Երկու արքայազներ ճանապարհ են ընկնում իրենց համար հարսնացուներ փնտրելու: Շատ չանցած՝ նրանք հանդիպում են երկու գեղեցկուհի փերիների՝ արքայադուստր Ռովենային եւ արքայադուստր Լիզեթին: Արքայազներին թվում է, թե իրենց որոնումներն ավարտված են: Սակայն ինչ–որ բան այն չէր: Ավագ արքայադուստրը, նախանձելով կրտսեր քրոջը, նրան չար կախարդանքի է ենթարկում: Ինչպե՞ս ազատել նրան այդ կախարդանքից:
Թրումեն Կապոտեն ամերիկյան նշանավոր գրողներից է, բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների հեղինակ: Հայ ընթերցողին նա ծանոթ է «Խոտի մեղեդին» վիպակով և մի շարք պատմվածքներով («Սովետական գրող», 1981): Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Նախաճաշ Թիֆընիի մոտ» (1958) վիպակը գրողին ճանաչում բերած ստեղծագործություններից է: Դա տասնիննամյա Հոլլի Գոլայթլիի կյանքի և դառը ճակատագրի պատմությունն է: Գավառից քաղաք գալով՝ նա միանգամից ընկնում է մեծ քաղաքի գայթակղությունների և որոգայթների մեջ, սակայն էությամբ օտար լինելով ստին ու կեղծիքին՝ չի կարողանում իր տեղը գտնել այդ հասարակության մեջ:
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:
«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Մարդկային տարօրինակ ու կործանարար հարաբերությունների պատմություն, որտեղ կարեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը՝ դառնում ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը: Ֆիցջերալդի այս վեպը գրեթե մեկ դար հեռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված երջանկության հմայքով: