«Զանգ» խաղը ներառում է 2 փայտե կաղապար, 1 զանգ, գունավոր և տարբեր պատկերաձևերով տափօղակներ, 16 երկկողմանի խաղաքարտ:
Խաղը և՛ ուսուցողական է, և՛ ժամանցային։ Ապահովում է բարձր տրամադրություն և ուրախ ժամանց։ Հարմար է տարբեր վայրերում և տարբեր տարիքային խմբի մարդկանց, հատկապես ընտանիքի անդամների հետ խաղալու համար։ Մեծահասակի հսկողությամբ և ցուցումներով խաղալ կարող են անգամ 2 տարեկան երեխաները։
Խաղի դասական տարբերակը. Խաղը խաղում են երկուսով, յուրաքանչյուր մասնակից՝ իր կաղապարով։ Հարկավոր է ըստ ընտրած խաղաքարտի՝ կաղապարի մեջ տեղավորել համապատասխան տափօղակները։ Ավարտելով՝ պետք է սեղմել զանգը և գրանցել հաղթանակ։ Հաղթանակը փոխանցվում է մյուս մասնակցին, եթե զանգը սեղմելուց հետո պարզվում է, որ կաղապարը սխալ եք լրացրել: Քարտերը երկու բարդության են․ յուրաքանչյուր քարտի մի երեսին պատկերված են գունավոր շրջաններ, մյուս երեսին՝ շրջաններ՝ տարբեր պատկերաձևերով։ Կարելի է պայմանավորվել և խաղալ նախ միայն գույներով, հետո նաև պատկերաձևերով։
Այս խաղը կարող է զարգացնել երեխայի հիշողությունը, ռիթմի զգացողությունը, երևակայությունը, խթանել գլխուղեղի 2 կիսագնդերի աշխատանքը, աչք-ձեռք-կոորդինացիան և այլն։
- Այս խաղի առանձին բաղադրիչների միջոցով, անպայման մեծահասակի հսկողությամբ, արդեն 2 տարեկան երեխային կարելի է սովորեցնել գույները, ինչպես նաև երանգները՝ մուգ և բաց, միասին աշտարակ շինել և այլն։
- Փոքրիկին խնդրեք ընտրել մի գույնի տափօղակ, ապա փնտրել և թվարկել շրջապատում գտնվող նույն գույնի առարկաներ։
- Կարմիր, կանաչ և դեղին տափօղակներով երեխային կարող եք սովորեցնել լուսացույցի գույները և միասին պայմանական խաղեր խաղալ: Օրինակ՝ երբ խաղընկերն ասի կանաչ, պետք է 3 անգամ սեղմել զանգը, երբ ասի կարմիր, զանգը չսեղմել, իսկ երբ ասի դեղին, սեղմել մեկ անգամ։
- Ըստ երեխայի տարիքի՝ առանձնացրեք 6 կամ 3 գույնի տափօղակ և խնդրեք սեղմել զանգը, եթե սեղանին դնում եք այդ տափօղակներից մեկը, և ծափ տալ, եթե այլ տափօղակ է։
- Վերցրեք քարտերից մեկը և առանց երեխային ցույց տալու, ըստ քարտի, թելադրեք կաղապարի մեջ շարել այն, ինչ լսում է, օրինակ, վերևի շարքում ձախից տեղադրիր կանաչ տափօղակը և այլն։ Այս առաջադրանքը հարմար է 4-ից բարձր տարիքի երեխաների համար, որոնք արդեն տարբերակում են աջը և ձախը:
- Երկու կաղապարները լրացրեք միևնույն տափօղակներով, միևնույն դիրքով, ապա երեխային խնդրեք առանց նայելու տեղափոխել 3 տափօղակ, որից հետո խնդրեք գտնել 2 կաղապարների միջև առաջացած տարբերությունները:
- Կաղապարի որևէ հատվածում կամ տարբեր հատվածներում շարեք, օրինակ, 4 պատկերաձևով կամ 4 գույնի տափօղակ, երեխային խնդրեք նայել մի քանի վայրկյան, ապա առանց օրինակին նայելու վերարտադրել մյուս կաղապարի վրա։
- Ավելի փոքրերի հետ կարող եք տափօղակներով տարբեր պատկերներ ստանալ, օրինակ, թրթուր, ծաղիկ, արև և այլն:
- Զանգի կոճակը սեղմեք տարբեր ռիթմերով և երեխային խնդրեք վերարտադրել։
- Ավելի մեծ տարիքի երեխաները դասական խաղը կարող են խաղալ միաժամանակ 2 ձեռքով, կամ այն երեխան, որ աջլիկ է, կարող է խաղալ միայն ձախով, իսկ այն երեխան, որ ձախլիկ է, միայն աջով:
Reviews
There are no reviews yet.