«Փսևդոստիխներ» գրքի բանաստեղծությունների մի մասը կարելի է դիտարկել իբրև ոճի «պարոդիա», մյուս մասը՝ որպես բովանդակության «պարոդիա»: Որոշ գործեր կարող են «հավակնել» նախկին բանաստեղծության կարգավիճակին: Բայց դրանք բոլորը վերջին անգամ են բանաստեղծություն:
Անահիտ Հայրապետյանի «Վաղուց նամակ չեմ գրել» ժողովածուն երևակում է ինքնախոստովանական տարերքով գրված բանաստեղծության ներքին հնարավորությունները՝ ներառելով գրեթե ամեն ինչ, սրտի ամեն մի տրոփյուն, զգացմունքի ամեն մի թրթիռ, որ պոետական ինքնատիպ համատեքստում հասցեագրվում է յուրաքանչյուրին:
«Քարաստան» «ՍԵՐԸ Որովհետև ես այլևս հարցեր չտվեցի, քանի այդ հարցերի ինքնաբավությունը նախապես հոդախախտված պատասխանների անհաղթության կասկած և մերժում է, ժխտող դիրքավորում, հակառակադրության տառապանք, անհաղթության ֆրենոս: Կրկնում եմ Եվ ուրեմն մենք իջանք Փարիզ, և դիմացի շենքից սկսվեց և տարածվեց երկար: Ես զանգեցի և անուն տվեցի, հանդիպման սրճարանի սպասքը ձկնիկներով էր պատված: Ես տեսա լիճը`նրանց բոլորին իր ներս տանող, և դիմացին մի ֆրանսուհի ուհի, որն իր փորի թուլացած մաշկն էր մյուս ուհուն ցուցադրում`խնամված մատները հեշտորեն խրելով փափկության մեջ: Եվ այս երկրորդը իր արծաթափայլ պայուսակի արտացոլանքում շրթներկն էր փորձում թարմացնել`խախտելով շուրթագծերի սահմաններ, երբ հանկարծ իր արհեստական եղունգները իմ ծնկի մեջ է խրում ու...
«Երկա՞ր» ընկեր հայրենիք ես էս հայրենիքից գլուխ չեմ հանում, և երդվում եմ, չեմ էլ ուզում գլուխս հանել էս հայրենիքից, էս հայրենիքի համար խելքից դուրս շատ զինվոր է ծակծկվել, խելքից դուրս շատ հույսեր է ծածանվել էս հայրենիքի համար, ներողություն եմ խնդրում, ընկեր հայրենիք` քեզ թերի ճանաչելու, քեզ թերի սիրելու և քո շուրջ այսքան ճշգրիտ սխալ մեծանալուս համար, հիմա գիտեմ` այն անտեր ու դուս վաղվա համար, մեզ այսօր` մի նոր բան է պետք, խելառ մի բան ոնց հրաշքը, և այն մեզ պետք է հացի կամ ջրի պես, հազվադեպ՝ գոնե կյանքի պես մեզ պետք է այն:
Էդուարդ Հարենցի «Լույսի նախդիրներ» ժողովածուն հատկանշվում է հայոց լեզվի՝ ծիսականության հասցված մատուցմամբ: Այս սրբազան տարածքում բանաստեղծությունը ոչ թե ինչ է, այլ՝ ով, մանավանդ որ՝ Միլենայի՝ «ճախրող բառերի այդ թռչնորսի» շուրթերից արտաբերված յուրաքանչյուր բառ արդեն իսկ քերթված է, անկախ այն բանից՝ Հարենցը կգրառի՞ դրանք, թե՞ ոչ: «Լույսի նախդիրներ» ժողովածուն այս առումով, ըստ էության, երկու բանաստեղծի արարում է:
Արզումանյանը հրատարակել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ՝ նվիրված հայկական ժառանգությանը, ցեղասպանությանը, պատմական գործիչներին և կանանց հանդեպ տղամարդկանց ունեցած իշխանությանը։ Խուաննա Կաստիլաուին նվիրված նրա «Juana I» գրքի հիման վրա 2007 թվականին բեմադրվել է «La que necesita una boca» («Նա, ով բերանի կարիք ունի») պիեսը։ Իսպաներեն է թարգմանել Բոնավանտյուր Դեպերիեի, Սուսան Գուբարի, Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները։ Անտարես հրատարակչությունը հրատարակել է Աննա Արզումանյանի «Իմ անունը հիմա է» պոեմը։
Անվանի բանաստեղծուհի Անահիտ Թարյանը, լինելով հայ դասական պոեզիայի կրողն ու շարունակողը, իր այս նոր՝ իր համար հոբելյանական տարում հրատարակված «Արևային աստղաթափ» գրքում նորովի է զարգացնում հայ միջնադարյան հայրենների ազգային ժանրաձևը՝ այն ներկայացնելով արդիական լույսի ներքո, նրան միահյուսելով քսանմեկերորդ դարի թելադրող շունչն ու տիրական ռիթմերը։ Հայրենների սույն ժողովածուն աչքի է ընկնում ներժանրային առանձնահատկություններով և թեմատիկ բազմազանությամբ, գաղափարական ու զգացմունքային խորանիստ լիցքերով և գեղարվեստական արտահայտչականությամբ։ Գիրքը շահեկանորեն առանձնանում և գեղարվեստական մտածողության նոր շրջափուլ է հաստատանշում բանաստեղծուհու գրական-ստեղծագործական կյանքում:
«Կուրություն» գիրքն ամբողջությամբ երգչախմբային պոեզիա է, որն իր հերթին հունական հնագույն պոետիկ ժանրերից մեկի՝ մելոսի կարևորագույն տեսակներից մեկն է: Ի տարբերություն հին հունական այլ բանաստեղծական ձևերի, երգչախմբային պոեզիան կատարում էին մենակատարը (հեղինակ) և երգչախումբը՝ երաժշտական պարզագույն գործիքների՝ հիմնականում ավլոսի կամ կիֆարայի նվագակցությամբ, այդ պատճառով էլ երբեմն բանաստեղծության այդ տեսակները կոչվում էին նաև երգեր (մելոս- հուն. մեղեդի): Գիրքն ամբողջությամբ ծավալվում է Հին Հունաստանի առասպելական կույր պատգամախոս Թիրեզիասի, նրա յոթ կյանքերի, ողբերգական կուրացման, գուշակության շնորհի և նրա մասին պատմող առասպելների հետ առնչվող այլ դիցաբանական հերոսների շուրջ:
«Ելք երկրից» ժողովածուն Աղվան Վարդանյանի մոտ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում է բանաստեղծական ներկայության: Ընդ որում՝ անհրաժեշտ ներկայության: Նրա՝ զվարթ հայերենի, խաղաղ ռիթմերի մեջ պրկված նյարդային- ազդեցիկ խոսքը մեր դժվար ժամանակների ճշգրիտ արտացոլումն է:
Գյումրեցի տաղանդավոր պոետի «Աստվածային ժամանցներից զատ» ժողովածուն կրկին հատկանշվում է չվերջակետվող խոսքի տարածության փիլիսոփայությամբ: Կյանքի ու երևույթների հանդեպ բանաստեղծական անթաքույց հեգնանքի առկայությունն ու միևնույն ժամանակ դրանց դրամատիկ խորքերը պեղելու վարպետությունը հանգեցնում են տպավորիչ ընդհանրացումների:
Ռուզաննա Ոսկանյանի «Հետո և ավելի հետո» ժողովածուն նրա պոետական հասունության վկայությունն է՝ բանաստեղծությունների կառույցի մակարդակով, մետաֆորային ինքնատիպ մտածողությամբ, պատկերային խտությամբ, ընդգրկված ու մի քիչ երգեցիկ ռիթմով հատկանշվող:
2008 թվականին գրված «Սպանված գարնանամուտ» պոեմն արտահայտում է արյունալի մարտի 1-ին իշխանության կողմից իրագործված Հայաստանի քաղաքացիների ընտրության, իրավունքների, ազատությունների աննախադեպ վայրագ բռնաճնշումները, և դրանց հետևանքով, ավաղ, անդառնալի կորուստներն իբրև սպանված գարնանամուտ։ Պոեմն ավարտվում է բռնության դեմ պայքարի ելած «Պայծառ գալիքի գանգրահեր տղայի» լուսավոր, հերոսական կերպարով։
«Անձևություն» գիրքը գուցե վերնագրվեր այսպես. «Դաժան բանաստեղծություններ» կամ «Անլույս բանաստեղծություններ»: Երկու վերնագրերն էլ ընդունելի են, որովհետև այս անհոգի քաղաքակրթության համար բնորոշելի են , քաղաքակրթություն, որի հանդեպ բանաստեղծի նողկանքը չափ չունի:
«Անտուն ծառերի լուսաբացը» բանաստեղծությունների ժողովածուն Կարեն Վարդանյանի առաջին գիրքն է, որն աչքի է ընկնում պոետական խոսքի անսեթևեթ դրսևորումներով, դրամատիկ զգացողությունների և կյանքի ու տարբեր երևույթների հանդեպ հեգնանքի նուրբ համադրումներով:
«Դատավճիռ» ժողովածուն ընդգրկում է Հայաստանից արդեն երկու տասնամյակ շարունակվող «թավշյա» տեղահանության, վտարանդության լաբիրինթներում անհետացող մեր ՏԵՍԱԿԻ ազգային ողբերգությունը, իր արմատներից պոկված մարդու, արվեստագետի կործանարար մենությունն ու հոգու անբուժելի դրաման:
«Ծիլի-ծով․ գիրք հմայության-ը» Կարեն Անտաշյանի բանաստեղծական երրորդ ժողովածուն է: 2014 թվականի փետրվարին եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի առաջին հորիզոնականում: «Ծիլի-ծով»-ը կենաց հասուն բնազդների և խորհրդապաշտական հետազոտությունների գիրք է։ Հեղինակը սրբազանցնում է Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն։ Ծիլի-ծովը սահմանվում է իբրև մեռելների լուծվող հիշողությունն ու ապրողների շարունակելի-ընդհատական վարքը ջրածին կենսոլորտի ամբողջության մեջ։ Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելն՝ ինքնին իրականությունը հրահրող հմայություն է:
«Բառերի լույսը» բանաստեղծությունների ժողովածուն Գրիշ Դավթյանի 16-րդ գիրքն է: Թեմատիկ բազմազանությունը, ապրումների նուրբ հոգեբանությունը, անհատի ըմբոստությունը և թախիծով պարուրված կարոտը «Բառերի լույսը» ժողովածուի հատկանշական կողմերն են: Գրքում ընդգրկված է նաև Գրիշ Դավթյանի «Դերանունների գործածությունը կապական բառերի հետ» հոդվածը:
«Շեր ու շահիր» բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի տասներկուերորդ գիրքն է, որ ամփոփում է Թեհրանում կատարած, և նրան աղերսվող ստեղծագործությունները: Ներառված են «ԵՐԱԶՈՒՆԱԿ» և «ՆՈՐՋՈՒՂԱՅԱԿԱՆ» շարքերը: