Սա գիրք է աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին։ Նա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ է, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ պետական ​​մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ։

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը։ Նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը, մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ է ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «Դիստանցիոն մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Փելեշյանի մասին Փարաջանովն ասում էր․ «Փելեշյանը համաշխարհային երևույթ է, կինոյի բացարձակ հանճար»։ Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջջոն ասել է․ «Ես բազմաթիվ ֆիլմեր եմ դիտել տարբեր երկրներում և մտածում եմ՝ եթե հարկ լինի ընտրել ամենաբացառիկ ռեժիսորին, որի հետ կցանկանայի հանդիպել երբևէ, ապա դա կլինի Արտավազդ Փելեշյանը։ Կինոյում իմ կուռքը Փելեշյանն է, հայ հանճարը։ Եթե ես կայծեր եմ առաջացնում, ապա նա՝ կայծակներ»։ Իսկ ֆրանսիական «Լե Կայե դյու Սինեմա» ամսագիրը նրան հռչակել է մեր ժամանակների մեծագույն կինեմատոգրաֆիստ։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Փելեշյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...