Գերթրուդ Ստայնի գրելաոճը ազդեցություն է ունեցել այնպիսի գրողների վրա, ինչպիսիք են Վիրջինիա Վուլֆն ու Ջեյմս Ջոյսը: Այս վեպը հեղինակը գրել է հասուն տարիքում, որտեղ իր ընկերուհու` Էլիս Բ. Թոքլասի աչքերով ավելի շատ ներկայացնում է սեփական կենսագրությունը, իր սիրահարվածությունը Փարիզին, ժամանակի արվեստի խոշոր ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներն ու տպավորությունները, սեփական հայացքով կերպավորում Պաբլո Պիկասոյին, Պոլ Սեզանին, Անրի Մատիսին, Գիյոմ Ապոլիներին և ուրիշներին:
Հենրիխ Շեմիոթը կարճ նամակ է գրում կալվածքի կառավարիչին: Նա տեղեկացնում է, որ կգա մեկ շաբաթից որդու և Կլարայի հետ: Հատուկ պատրաստություններ հարկավոր չեն, միայն թե տունը կոկիկ լինի: Շեմիոթը բացեց նոթատետրն ու տեսավ կապույտ մատիտով գրված խոշոր բառեր՝ Ալինա Ռուշից: Այն գրությունը նախորդ օրն էլ արել՝ մտածելով այն աղջկա մասին, ում հետ ծանոթացել էր ինժեներ Օսկերկոյի տանը: Նրա մտքերը վերադարձան կնոջ մոտ: Քանի՞ տարեկան է Ալինան: Ոչ պակաս, քան քսանվեց, քսանյոթ: Նա ունի գրավիչ արտաքին, երկար մոխրե վարսեր, նուրբ ձեռքեր: Բայց, ամենայն հավանականությամբ, նրա մոտ ամենագեղեցիկն այն հատվածն է, որտեղից սովորաբար պատժում են…
Վեպը ներկայացնում է երիտասարդ աղջկա մտահոգությունները, ով ուղղակի ուզում է հաճույք ստանալ կյանքի բոլոր դրսևորումներից (ներառյալ սեռական)։ Վաղ տարիքում զրկվելով մորից՝ նա երկար ժամանակ անց է կացնում եկեղեցական գիշերօթիկ դպրոցում։ Վերադառնալով հոր մոտ, ով հայտնի հեդոնիստ և կանանց սիրահար էր, Սեսիլը ամբողջությամբ ընկղմվում է բոհեմական կյանքի մեջ, որտեղ չկային ո′չ կանոններ, ո’չ պատասխանատվություն, սակայն մի օր նրանց կյանքում հայտնվում է Սեսիլի մոր ընկերուհին՝ Աննան, ով գեղեցիկ և խելացի կին էր, սակայն ուներ բռնապետի հակումներ։
Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր իտալացի Գրացիա Դելեդդան առաջին անգամ է առանձին գրքով ներկայացվում հայ ընթերցողին: Հեղինակը գրեթե անծանոթ է հայ ընթերցողին, եթե չհաշվենք մեկ-երկու նորավեպ ու պատմվածք, որոնք տարբեր ժամանակներում տպագրվել են հայկական հանդեսներում: Թարգմանությունը իտալերենից Լուսինե Հակոբյանինն է: