Հերմինե Ավագյանն արժանացել է գրական մրցանակների Արցախում, Հայաստանում և սփյուռքում։ Հաղթել է Newmag-ի և «Թովմասյան» հիմնադրամի հայտարարած Արցախցի գրողների գրական մրցույթում։
Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։ Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը: