«Ռոք Վագրամ» վեպը (1951), որն առաջին անգամ է հրատարակվում արևելահայերեն թարգմանությամբ, ներկայացնում է մի նոր, ծանոթ ու անծանոթ Սարոյանի: Բարմենից հոլիվուդյան աստղի մակարդակի հասած ամերիկահայ տղայի պատմության մեջ ինքնության որոնման, սփյուռքահայի երկփեղկված գիտակցության, ընտանեկան կապերի, փլուզված անձնական կյանքի սարոյանական մոտիվները համատեղվել են տրտում իմաստունի դառնագին մտորումներով, թեև հումորի աննման զգացումը, հրաշալի խենթությունն ու իսկական քրիստոնեայի մարդկայնությունը չեն լքել հեղինակին: «Ռոք Վագրամը» յուրօրինակ գործ է թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով ու կառուցվածքով, որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի Սարոյան:
Սարոյանական դրամատուրգիայի այս ընտրանին ընդգրկում է նրա ամենահռչակավոր պիեսը՝ Փուլիցերյան մրցանակի արժանացած «Քո կյանքի ժամերը», որ ստեղծվելուն պես՝ 1939-ին, բեմադրվել է Բրոդվեյում, ինչպես նաև 1940-42 թթ. գրված երեք կարճ գործ, այդ թվում՝ «Հե՜յ, ո՞վ կա» փոքրիկ գլուխգործոցը: Սարոյան դրամատուրգի յուրօրինակ ինքնությունն ու նրա արտասովոր թատրոնն ամենաշահեկան կողմերով ներկայացնող բոլոր այս երկերը հրատարակվում են վերանայված թարգմանությամբ:
«Թրեյսիի վագրը» հռչակավոր վիպակի (1951) տիպիկ սարոյանական աշխարհազգացողությամբ և փոխաբերական շնչով տոգորված մի մոգական սիրային ոդիսականի կողքին այս հատընտիրն ընդգրկում է 1930 – ականներին գրված երեք տարաբնույթ, բայց հավասարապես հրաշալի պատմվածք: Բոլոր գործերը ներկայացվում են վերանայված թարգմանությամբ:
«Մարդկային կատակերգություն» վեպում (1943) սարոյանական ջերմության, մարդասիրության ու լավատեսության անմոռանալի տեսարաններ են հաջորդում իրար՝ արգելավազքը հաղթահարող Հոմերը, Քովիգթոնի խանութում արջի թակարդն ընկած փոքրիկ Ուլիսեսը, ծեր հեռագրիչ Գրոգանն իր դարակում թաքցրած օղու շշով, որ բթացնի սիրո, հույսի, ցավի ու մահվան հեռագրերի անվերջանալի տարափի դառն իրականությունը, Հոմերի՝ պատերազմ մեկնած եղբոր երգը տնից հեռու սլացող գնացքում… Սարոյանն ինչով ասես չէր զարմացրել ընթերցողին, բայց այս գործը կարծես գերազանցել է ամեն ինչ. պատերազմի ու սովորական համեստ մարդկանց մասին մի շիտակ պատմություն: Մի փոքրիկ վեպ: Մի մեծ նվաճում: Սա գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակած տարբերակի (1966) առաջին թարգմանությունն է հայերեն: Վիքիպեդիա
Սարոյանական այս հատընտիրը, որ ստացել է մեծ գրողի պատմվածքների գրքերից մեկի վերնագիրը, ծաղկաքաղ է 1930-1950 թվականների բուռն ստեղծագործական շրջանում նրա լույս ընծայած մի շարք ժողովածուներից: Ընդգրկված գործերում լավագույնս են դրսևորվել Սարոյանի՝ փոքր արձակի ականավոր վարպետներից մեկի անշփոթելի ինքնությունն ու յուրօրինակ աշխարհընկալումը, որտեղ իմաստությունը, թախիծը, քնարականությունը և, իհարկե, հումորը անբաժան շաղախ են կազմում:
Երկրորդ աշխարհամարտի մասնակից Սարոյանի անձնական փորձառության վրա խարսխված այս վեպը` անհերքելիորեն նրա լավագույն գործերից մեկը (1946), որ հրատարակվում է վերանայված թարգմանությամբ, պատկերելով երիտասարդ շարքային Ուեսլի Ջեքսոնի ոդիսականը, տրագիկոմիկական շնչով է ներկայացնում պատերազմի ամբողջ աբսուրդը: Սարոյանական աշխարհի անկրկնելի գույներով դրոշմված գրքի բանալին կարող են դառնալ մի առիթով մեծ գրողի ասած հետևյալ խոսքերը. «Մահերի մեջ կյանք կա, պատերազմների մեջ` խաղաղություն, սխալների մեջ` ինչ-որ ճիշտ բան»:
«Անունս Արամ է» պատմվածքների շարքը Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը։ Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին։ Պատմվածքները թարգմանված են գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակումներով հրատարակությունից։
Ուիլյամ Սարոյանի շենշող գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Վիքիպեդիա