«Հովհաննես Մկրտիչ» պոեմում բանաստեղծուհին ինքնատիպ, հուզական պատկերներով ներկայացնում է Հովհաննես մարգարեի սրբազան կերպարը: Պոեմում պատկերված են հոգու և մարմնի, երկնքի ու երկրի ներդաշնակության գովերգումը և չարի անխուսափելի կործանումը:
«Հոգիս քեզմով կը խայտայ» գիրքը թուրք գրող Քէմալ Եալչընի առաջին վեպն է, որը նա նվիրել է թուրքերենի իր ուսուցչուհի և սիրելի ընկերուհի Մելինեին: «Հոգիս քեզմով կը խայտայ» գրքի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը բեմադրվել է 2015 թվականի հունիսին Նյու Յորքում:
Մենդել Զինգերը հավատացյալ, աստվածավախ, հասարակ հրեա է: Բայց մի օր Աստված ցանկանում է նրան փորձության ենթարկել, ինչպես աստվածաշնչյան Հոբին: Մի որդին զորակոչվում է բանակ, երկրորդը փախչում է Ամերիկա, դուստրը զվարճանում է կազակների հետ, իսկ կրտսեր որդին ծանր հիվանդ է: Եվ սա Մենդել Զինգերի տառապանքների միայն սկիզբն է: Հավատով ու հնազանդությամբ է նա ընդունում ամեն փորձություն: Բայց մի օր նրա համբերությունը հատնում է…
Շվեդ ժամանակակից գրող և լրագրող Յունաս Յունասսոնի (ծնվ. 1961 թ.) առաջին՝ «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ » վեպը լույս է տեսել 2009 թվականին և անմիջապես դարձել բեսթսելլեր, թարգմանվել երեսունից ավելի լեզուներով: Գրքի հիման վրա նկարահանվել է կինոնկար… Աշխույժ ոճով, ինքնատիպ հումորով, թրիլերի հնարքներով գրված այս վեպում հարյուրամյա մի շվեդի կյանքի ոդիսականով ներկայացվում են քսաներորդ դարի համաշխարհային պատմության կարևոր դրվագները, որով բացահայտվում են մեծ քաղաքականության և մարդկային հարաբերությունների բազմաթիվ կողմեր: Այս վեպից կիմանաք, թե ով է ստեղծել ատոմային ռումբը և փրկել գեներալ Ֆրանկոյին, փլուզել Խորհրդային Միությունը և տեկիլա խմել ԱՄՆ նախագահի հետ, պատճառ դարձել, որ Վլադիվոստոկը դառնա փակ քաղաք,...
Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպը ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող վեպերից մեկն է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդհատ ուշադրության ու անսպառ կրքի հետևում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։ Ծաղկեփնջերի ու հաղորդագրությունների հոսքը հոգեբանական ահաբեկության մեջ է գցում հերոսուհուն, սակայն Հանեսի սերն ու կիրքը արդեն նրա համար թակարդ էին, որից դուրս գալը հոգեբանական մեծ ճիգեր և ուժ է պահանջում հերոսուհուց։
Փոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ:
Հայդին որբուկ է: Նա ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ Շվեյցարիայի լեռներում: Մի օր գալիս է Հայդիի մորաքույրն ու աղջկան տանում մեծ ու աղմկոտ քաղաքը: Հայդիի կյանքն ընդմիշտ փոխվում է, բայց Փոքրիկն ամբողջ հոգով ուզում է վերադառնալ գյուղ՝ լեռներում ծվարած իր տնակը՝ ծերունի պապի մոտ:
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդ աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերների՝ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտելու մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ–որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան:
Դեռևս միլիոնավոր տարիներ առաջ, երբ մարդկային ռասան գտնվում էր զարգացման նախասկզբնական փուլում և ապրում էր անտառներում, վայրի գազանների պես, երկիր մոլարակի մի գողտրիկ անկյունում, Արրատա անունը կրող քաղաքում իսկական` գերզարգացած քաղաքակրություն կար: Սակայն Արրատան իր մեջ բազում գաղտնիքներ էր թաքցնում: Օրիոնի համաստեղությունից ժամանած եկվորները հիմնել էին քաղաքը և թաքցնել այնտեղ համատիեզերական իմաստնությունը կրող Հանճարների Գիրքը: Այս Գրքի համար էլ սկսվում է կատաղի և արյունալի պատերազմ: Ո՞վ կտիրանա Գրքին: Արդյո՞ք այն կօգտագործվի խաղաղություն և համերաշխություն հաստատելու, թե՞ տիեզերքին տիրանալու նպատակով: Որոշիչ դերը կունենա Գրքի Հանճարը, ով դեռ պիտի հայտնվի:
Բորսոնի բանաստեղծությունը ընթերցողին բերում է արդյունաբերական կյանքի աղմուկներից հեռու լուսանկարչական այնպիսի մանրամասների, որ միայն բնապաշտի դիպուկ աչքից չէին վրիպի: Նրա ստեղծագործության թեման բնությունն է, կամ ավելի ճշգրիտ` մերօրյա հասարակությունը, որ արդի տնտեսական ու տեղեկատվական զարգացման միտումների արդյունքում շարունակում է հեռանալ բնությունից:
20-րդ դարի սկզբին գրական աշխարհում մեծագույն երևույթ էր Մարսել Պրուստը, ով առաջին անգամ է ծավալուն կերպով ներկայանում հայ ընթերցողին: Գրքում ներկայացված են մի շարք վեպեր, որոնք հանդես են գալիս մեկ ընդհանուր վերնագրի տակ` «Կորուսյալ ժամանակի որոնումներում»: Հեղինակը վկայում է, որ վեպերի այս մեծ շարքը մտացածին չէ, քանի որ հոգու արտահայտումն է:
Խուճուճիկ շեկ մազերով Ֆրանցի մասին աշխույժ դրվագներով գիրքը մանկաշխարհը պատկերում է բացառիկ նուրբ հումորով: Ֆրանցի կերպարով հեղինակը ներկայացնում է մանկան խառնվածքի բոլոր դրսևորուﬓերը՝ անթաքույց զարմանք, ափսոսանք, կամակորություն… Մեր հերոսը շարունակ հայտնվում է մանկական խնդիրների առջև. երբեﬓ ընկճվում է, hուսահատվում: Բայց ահա օգնության են հասնում հարազատները, և հեղինակի թեթև գրչով բոլոր խնդիրները լուծվում են…
Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ…. Քրիստինե Նյոստլինգերի՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող-երեխա ժամանակակից հարաբերությունները:
Ո՞ւր կարող են տանել հարազատի մահվան կորստից ծնված մտքերը, երբ սուգը չունի պատշաճ բովանդակություն, քանի որ չես ճանաչել, սիրել ու գնահատել նրան: Եղբայրը զլացել կամ գուցե ծուլացել էր շարադրել իր մահվան պատճառները, ինչը հուսահատեցնող, բայց նաև գայթակղիչ է որպես ինքնասպանության հետազոտության նյութ… Ընթերցողն անակնկալ կերպով հայտնվում է Ավստրալիայում հենց այն բրիտանական նավերի հետ, որոնք լի էին թագավորության բանտերում այլևս չտեղավորվող հանցագործներով:
Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլում, ինչ–որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով:
Բրիտանացիները թողնում են Հնդկաստանը: Նոր առասպել է շողշողում Հնդկաստանի բյուր մշակույթների ու մոգական ծեսերի սրտում: Բենգալացիների ու փենջաբցիների, մադրասցիների ու ջաթերի համընդhանուր երեւակայության մեջ դա անկախության առասպելն է: Գերբնական կեսգիշերի զավակները նույնպես ծնունդ են առնում այս առասպելից, որպեսզի գտնեն իրենց ինքնությունը եւ ի կատար ածեն իրենց առաքելությունը: Սալիմ Սինայը կեսգիշերի զավակներից միակն է, որը որոշում է ապավինել իր գերբնական հատկություններին, որպեսզի իմաստավորի իր կյանքի ժամանակը:
Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված եւ այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, եւ դեռեւս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը. որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Հիմնականում պատմվածքներում հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծն է։ Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի,...
Գիրքը ներառում է գերմանական դասական գրականության հեղինակների արձակ և չափածո ստեղծագործություններ՝ ամբողջական կամ հատվածաբար, որոնք առաջին անգամ են թարգմանվել հայերեն «Յունիվերս» լեզվի կենտրոնի «Թարգմանչական իմ առաջին քայլերը» ծրագրի շրջանակում: Գիրքը նպատակ ունի բացահայտելու սկսնակ թարգմանիչների և խրախուսելու նրանց:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թերևս ամենաարտասովոր ստեղծագործություններից մեկը ի ցույց է դնում պատերազմի արհավիրքները պարադոքսային տրամաբանությամբ, ինքնահակասող սիլոգիզմներով ու վառ, գունեղ, գրեթե շոշափելի կերպարներով: Պատերազմական անելանելիությունը և ահռելի ողբերգության մեջ ծաղկող մարդկային խարդախությունը վեպում ներկայացվում են սև հումորի և աբսուրդային իրավիճակների միջոցով: Վեպի ժամանակագրորեն կտրտված գլուխները հավելյալ լարումով պատկերում են մտացածին 256–րդ ավիաջոկատի մարտական օդաչուների կյանքը պատերազմի ժամանակ, որտեղից ողջ դուրս պրծնելու միակ տարբերակը չմահանալն է, իսկ չմահանալու համար պետք է հաջողել ողջ մնալ, ու հենց այստեղ է ծուղակը:
Գրքում ներկայացված է Ակսել Բակունցի պատմվածքների ընտրանին, որոնցից են «Խոնարհ աղջիկը», «Ալպիական մանուշակը»,«Մթնաձորի չարքը»… Բակունցի արվեստի մեծությունն այն է, որ տեսակետ չի հայտնում, կողմ չի բռնում, այլ ստեղծում է պատկերը և հետ քաշվում` եզրակացությունը թողնելով ընթերցողին: