Գրանիշը հայ գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք է: Հիմնադրվել է հայ և հայերեն գրականության տարածման, հայ ժամանակակից հեղինակների հանրահռչակման և գրական շուկայի կայացման համար:
«Չոռ ♡»-ն ամփոփում է վերջին տարիներին Կարեն Անտաշյանի գրած բանաստեղծությունները, հեղինակի բնորոշմամբ՝ մեմագրերը (meme-poems)։ Գրքի ծիծաղելիորեն դրամատիկ և ողբերգականորեն խնդալու տեքստերը գրված են մեմերի ոճավորումով, իսկ դրանք մեր մետամոդեռն աշխարհին անսեթևեթորեն տափակ, բայց և միակորեն հավաստի բովանդակություն տվող նոր նարատիվային քվանտներն են։ Գիրքը բշտում է լրջի և անլուրջի, կարևորի ու անկարևորի, հեգնականի ու դրամատիկի կանխակալ բաժանարարները՝ օրնիբուն, լրահոս առ լրահոս մեզ հետամուտ պատումների վաղանցիկ երևումներում կյանքի հավերժական պոետիկան ուրվագծելու հույսով։ Ժողովածուն արժանացել է «Առաջին մրցանակ»-ի Գրքի երևանյան միջազգային փառատոնի «Պոեզիա» անվանակարգում։
«Պարտության պատմություն» գիրքը մի կողմից Գեմաֆին Գասպարյանի անձնական, մյուս կողմից՝ պատերազմում պարտության ճանապարհը պատմող պատմությունների մատյան է։ Հեղինակը փորձել է տեր կանգնել իր պարտությանը ու հասկանալ այն։
«Ոչ մի ուրիշ բառ»-ը հայկուների ժողովածու է, որը ստեղծված է կոնցեպտուալիստական սկզբունքներով ու համեմված կոնկրետ պոեզիայի տարրերով: Մտահղացման հիմքում ընկած է զսպագիրը (constrained writing): Ինչպես վերնագիրն է հուշում, գիրը զսպող գործոնն այստեղ այն է, որ «Ոչ մի ուրիշ բառ» ժողովածուի բոլոր հայկուները կազմված են ԲԱՑԱՌԱՊԵՍ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության մեջ գործածված բառերից և կետադրական նշաններից։ Բառերի վերադասավորումների միջոցով քարացած կլիշեները քանդելով` այս հայկուները հարյուրամյա հեռավորությունից երկխոսում են «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության, նրանում առկա գաղափարների, հույզերի, արտահայտչամիջոցների, թեմաների հետ (պատերազմ, սեր, սուգ, էրոտիկա, ars poetica), ինչպես նաև դրանցում բացակայող, բայց և դրանցից ածանցված ժամանակակից խնդիրների վերաբերյալ:
Անրի Գրիգորյանի «Սուլոց աֆրիկացու մասին» վեպը ազգությամբ հայ տղայի ինքնության փնտրտուքն է անկախության շրջանի Վրաստանի պատմության ու հասարակական-քաղաքական իրադարձությունների զուգահեռներում։ Պապ-հայր-որդի ժառանգական շղթայում որդին փորձում է տեղորոշել իր ինքնությունը նախ որպես անհատ՝ իրեն ի պահ տրված ազգային ու լեզվական ժառանգությունը ի մի բերելով և հետո շարունակում որոնումը արդեն սեփական սեռականության, հարաբերությունների և իրականությունից եկող կոդերի փոխշփման աստիճանում։
Իրադարձությունների, մարդկանց, սովորույթների եւ մշակութային ընկալումների համեմատություն՝ խճանկարի տեսքով: Հեղինակ Նունե Լեւոնյանն ընթերցողների դատին հանձնեց իր «Այդ տարին» գիրքը, որտեղ պատմում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացրած իր մեկ տարվա մասին: Նունեն 2017-ին էր տեղափոխվել Վերմոնտ նահանգ, իր հուշերը, սակայն, սկսել է վերաշարադրել 2020 թ-ից: Հեղինակը նշում է՝ գիրքը որոշել է գրել՝ ի պատասխան իր ընկերների հարցադրումների, ովքեր անդադար հետաքրքրվում էին՝ ինչպիսին էր կյանքն ԱՄՆ-ում: Աղբյուր
«Շուշանիկի պատմվածքներում լուսանկարչական աչքը միանշանակ է։ Տարբերվում է նաև լեզուն, որը երբեմն անսովոր է դառնում»: «Գրանիշ» հրատարակչության հիմնադիր և գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյան «Շուշանիկի պատմվածքներում կարող եք տեսնել ոչ միայն իրեն, այլ նաև ձեզ։ Նրա գործերում չկան սահմաններ։ Գրքում այնքան մեր մասին բաներ կան։ Շուշանիկը որոշել է կերպարների անունները փոխել, որ մարդիկ սկսեն փնտրել իրենք իրենց»: Դերասան, հաղորդավար Ռաֆի Թադևոսյան
Վիպակի Ճապոնիայում հողի, օդի, ջրի աղտոտվածության հետևանք տեխնածին աղետից հետո էր ընդունվել երկրի փակման մասին որոշումը։ Այդուհետ տարեցներին անմահ էին / «100 տարեկանն անցնելուց հետո այլևս հանգստի կարիք չես զգում»/, երեխաները՝ թույլ, սակայն Մումեյի սերունդն էլ ծնված օրից էր օժտված իմաստությամբ։ «Պատվիրակը» վեպում անմահությունը պատիժ է նախկինում արածի ու չարածի համար։ Արձակագիր Յոշիրոն խելացի է, սթափ, բանական, սակայն իրեն էլ չեն լսել։ Յոշիրոն տխրում է իր սերնդի՝ բնության հանդեպ վարքագծի, մեղավորության, սեփական անբավարար ջանքի, փոխանցած երկրի համար։ Ընթերցողական տպավորությամբ, համեմատությունները հետպատերազմյան Հայաստանի հետ ակնառու են ու իրապես տխուր։ Փակ երկրի նոր միջավայրում գոյատևելու համար խատուտիկի թերթերը հասնում են հսկայական չափերի,...
Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ը արկածային ստեղծագործություն է: Իրադարձությունները զարգանում են նախապատերազմական Սիրիայում, որտեղ գլխավոր հերոսները՝ հայաստանցի երեք կին հետազոտողներ, հետազոտական աշխատանքների բերումով այցելում են տարբեր վայրեր, հանդիպում եւ զրուցում ամենատարբեր մարդկանց հետ, այս ամենով պայմանավորված՝ հայտնվում Սիրիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Կհաջողվի՞ արդյոք գլխավոր հերոսներին՝ Շուշանին, Էսթերին եւ Աստղիկին դուրս գալ դժվարին իրավիճակներից…
«Այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար» ժողովածուի բանաստեղծությունները մեծ քաղաքում բարդ հասարաքաղաքական կյանքով ապրող փխրուն կնոջ մասին են, որը, սակայն, չկորցնելով մարդկային ամենանուրբ զգացումները, վերապրում, քաղաքային առօրյայի, մշակույթի բոլոր դետալները վերածում է սեփական զգացմունքների թարգմանության: Շինհրապարակից լսվող աղմուկը, քաղաքից հեռացող մարդկանց ոտնաձայները, փողոցի լքված շները, պատին գրաֆիտի գրառումը, համերգն ու հրավառությունը իրենց շարժման ընթացքից վերափոխվում են կարոտ, սեր ու թախիծ պատկերող մետաֆորների, իսկ ամբողջության մեջ՝ մի մեծ սիրո խոստովանության, որ տևելու է անվերջ՝ այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար…
Արսեն Ներսեսի «Դադիվանուց ժամագիրք» բանաստեղծական ժողովածուն երկաթբետոն շենքերով քաղաքի ու Դադիվանքի լռության մեջ ապրող մարդու երկդիմի կյանքի մասին է: Կյանք, որն անկախ իր աշխարհագրական տեղակայությունից, անցնում է հավերժական մենության, կոտրված առօրյայի, լռության վերաիմաստավորման ու դեպի բացարձակ փրկություն՝ աստվածային սիրո հավերժական ձգտման ճանապարհով:
Գրանիշ գրական համայնքը ներկայացնում է Կարեն Ղարսլյանի «Լեզվի ծայրին» գիրքը կոնցեպտուալ, փորձարարական պոեզիայի բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ լեզուն, պայթելով անվերջանալի պատերազմների մեջ (փաստական ու առօրյա-կենցաղային), փորձում է իր իսկ բեկորներից արտապատկերման նոր նշանային հետագիծ ուրվագծել, անվանում տալ իրականությանն ու գոյին:
«Սադի տակի շենքը» վեպ-էսսեն առանձին պատումներից կազմված ստեղծագործություն է, որտեղ վանաձորյան մի շենքում ապրող մարդկանց և հեղինակի անձնական կենսագրության դրվագների միահյուսմանը զուգահեռ վեր է բարձրանում անցումային մի ամբողջ դարաշրջանի պատմություն՝ բնորոշ կոլորիտով, խոր դրամատիզմով:
Նարեկ Թոփուզյանի «Երբ երազն անհետացավ» պատմվածքների ժողովածուն հետխորհրդային երկրի մասին է, որն օրեցօր անհետանում է հորիզոնում՝ որպես միրաժ, ինչպես «Երազ» մեքենան՝ տեղը զիջելով սոցիալական նոր հարաբերություններին, կյանքի նոր հայեցակարգերին, նոր խնդիրներին ու բարքերին: Տեքստի առանցքում մարդն է, որն իրականությունը շոշափելու ճանապարհներ է փնտրում, երկու հասարակարգերի միջև, ձգվող միջավայրում իր հասանելիք ժամանակն ապրելու համար:
«Դզոն»-ը էքզիստենցիալ ճգնաժամի և ինքնության տարբեր ասպեկտների փլուզումի միջով իր պարտությունների վերջնագծին մոտեցած ժամանակակից մարդու պատում է, որն այնուամենայնիվ գտնում է ճանապարհ դեպի ապրելու բերկրանքը և նրա ուղեցույցը բնավ հույսի փողփողուն դրոշակը չէ։ Ինչպիսի՞ն է իրականության հետ առերեսումը վերապրող մարդը և ինչպիսի՞ն է այդ փոխակերպությունների փորձառությունը բանաստեղծելու լեզուն։ «Դզոն» գրքում իր տեղորոշման հստակ կոորդինատները կորցրած մարդն ու իր հավաստիության ինքնորոշումը կորցրած հայերեն բանաստեղծությունը միմյանց արտահայտող մետաֆորներ են։ «Դզոնի» չորս` պարտության, հայտնության, բերկրության և արթնության գրքերում բանաստեղծն իր ընթացիկի պատումով և բանաստեղծությունն իր լեզվական ինքնությամբ անցնում են փոխակերպության հերթագա պարուրակները` փորձելով միմյանց գոյության համար վերագտնել նոր ափդեյթներ` նոր գիտակցություն, նոր չափում,...
Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» ժողովածուում ընդգրկված պատմվածքները մեկ թեմատիկ ամբողջություն են և միմյանց լրացնելով՝ վեր են հանում ազգային ինքնության, բարդույթների, ազատությունների սահմանափակման բարդ և հակասական բազմաթիվ հարցեր, որոնք ներփակ տարածականության մեջ խտանալով՝ վերածվել են ազգային հոգեվիճակի: Խոսելով ու պատմելով «անմոռուկի բարդույթի» և «երևանյան հիվանդության» տիպիկ համախտանիշների մասին՝ հեղինակը հնարավորություն է տալիս բացել սահմանները, դուրս գալ փակուղուց և տեսնել «սարի հակառակ կողմի» արտապատկերը:
«Դմբո Ջոյսը» հավաքածուի պատմվածքներում անցյալից դեպի ներկա ընդհատումներով հոսող պատկերներն են, հիշողություններն ու ապրումները, որոնք ներխառնվելով ներկայի իրականությանը, դառնում են մի ներդաշնակ ամբողջություն, ինքնաճանաչողություն՝ ցույց տալով հերոսի ապրումների նյութական արմատներն ու ներկայի ճակատագիր դառնալը:
«Ունայնիկներ» ինքնատիպ վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն սեփական հայեցակարգ ունեցող հեղինակի երկխոսություն է աշխարհի հետ՝ որպես ինքնաճանաչողություն, փրկության միջոց: Փնտրտուքի ճանապարհն անցնում է ամենափոքր, աննշան, անկարևոր իրերն ու երևույթները տեսողական դաշտ բերելու, երբեմն լուրջ, երբեմն իրոնիկ նոտաներով ամրագրելու և անպասելիորեն նոր մեկնություն տալու ընթացակարգով, որի արդյունքում «ունայնիկ» երևույթները վերակերպավորվում են որպես կյանքի ամենակարևոր շարժիչ ուժ:
Գևորգ Համբարձումյանի «Մեռնել փոքր քաղաքում» ժողովածուն սերնդի ապրելու անհնարինության տարեգրությունն է: Սերունդ, որի կյանքն անցնում է երկաթբետոնե շինությունների, ակվարիում հիշեցնող սենյակների նեղ ու սեղմող պատերի, հետզհետե ցածրացող առաստաղների հարևանությամբ՝ առանց մեծ ձգտումների ու խիզախումների: Տարածության բացակայությունը, խաչվող ճանապարհների ներկայությունը միևնույն շրջագծով՝ տուն-դաս-աշխատանք-տուն ուղեգծով օրերի հոսքում, կյանքը վերածում են դոնդողանման մի զանգվածի, որտեղից իսպառ բացակայում է բնականությունը, տարերային ազատության, մեծ ուղևորություններ սկսելու կամքն ու համարձակությունը:
Վարդան Դանիելյանի «Դոկումենտալ պոեզիա»-ն մի ամբողջ սերնդի կենսափուլ ամփոփող ժամանակի, կարելի է ասել՝ գաղջահայաստանի պոետիկ փաստավավերագրումն է՝ տրամադրությամբ դառը, բայց սուր հումորով ու ինքնահեգնանքով, սովետ–հետսովետական կարոտախտ արթնացնող շերտերով, լեզվով ու պատումով: Բայց եւ անհայտ է մնում, թե դոկումենտալ կինոյի սցենարի ու պոեզիայի միջժանրային սինթեզով ստեղծված այս տեքստերն իբրեւ հեղինակի վրիպած ֆիլմեր են գոյացել, թե իբրեւ վավերագրված բանաստեղծություններ:
«Չսիրելուց երկու օր անց» ժողովածուն մարդկային կյանքի ամենակարևոր զգացմունքներից մեկի՝ սիրո և սիրո բացակայության մասին է: Երիտասարդության հախուռն ապրումներին հաջորդող հասուն սիրո մասին պատմող բանաստեղծությունները վերապրում են զգացմունքների հասունացման այն փուլը, երբ սերը եղել ու վերջացել է՝ իր հետևից թողնելով ձմեռային սառնություն, անգույն հոգեվիճակ, սակայն հիշողության մեջ երբեմն բռնկվող առկայծումները դեռևս վերհիշում են նրա ջերմությունը՝ որպես երբեմնի այրող գույն՝ սփոփելով ու առաջ մղելով կյանքի հետագա հորձանուտում: