«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքն է: Գրվել է 1865 թվականին։ Կա նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։

Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա:

Գրքի ստեղծում

Չարլզ Դոջսոնն իր հայտնի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը մտահղացել է այն ժամանակ, երբ 1862 թվականի հուլիսի 4-ի ուրբաթ օրը իր ընկերոջ՝ Ռոբինսոն Դաքվորթի և Օքսֆորդի համալսարանի փոխվարչապետ Հենրի Լիդելի երեք դուստրերի՝ տասներեք տարեկան Լորինի, տասը տարեկան Ալիսի և ութ տարեկան Էդիթի ընկերակցությամբ նավակով զբոսնում էին Թեմզայով դեպի վեր։ Ճանապարհորդության ընթացքում Դոջսոնն իր ուղեկիցներին պատմում էր մի պատմություն Ալիս անունով փոքրիկ աղջկա արկածների մասին։ Աղջիկներն այնքան հավանեցին այդ պատմությունը, որ Ալիսը խնդրեց Դոջսոնին այն իր համար գրի առնել։ Այդ օրվա կարևորությունը հետագայում նշել է անգլիացի բանաստեղծ Ուիսթեն Հյու Օդենը, ասելով, որ այն նույնքան հիշարժան է, որքան հուլիսի 4-ը Ամերիկայի պատմության մեջ։

Գրքի հրատարակում

«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գիրքը լույս տեսավ ուղիղ երեք տարի անց՝ 1865 թ. հուլիսի 4-ին։ Մինչ այդ, 1864 թ. նոյեմբերի 26-ին Չարլզ Դոջսոնն Ալիսին էր հանձնել իրիսկ պատկերազարդումներով և «Ալիսի արկածները Ստորգետնյա աշխարհում» վերնագրով ձեռագիր գիրքը։

Փաստեր

««Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը լայն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, թարգմանվել է աշխարհի ժողովուրդների շատ լեզուներով։ Մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտների վրա, գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր և անիմացիոն ֆիլմեր, նկարվել են հերոսների կտավներ, գրվել են բանաստեղծություններ ու արձակ գրվածքներ, հորինվել են տարբեր երաժշտական երկեր, մեր ժամանակներում գրվածքի հիման վրա նույնիսկ ստեղծվել են համակարգչային խաղեր։

  • «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը կինոյի պատմության մեջ ամենաշատ էկրանավորված ստեղծագործություններից է։ Տարբեր երկրների ռեժիսորների կողմից գրքի սյուժեով նկարահանվել է ավելի քան 40 խաղարկային և անիմացիոն ֆիլմ։
  • Գիրքն աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում նաև նկարիչների կողմից ստեղծագործության զանազան հերոսներին պատկերող նկարներով։
  • 1931 թվականին Չինաստանի նահանգներից մեկն արգելել է գրքի ընթերցանությունն ու վաճառքը, քանի որ ըստ նահանգի ղեկավարության, չի կարելի մարդկանց և կենդանիներին ցույց տալ հավասար դիրքերում և անթույլատրելի է, որ կենդանիները խոսեն մարդկային լեզվով։
  • Գիրքը կարդալուց հետո Անգլիայի Վիկտորիա թագուհին ցանկացավ ծանոթանալ Լուիս Քերոլի մյուս գրվածքների հետ և հիասթափություն ապրեց, իմանալով որ դրանք միայն մաթեմատիկային վերաբերող հոդվածներ են։
  • 1928 թվականին գրքի ձեռագիրը վաճառվել է 15 400 ֆունտ սթերլինգով։
  • Մի առիթով Լուիս Քերոլը իր մասին ասել է. «Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող»։
  • Կա Ալիսը հրաշքների աշխարհում ախտանիշ անունով մի հիվանդություն, որն ունեցողներն իրենց շրջապատի առարկաները տեսնում են փոքրացված և նրանց թվում է, թե դրանք գտնվում են ավելի հեռու, քան իրականում է։

Վիդիպեդիա

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Ալիսի արկածները հրաշքների աշխարհում | Լուիս Քերոլ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...