Բրիտանացիները թողնում են Հնդկաստանը: Նոր առասպել է շողշողում Հնդկաստանի բյուր մշակույթների ու մոգական ծեսերի սրտում: Բենգալացիների ու փենջաբցիների, մադրասցիների ու ջաթերի համընդhանուր երեւակայության մեջ դա անկախության առասպելն է: Գերբնական կեսգիշերի զավակները նույնպես ծնունդ են առնում այս առասպելից, որպեսզի գտնեն իրենց ինքնությունը եւ ի կատար ածեն իրենց առաքելությունը: Սալիմ Սինայը կեսգիշերի զավակներից միակն է, որը որոշում է ապավինել իր գերբնական հատկություններին, որպեսզի իմաստավորի իր կյանքի ժամանակը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թերևս ամենաարտասովոր ստեղծագործություններից մեկը ի ցույց է դնում պատերազմի արհավիրքները պարադոքսային տրամաբանությամբ, ինքնահակասող սիլոգիզմներով ու վառ, գունեղ, գրեթե շոշափելի կերպարներով: Պատերազմական անելանելիությունը և ահռելի ողբերգության մեջ ծաղկող մարդկային խարդախությունը վեպում ներկայացվում են սև հումորի և աբսուրդային իրավիճակների միջոցով: Վեպի ժամանակագրորեն կտրտված գլուխները հավելյալ լարումով պատկերում են մտացածին 256–րդ ավիաջոկատի մարտական օդաչուների կյանքը պատերազմի ժամանակ, որտեղից ողջ դուրս պրծնելու միակ տարբերակը չմահանալն է, իսկ չմահանալու համար պետք է հաջողել ողջ մնալ, ու հենց այստեղ է ծուղակը:
«Ծաղրասարյակ սպանելը…» վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը: Եվ ի վերջո, տող առ տող, վեպի ասես պարտադրող ինքնաքննության ճանապարհով համաձայնում ես երեխայի այն վերլուծությանը, որին նա հանգում է երեք տարվա փորձառության, իսկ դու` ընթերցանությունից ստացած հոգեկան փորձի արդյունքում. «Մենք դեռ էլի ենք մեծանալու, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել… թերևս միայն հանրահաշիվ»:
1984 (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս...