Գարնանային սովորական մի օր Մովսես Խորենացու անվան դպրոցում տեղի է ունենում առեղծվածային դեպք։ Քիմիայի ուսուցչուհին մտնում է 10-րդ «բ» դասարան և տեսնում է, որ հինգ տղա և մեկ աղջիկ տաքացած պարում են, և աղջիկը կիսամերկ է։ Պատմությունը ճյուղավորվում է և հաճախ վերածվում առասպելի։ Հենց այս ժամանակ աշխատանքի է ընդունվում գրականության ուսուցիչ Վահան Մամյանը։ Նա ստանձնում է 10-րդ «բ» դասարանի դասղեկ Արամ Սանոյանի դերը, ով դրանից երկու շաբաթ առաջ հանկարծամահ էր եղել։ Առաջին անգամ 10-րդ «բ» դասարանում Մամյանը պատմում է, թե ինչպես իրենք՝ ընկերներով, պատերազմի վերջին գարնան մի ամբողջ գիշեր կարդացին «Մանոն Լեսկո»-ն, հետո երեխաներին խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուրն իր էության ինչ-որ մասով ապրի հեքիաթում։ Երեխաները զարմանում էին, որովհետև դպրոցում ռումբ էր պայթում՝ կապված պատահածի հետ, իսկ Մամյանը ոչինչ չէր ասում։ Թախծոտ աչքերով մի աղջիկ ասում է. «Դուք մեր վերջին ուսուցիչն եք»։ Իսկ Մամյանը պատասխանում է, ասելով, որ վերջին ուսուցիչ չի լինում։ Չնայած կատարված անհաջողություններին և Մամյանի՝ երեխաներին տարօրինակ թվալուն, ուսուցիչը կարողացավ շատ կարճ ժամանակում ճանաչել բոլորին և դառնալ հարազատ։ Տարեվերջին ամբողջ դասարանը գնաց Զանգվի ձոր։ Նրանք նստեցին բարձր քարաժայռին, և Մամյանն ասաց, որ նույն այդ քարաժայռին երեսուն տարի առաջ իրենք հավաքվել էին տղաներով և այրել իրենց սիրած աղջիկների անունները։

«Վերջին ուսուցիչը», Վարդգես Պետրոսյանի վիպակներից, որը գրվել է 1978 թվականին։
Վարդգես Պետրոսյանը վիպակը սիրով և շնորհակալությամբ նվիրել է իր ուսուցիչներ՝ Աշխեն Պոլադյանին, Արուս Պողոսյանին, Անուշավան Մկրտչյանին։
Այս վիպակի համար գրողը 1979 թվականին արժանացել է ՀՍՍՀ Պետական մրցանակի։

Մեջբերումներ

  • Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես նրանց տարերքին…
  • Անկեղծությունը պարտավորությամբ չի լինում…
  • Բարությունն անպաշտպան է, բարությունը բռունցքներ չպիտի ունենա։ Ուրիշի բարությունը կարող է ծիծաղելի թվալ, եթե ինքդ բարի չես…
  • Ով սիրում է, նա սիրո դեսպանն է դառնում, սիրո զավակը։ Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ։
  • Ով է մեզ ավելի հաճախ խաբում քան մենք ինքներս…
  • Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար։
  • – Այս սերունդը հինգերորդ աստիճանի հավասարում է, այդպիսի անլուծելի հավասարումներ կան։ Այս սերնդից միջին հանել և քանորդում ինչ-որ բան ստանալ անհնար է, ամեն մեկը առանձին հավասարում է, որ իր, միայն իր լուծումն ունի։ Եթե ունի։
  • – Հեքիաթներ ունեցեք։ Ձեր հեքիաթը։ Ձեր էության ինչ-որ մասով ապրեք հեքիաթի մեջ…

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Վերջին ուսուցիչը | Վարդգես Պետրոսյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են