1927 թ. հրատարակված և տասներկու պատմվածքից բաղկացած «Հոլմսի արխիվը» ժողովածուն վերջինն է հանրահայտ խուզարկուի արկածների մասին պատմող ժողովածուներից: Այս պատմվածքներում ընթերցողը հնարավորություն է ստանում միանգամայն այլ՝ հոգեբանական տեսնակյունից բացահայտելու Հոլմսին, որը, բժիշկ Ուոթսոնի խոսքով՝ ոչ միայն հզոր միտք, այլ նաև հզոր սիրտ ունի:
«Հրաժեշտի խոնարհումը» ժողովածուն լույս է տեսել 1917 թ.-ին և ընդգրկում է ութ պատմվածքներ: Վերջին պատմվածքը կրում է ժողովածուի վերնագիրն ու պատմում է Հոլմսի վերջին գործի մասին՝ սերտորեն կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ:
«Շերլոք Հոլմսի վերադարձը» սըր Արթուր Քոնան Դոյլի` Շերլոք Հոլմսի մասին հերթական ժողովածուն է՝ բաղկացած տասներեք պատմվածքից։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1905 թվականին: «Վերջին գործը» պատմվածքում իր ենթադրյալ մահից հետո լեգենդար խուզարկուն հաղթական վերադարձ է ունենում այս գրքի առաջին գործում: Ժողովածուի մյուս հրաշալի և առեղծվածային պատմությունների շարքում Հոլմսը գաղտնազերծում է պարող մարդուկների ծածկագիրը, ինչպես նաև հետաքննում «Վեց Նապոլեոնների» գործը:
«Շերլոք Հոլմսի արկածները» սըր Արթուր Քոնան Դոյլի հեղինակած պատմվածքների ժողովածուներից է՝ բաղկացած 12 ստեղծագործությունից: Առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը, տպագրվել է «Ստրենդ» ամսագրում 1891 թվականին: Գիրքը հրատարակվել է 1892 թվականին և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն: Բոլոր պատմվածքներում դրսևորվում է Հոլմսի հանճարը, որ օգնում է մարդկանց հասնել արդարության, հատկապես այն դեպքերում, երբ խնդիրներն առաջին հայացքից թվում են բարդ կամ գրեթե անլուծելի:
Սըր Արթուր Քոնան Դոյլը նախատեսել էր, որ «Հոլմսի հուշերը» պատմվածաշարը (առաջին անգամ տպագրվել է 1893թ․) հանրահայտ խուզարկուին նվիրված վերջին ժողովածուն կլինի։ Այդ իսկ պատճառով գիրքը եզրափակող «Վերջին գործը» ստեղծագործության մեջ կարդում ենք Հոլմսի մահվան մասին, որ պրոֆեսոր Մորիարտիի հետ ունեցած կռվի արդյունքում ցած է ընկնում ժայռից: Սակայն հետագայում հեղինակը «վերակենդանացնում» է նրան՝ շարունակություն տալով պատմվածքներին հաջորդ հատորներում։
Շերլոք Հոլմսի ամենահայտնի արկածներից մեկի մասին պատմող «Բասքերվիլների շունը» ստեղծագործությունը առաջին անգամ լույս է տեսել 1902 թվականին: Իրադարձությունները կատարվում են Դարթմուրում՝ Դևոնշիրի կոմսությունում: Հոլմսին հանձնարարված է բացահայտել սըր Չարլզի սպանությունը՝ հիմնված դիվային շան մասին անցյալի սարսափելի պատմությունների վրա: «Սարսափի հովիտը», որն առաջին անգամ լույս է տեսել 1915 թվականին, ներկայացնում է Հոլմսի փորձերը՝ կանխելու պրոֆեսոր Մորիարտիի գործակալներին սպանություն գործելուց: Թվում է՝ Հոլմսն ու Ուոթսոնը չափազանց ուշ են դեպքի վայր հասել, ու ամեն ինչ ավարտված է, բայց պատմությունն ամբողջովին բացահայտելու համար Հոլմսը պետք է դեպի անցյալ գնա ու բացահայտի սպանության իրական դրդապատճառներն ու մութ կողմերը:
«Արնագույն գործը» ու «Չորսի նշանը» ստեղծագործությունները նշանավոր խուզարկուի մասին պատմող առաջին երկու գործերն են՝ լույս տեսած համապատասխանաբար 1887 և 1890 թթ.-ին: «Արնագույն գործը» վիպակում առաջին անգամ ծանոթանում ենք Շերլոք Հոլմսի մեթոդին, ինչպես նաև տեղի է ունենում նրա և իր հավատարիմ ընկերոջ ու կենսագրի՝ բժիշկ Ջոն Ուոթսոնի հանդիպումը. վերջինիս անունից էլ ներկայացված է ստեղծագործությունների մեծամասնությունը: Սակայն Հոլմսի իրական հաջողության պատմությունը սկսվեց «Չորսի նշանը» վիպակի հրատարակումից հետո: Վիպակի սյուժեն մշտապես լարվածության մեջ է պահում ընթերցողին՝ իր անսպասելի շրջադարձերով ու խորհրդավոր դեպքերի շարքի հետաքրքիր հանգուցալուծմամբ:
Վեց հատորից բաղկացած «Շերլոք Հոլմս»-ի ամբողջական հավաքածուն ներառում է հանրահայտ խուզարկուի մասին պատմող բոլոր պատմվածքներն ու նովելները՝ առաջին անգամ հայերեն բնագրային թարգմանությամբ: 1. Արնագույն գործը / Չորսի նշանը 2. Շերլոք Հոլմսի արկածները 3. Հոլմսի հուշագրությունները 4. Շերլոք Հոլմսի վերադարձը 5. Բասքերվիլների շունը / Սարսափի հովիտը 6. Հրաժեշտի խոնարհումը / Հոլմսի արխիվը