Արդի հայ արձակի ինքնատիպ հեղինակներից մեկի՝ Մհեր Բեյլերյանի նոր ժողովածուն ներառում է վերջին տարիների նրա ստեղծագործությունները,որոնք հատկանշվում են թեթև ու անչար հումորով, ժանրային յուրօրինակ իրացումներով:
Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները: Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը: Վիքիպեդիա
Հեղինակի այս գիրքը նախ վերնագրել էր՝ «Սովետ, post սովետ», թեև նրա հետաքրքրության առանցքը այդ երկրի կործանումը չէ: ոչ էլ քաղաքական ու հասարակական այն հանկարծահաս փոփոխությունները, որոնք ծնունդ տվեցին նոր երկրների, պատերազմների ու շարունակվող թշվառության: Գրողի համար կարևորը մարդկային ճակատագրերն են: Ճակատագրեր, որոնք խեղվեցին քաղաքական հեղաբեկումների արդյունքում: Մեծ քաղաքական վայրիվերումների մեջ իսպառ մոռացված էր մարդը: Այդ մարդը, կամ մարդիկ են Հովհաննես Երանյանի նոր գրքի հերոսները: Մարդիկ, որ ապրեցին այդ փոփոխական ժամանակն ու հետո մեռան: Եվ մարդիկ, որ ապրում են այդ ժամանակն ու հետո կմեռնեն: Վիքիպեդիա
Կարող է զարմանալի թվալ, բայց… հայ արձակում սիրավեպեր չկան: Կամ այնքան հազվադեպ են, որ դժվար է միանգամից հիշել: Վահրամ Մարտիրոսյանի նոր վեպի վերնագրի երանգը հուշում է, որը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ – այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:
«Այնտեղ աչքերդ երբ բացես» ժողովածուն առաջին անգամ մեկտեղում է Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքները, որոնք տպագրվել են Հայաստանի և արտասահմանյան գրական հանդեսներում ու թերթերում, արժանացել բազմաթիվ մրցանակների:
1990-ականների սկզբի հայաստանյան իրականության բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում, բազմաթիվ հարցեր առեղծվածի քողով են պատված, իսկ բազմաթիվ հարցերի մասին գերադասելին ընդհանրապես լռությունն է: Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» «երկաթուղային վեպը» ռելսերին է դնում հարցեր, որոնց շուրջ մինչ այժմ առեղծվածային լռություն է: Օրինակ՝ ի՞նչ եղան Բաքվի ու Ադրբեջանի մյուս քաղաքների հոգեբուժարանների հայ հիվանդները… Ուստի վեպի հերոսների ուղևորությունը յուրատեսակ ուղևորություն է նաև ընթերցողի համար և նույնքան վտանգավոր. «սարիբեկյանական իրականության» մեջ ընթերցողից հերոսի, նույնն է թե ապուշի վերածվելու սահմանը չափազանց հարաբերական է: Զգուշացե՛ք ընթերցելուց: Վիքիպեդիա
Մի աշխարհ, ուր թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումներով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունն սպառել, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձևանում. տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված այդ անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ապրում է մի վանական, որ ագռավներ է որսում և ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է: Վեպը փոքրիկ տղայի և մահվան մտերմության, ինքնության և անհետ կորած հոր փնտրտուքի մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը: Վիքիպեդիա
Դիանա Համբարձումյանի «Դուռը թակում են» վեպը մարդու մասին է, որն ապրում է իր երկրում, հեռանում է իր երկրից ու վերադառնում է իր երկիր: Սա մարդուց մինչև երկիր ձգվող ճանապարհի պատմությունն է, ուր Ձիավոր-երկրի հազարամյա դեգերումները հասնում են ներկա որոնումների ճամփաբաժան, որտեղ լքելով իրար` իրար են սպասում հեռացող Եկվորն ու վերադարձող Կինը: Դռան թակոցն առկայծող հույսի վկայումն է:
«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ ⠀
Գրիշ Սարդարյանի «Եսավ» ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Անգամ ամենասովորական խոսքուզրույցից պատմություն ստեղծելու նրա գրողական վարպետությունը զուգահեռվում է ինտերտեքստուալ հղումների, ենթագիտակցական միջամտությունների տպավորիչ խաղարկումների հետ:
«(Չ)վեպը» արձակագիր Հովհաննես Հովակիմյանի առաջին գիրքն է: Մերօրյա հերոսի հոգեկան վայրիվերումները, շուրջը կատարվող իրական/ անիրական դեպքերի հաջորդականությունը նրան մղում են անվերջ փնտրտուքի, որը գրեթե միշտ ավարտվում է առանց հանգուցալուծման:
Գուրգեն Խանջյանի նոր`«Ներսուդուրս» վեպը մեր ժամանակների մարդու բարդ հոգեաշխարհի գրողական նուրբ վերլուծություն է: Ինքն իր հետ անհաշտ, իր բարդույթները վերլուծելով՝ նա քրքրում է իր ներսը, բայց երկրում սկիզբ առած շարժումները նրան մղում են դուրս՝ իր ներսում եղածը պարպելու և հեղափոխելու ակնկալիքով:
Մեծ քաղաք, նոր բարքեր, նոր ու այդպես էլ չհարազատացող մարդիկ: Մեծ քաղաքն ուրիշ ռիթմ ունի, մեծ քաղաքն իր տեմպն է թելադրում, և ինչքան դժվար է փոքր քաղաքում աննկատ մնալ, նույնքան դժվար է մեծ քաղաքում հայտնի լինել: Գլխավոր կերպարը անցնում է օտար քաղաքի պատրաստած փորձության միջով. մի վայրկյանում արձակած դատավճիռը խաչ է քաշում բոլոր երազանքների վրա: Պայքար, որ դառնում է գերագույն նպատակ, պայքար, որ փոխում է կերպարի էությունը, և պայքար, որ բացահայտված ստի արդյունքում վերածվում է դեպրեսիայի, ապագան դիմավորելու արդարացման փնտրտուքի: Կերպարն անցնում է այս ամենի միջով ու դառնում, ըստ էության, նոր մարդ`անանկենդան:
Ֆրանց Կաֆկայի (1883-1924) այս հատորը ներառում է նրա հանրահայտ «Ամերիկա» վեպը և «Կերպարանափոխություն» վիպակը: Ընդ որում, «Ամերիկա» վեպը հրատարակվում է առաջին անգամ, իսկ «Կերպարանափոխությունը» ներկայացվում է նոր թարգմանությամբ:
Ֆր. Նիցշեի (1864-1900) երկերի հինգերորդ հատորի առաջին գիրքն ընդգրկում է նրա գիտակցական կյանքի վերջին տարում (1888) գրված և տարբեր տարիների տպագրած ստեղծագործությունները`սեփական ձեռքով հրատարակության պատրաստած «Վագների դեպքը» (1888), « Չաստվածների մթնշաղը» (1889) և արդեն առանց իր մասնակցության ու հետմահու հրատարակված «ՀակաՔրիստոսը» (1894) և «Ecce homo» -ն (1908):
Ֆր. Նիցշեի երկերի 4-րդ հատորն ընդգրկում է «Բարուց և չարից անդին» (1886) գիրքը և իբրև նրա «մեկնաբանություն» գրված «Բարոյականության ծննդաբերության շուրջ» (1887) «բանավիճային երկը»:
Ֆրիդրիխ Նիցշեի (1864-1900) երկերի առաջին հատորն ընդգրկում է «Ողբերգության ծնունդը» (1872), «Անժամանակյա դիտարկումներ»-ի «Կյանքի համար պատմության օգուտի ու վնասի մասին» (1874) հոդվածը և հատվածներ «Մարդկային, չափազանց մարդկային» (1878) գրքից:
«Թրեյսիի վագրը» հռչակավոր վիպակի (1951) տիպիկ սարոյանական աշխարհազգացողությամբ և փոխաբերական շնչով տոգորված մի մոգական սիրային ոդիսականի կողքին այս հատընտիրն ընդգրկում է 1930 – ականներին գրված երեք տարաբնույթ, բայց հավասարապես հրաշալի պատմվածք: Բոլոր գործերը ներկայացվում են վերանայված թարգմանությամբ:
«Մարդկային կատակերգություն» վեպում (1943) սարոյանական ջերմության, մարդասիրության ու լավատեսության անմոռանալի տեսարաններ են հաջորդում իրար՝ արգելավազքը հաղթահարող Հոմերը, Քովիգթոնի խանութում արջի թակարդն ընկած փոքրիկ Ուլիսեսը, ծեր հեռագրիչ Գրոգանն իր դարակում թաքցրած օղու շշով, որ բթացնի սիրո, հույսի, ցավի ու մահվան հեռագրերի անվերջանալի տարափի դառն իրականությունը, Հոմերի՝ պատերազմ մեկնած եղբոր երգը տնից հեռու սլացող գնացքում… Սարոյանն ինչով ասես չէր զարմացրել ընթերցողին, բայց այս գործը կարծես գերազանցել է ամեն ինչ. պատերազմի ու սովորական համեստ մարդկանց մասին մի շիտակ պատմություն: Մի փոքրիկ վեպ: Մի մեծ նվաճում: Սա գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակած տարբերակի (1966) առաջին թարգմանությունն է հայերեն: Վիքիպեդիա
Սարոյանական այս հատընտիրը, որ ստացել է մեծ գրողի պատմվածքների գրքերից մեկի վերնագիրը, ծաղկաքաղ է 1930-1950 թվականների բուռն ստեղծագործական շրջանում նրա լույս ընծայած մի շարք ժողովածուներից: Ընդգրկված գործերում լավագույնս են դրսևորվել Սարոյանի՝ փոքր արձակի ականավոր վարպետներից մեկի անշփոթելի ինքնությունն ու յուրօրինակ աշխարհընկալումը, որտեղ իմաստությունը, թախիծը, քնարականությունը և, իհարկե, հումորը անբաժան շաղախ են կազմում:
Երկրորդ աշխարհամարտի մասնակից Սարոյանի անձնական փորձառության վրա խարսխված այս վեպը` անհերքելիորեն նրա լավագույն գործերից մեկը (1946), որ հրատարակվում է վերանայված թարգմանությամբ, պատկերելով երիտասարդ շարքային Ուեսլի Ջեքսոնի ոդիսականը, տրագիկոմիկական շնչով է ներկայացնում պատերազմի ամբողջ աբսուրդը: Սարոյանական աշխարհի անկրկնելի գույներով դրոշմված գրքի բանալին կարող են դառնալ մի առիթով մեծ գրողի ասած հետևյալ խոսքերը. «Մահերի մեջ կյանք կա, պատերազմների մեջ` խաղաղություն, սխալների մեջ` ինչ-որ ճիշտ բան»: