից է: Բազմիցս բեմադրվել է նաև «Կայսրը»:
Լնոն Շանթի այսպես կոչված՝ «Կիլիկյան դրամաները»` «Ինկած բերդի իշխանուհին» (1921) և «Օշին Պայլը» (1929), ստեղծվեցին Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո: Անհատի դրաման և ողբերգությունը շեքսպիրյան ոգով արտացոլելուց զատ, այս գործերն իրենց գաղափարական հատույթում նախ և առաջ արձագանքում են Հայաստանի առաջին հանրապետության անկման պատճառահետևանքային կապերի ընկալմանը և Շանթի պատմափիլիսոփայության մեջ առավել ցավագին շեշտերով բեկում մարդու և իր ժամանակի հարաբերակցության ու շատ դեպքերում` ժամանակների հոլովույթի տրամաբանության մեջ մարդու անզորության և դատապարտվածության դրաման:
Գրիգորի Գորինի ընտիր պիեսների ժողովածուն ընդգրկում է նրա ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում ստեղծված երեք հռչակավոր գործ՝ «Այն նույն Մյունխաուզենը» (1974), «Տունը, որ շինել էր Սվիֆթը» (1980), «Քին IV» (1991, «Բյուրեղապակե Տուրանդոտ» մրցանակ լավագույն ժամանակակից պիեսի համար): Երեք պիեսի կենտրոնում էլ վառ ու արտասովոր անհատի կերպար է՝ լեգենդար բարոն Մյունխաուզեն, մեծ երգիծաբան Ջոնաթան Սվիֆթ, նշանավոր շեքսպիրյան դերասան Էդմունդ Քին: Այս հերոսների ոդիսականը Գորինի ձեռքի տակ վերածվել է աֆորիստիկ իմաստությամբ, տրագիֆարսի խորունկ փայլով ու սրամտության շողերով դրոշմված թատերական հրավառության:
Եվգենի Շվարցի հռչակավոր գործերի այս ժողովածուն ընդգրկում է չորս հեքիաթ՝ «Մերկ թագավորը» (1934), «Ստվերը» (1940,բեմադրությունն առաջնախաղից հետո արգելվել է), «Վիշապը» (1944, առաջնախաղից հետո պիեսի վրա դրված արգելքը հանվել է միայն 1962-ին), «Սովորական հրաշք» (1954): Բոլոր պիեսներն էլ, որոնք առաջին անգամ են հրատարակվում հայերեն, այլաբանական հանդերձանքով ներկայացնում են մշտապես արդիական թեմաներ՝ բնավ չհնանալով:
Հատընտիրը կազմված է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի յուրօրինակ դրամատուրգիական աշխարհի ժանրային բազմազանությունը ներկայացնելու նկատառմամբ. «Դոն Պեռլիմպլինի սերն իր այգում առ Բելիսան» (1928, առաջին բեմ.՝ 1933) տրագիկոմեդիա է, «Կոշկակարի հրաշալի կինը» (1926-30, վերանայվել է 1933-ին, առաջին բեմ.՝ 1933)՝ ֆարս, «Արյունոտ հարսանիքը» (1932, առաջին բեմ.՝ 1933) ողբերգություն է, իսկ «Բեռնարդա Ալբայի տունը» (1936, առաջին բեմ.՝ 1945)՝ դրամա: Բոլոր գործերն էլ առաջին անգամ են բնագրից թարգմանվել հայերեն:
«Երեքգրոշանոց օպերա»-ն (1928) և «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» (1939) բրեխթյան դրամատուրգիայի գլուխգործոցներն են՝ XX դարի թատրոնի խոշորագույն դեմքերից մեկի ամենահռչակավոր երկերը: Առաջինը Ջոն Գրեյի «Մուրացկանի օպերա» ստեղծագործության (1728) սյուժետային հենքի վրա գրված սոցիալական երգիծանք է բալլադային մյուզիքլի ոգով, երկրորդը՝ ցնցող հակապատերազմական դրամա, որի հերոսուհին համաշխարհային խաղացանկի ամենատպավորիչ կերպարներից մեկն է:
Ժողովածուն ընդգրկում է «ռուս Էդգար Պո» կոչված Լեոնիդ Անդրեևի նշանավոր գործերից երկուսը՝ «Մարդու կյանքը» (1907) և «Սև դիմակներ» (1908) փիլիսոփայական դրամաները, որոնք լավագույնս են ներկայացնում նրա տպավորիչ ստեղծագործական աշխարհը՝ հոռետեսությամբ դրոշմված աշխարհընկալումը, սերը պարադոքսների հանդեպ և խորիմաստ սիմվոլիստական արտահայտչականությունը:
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում գրական մեծ նորարար, աբսուրդի թատրոնի հիմնադիր Ալֆրեդ Ժարիի «Ուբյու Արքա» նշանավոր դրաման, որը հղացվել է դեռևս դպրոցական տարիքում, հրատարակվել և բեմադրվել 1896-ին Փարիզում: Պիեսի գլխավոր հերոսը Հայր Ուբյուն է՝ գրոտեսկային, արգահատելի և վանող մի կերպար, անգութ բռնակալ, որ հանցավոր ճանապարհով բազմում է Լեհաստանի թագավորական գահին: Ուբյուն մարդկային դաժանության, տկարամտության, ժլատության և իշխանատենչության խորհրդանիշն է:
«Պիեսներ» հատընտիրն ընդգրկում է երեք նշանավոր դրամա՝ մեծահամբավ «Ցանկություն անունով տրամվայը» (1947), որը 1948-ին արժանացել է Փուլիցերյան մրցանակի և XX դարի լավագույն ամերիկյան պիեսներից մեկի համարումն ունի, «Դաջված վարդը» (1951) և «Իգուանի գիշերը» (1961): Երեքն էլ իրարից շատ տարբեր գործեր են, բայց բոլորը դրոշմված մի կողմից խռովահար, տանջալի, բորբոքուն, մյուս կողմից ռոմանտիկ ու բանաստեղծական այն աշխարհի կնիքով, որին ծնունդ է տվել Թենեսի Ուիլյամսն իրեն հատուկ մեծ վարպետությամբ: Գրքում տեղ են գտել հետևյալ պիեսները՝ «Ցանկություն անունով տրամվայը» «Դաջված վարդը» «Իգուանի գիշերը»
Սարոյանական դրամատուրգիայի այս ընտրանին ընդգրկում է Վիլյամի Սարոյանիամենահռչակավոր պիեսը՝ Փուլիցերյան մրցանակի արժանացած «Քո կյանքի ժամերը», որ ստեղծվելուն պես՝ 1939-ին, բեմադրվել է Բրոդվեյում, ինչպես նաև 1940-42 թթ. գրված երեք կարճ գործ, այդ թվում՝ «Հե՜յ, ո՞վ կա» փոքրիկ գլուխգործոցը: Սարոյան դրամատուրգի յուրօրինակ ինքնությունն ու նրա արտասովոր թատրոնն ամենաշահեկան կողմերով ներկայացնող բոլոր այս երկերը հրատարակվում են վերանայված թարգմանությամբ: Գրքում տեղ են գտել հետևյալ պիեսները՝ «Քո կյանքի ժամերը» «Հե՜յ, ո՞վ կա» «Տարեկանի արտում» «Պինգ- պոնգ խաղացողները»
Էդմոն Ռոստան ի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսը համաշխարհային դրամատուրգիայի մի գլուխգործոց, հայերեն է թարգմանել մեր դերասանական արվեստի անզուգական վարպետ Արման Կոթիկյանը (1896-1968), որը նույնքան տաղանդավոր թարգմանիչ էր և բանաստեղծ: Հայերեն «Սիրանոն» լույս է տեսել 1951-ին Երևանում և այլևս չի հրատարակվել` մնալով ստվերում, մինչդեռ խոսքը հայ թարգմանական գրականության մեծ մարգարիտներից մեկի մասին է: Նոր տպագրության տեքստը համեմատվել է բնագրի հետ, խմբագրվել և հանգամանորեն ծանոթագրվել: Կոթիկյանի սքանչելի թարգմանությամբ սկիզբ է առնում «ԲԵՄ» մատենաշարը, որով կհրատարակվեն միջազգային ճանաչման հասած արժեքավոր դրամատուրգիական գործեր: