Ջուլիան Բարնսը պոստմոդեռնիզմի գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկն է։ 2011 թվականին «Վերջի նախազգացումը» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի:
Ջուլիան Բարնսի՝ 1986 թվականին հրատարակված «Ֆլոբերի թութակը» վեպը փորձում Է բացահայտել ստեղծագործական գործընթացում գրողի իրական դերը: Ֆրանսիական գրականության դասական Գյուստավ Ֆլոբերի կենսագրության հենքով Ջուլիան Բարնսը առաջնային Է դարձնում հետևյալ հարցադրումները՝ ընթերցողի համար ի՞նչն է ավելի կարևոր՝ հեղինակի գրքե՞րը, թե՞ նրա կենսագրությունը: Եթե գրքերը, ապա ինչո՞ւ են մարդիկ հակված դրանց հետքերով հետազոտել գրողի կենսագրության ամենաչնչին մանրամասներն անգամ, ինչո՞ւ են վստահ, որ նույնիսկ թութակը կարող Է բանալի դառնալ Գյուստավ Ֆլոբերի գրականությունն իր բոլոր գաղտնիքներով ըմբռնելու համար: Goodreads
Ջուլիան Բարնսի՝ 1986 թվականին լույս տեսած «Աշխարհի պատմությունը 10 ½ գլուխներով» վեպը համարվում է բրիտանական պոստմոդեռնիզմի առաջին նշանակալի գործը, թեպետ, տարօրինակ ու յուրահատուկ այս ստեղծագործությունը դժվար միանշանակ վեպ համարել: Այն, ըստ էության, պատմվածքների շարք է, որոնք հայեցակարգորեն ներդաշնակված են այսպես կոչված՝ «ծովային» կամ «ջրհեղեղային» թեմաներով: Տարբեր դարաշրջաններում կատարվող իրադարձությունները երևան են բերում նաև ոճական ու գեղարվեստական տարբեր մոտեցումներ՝ հանրահայտ սոյւժեների հեգնական խաղարկումներ, միջնադարյան տեքստերի նուրբ ոճավորումներ, ուղեգրության և դետեկտիվի ժանրային անսպասելի լուծումներով իրացումներ, ուտոպիային և անտիուտոպիային բնորոշ խելապտույտ անցումներ… Վեպ, որտեղ երևակայությունն իսկապես սահմաններ չունի, վեպ, որտեղ բացահայտվում են ժանրի՝ միանգամայն նոր հնարավորությունները: Գիրքը Goodreads-ում