Սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ մի հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա զարմանալի աշխարհի ողջ կախարդանքը:
«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը: Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:
Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
Սովորական թվացող սիրավեպն անկանխատեսելի ընթացք է ստանում, երբ հեղինակը, այդպես էլ անհայտ մնալով ընթերցողին, սկսում է գրել իր և իր սիրուհու` Ագնեսի հանդիպման պատմությունը` հենց նրա խնդրանքով և հավանությամբ: Նրանք տարբեր կերպ են հիշում հանդիպումը: Ավելին՝ հասնելով ներկային՝ երկու զուգահեռ սիրավեպերը` գրվողն ու «իրականը», սկսում են հակասել իրար: Արդյո՞ք պատմության ավարտը ճակատագրական պատասխան է Ագնեսի ներքին ու մթին հարցերին:
Վինսենթ վան Գոգը գեղանկարչության պատմության թերևս ամենաողբերգական կերպարներից է, որը դարձել է կյանքի օրոք չհասկացված արվեստագետի խորհրդանիշ: Արվեստի գործեր վաճառող նախկին գործակալն ու ձախողված հոգևորականը բավականին հասուն տարիքում՝ քսանյոթ տարեկանում, առաջին անգամ սկսում է լրջորեն զբաղվել նկարչությամբ: Հաջորդող տասնամյակի ընթացքում խելահեղ արագությամբ՝ միջինը շաբաթական երկու կտավ, անդուլ աշխատանքով ու ոճային կտրուկ անցումներով ստեղծվում են ապշեցուցիչ գործեր, որոնք, սակայն, չեն նկատվում կամ մերժվում են ժամանակի արվեստասերների կողմից և սկսում կամաց-կամաց գնահատվել միայն նկարչի մահվանից հետո: Գիրքը փորձում է բացահայտել աշխարհահռչակ նկարչի ստեղծագործական ուղու նոր մանրամասներ՝ ներկայացնելով նրա խոհերն ու ապրումները, զգացմունքային մեծ լարումով ստեղծված անկրկնելի կտավները: Գրքում Վան Գոգի կյանքի ու...
Գիրքը ներկայացնում է Անրի Մատիսի կենսագրությունն ու ինքնազարգացման փուլերով հարուստ ստեղծագործական ուղին՝ բացահայտելով նաև վարպետի կյանքի՝ հանրությանը ոչ շատ հայտնի դրվագները: Նրա աշխարհահռչակ նկարների վերարտադրություններն ուղեկցվում են մասնագիտական վերլուծությամբ:
«Այսպիսին է Գոգենը» գիրքը ժամանակագրորեն ներկայացնում է պոստիմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Պոլ Գոգենի կյանքը, նրա ստեղծագործություններն ու հայացքները: Աշխատանքային գործունեությունը սկսելով որպես բորսայի աշխատող՝ Գոգենը տարվում է ժամանակի նկարչության նոր ալիքով՝ իմպրեսիոնիզմով: Տասնամյակներ շարունակ ունենալով անհաջողություններ՝ Գոգենը համառորեն շարունակում է ուսումնասիրել գույներն ու ձևերը. պրպտումները նրան մեկ տանում են Բրետան, մեկ՝ Ֆրանսիայի հարավ՝ Առլ, մեկ էլ՝ հասցնում Խաղաղ օվկիանոսի հեռավոր ափերը՝ Թահիթի, Մարքեզյան կղզիներ: Գոգենն ամբողջ կյանքում ձգտում էր հասնելու ձևի ու գույների ամենապարզ ու հիմքային շերտերին և դառնալու «վայրի», բնական մարդ։ Նրա վերջին շրջանի քանդակները պրիմիտիվիզմի հոսանքի ակունքներից են, իսկ նրա ողջ արվեստը՝ մոդեռնիզմի հիմնասյուներից մեկը:
Իսպանիայի ծովափնյա Կադակես քաղաքի գրոտեսկային ժայռերը, իրականի ու վերիրականի սահմանը տեղ−տեղ միախառնող կամ առանձնացնող լազուր ծովը և Տրամոնտանա քամուց գրգռված պրպտուն միտքը, միջերկրածովյան համեղ արևի հետ եփվելով ֆրոյդյան երազների մեկնության ջեռոցում, մի պայթյունավտանգ կերպար ստեղծեցին՝ քսաներորդ դարի գեղանկարչությունն ուղենշող նկարչին՝ Սալվադոր Դալիին: Գրքում հետաքրքիր ու ապշեցնող մանրամասներով ներկայացված է այս եսակենտրոն, էքսցենտրիկ, պարանոյիկ−քննադատական մեթոդով արվեստի սահմաններն անվերջ փոխակերպող ու գործնականում ոչ մի նորմի չենթարկվող, անսանձ Մանուկ Արքայի ստեղծագործական ապշեցուցիչ ուղին, ում տարերքը վերջնական կերպ հաղորդեց սյուրռեալիզմին, և որը հայտարարեց ի վերջո. «Սյուրռեալիզմը ես եմ»: