«Այլ ոտնահետքեր» ժողովածուն Հովհաննես Երանյանի վեցերորդ գիրքն է: Այն ընդգրկում է գրողի` նախկինում լույս տեսած «Միակ ոտնահետք», «Զինադադար», «Մարդահամար» եւ «Ողորմություն Ֆրոսյային» գրքերի լավագույն պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաեւ հիշյալ գրքերի վերաբերյալ տարբեր տարիներին լույս տեսած մի քանի գրախոսականներ: Հրատարակվում է հեղինակի 50-ամյակի կապակցությամբ:
«Արտավազդ-Շիդար»-ը ժամանակակից հայ դրամատուրգիայի ամենաակնառու և ամենաբեմադրված հեղինակներից մեկի՝ Գուրգեն Խանջյանի պիեսների նոր ժողովածուն է, որն ամփոփում է նրա վերջին տարիների ստեղծագործությունները:
Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպում բուն իրականություն և ցանկալի իրականություն կա, ու երկուսում էլ ապրելու ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու: Հեղինակը «Տուր ձեռքդ, պստլո» վեպի վրա աշխատել է մոտ երեք տարի։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում 2017 թվականի հունիսի 17-ին։...
«անՎՐԵՊ» մատենաշարի նոր հատորը ներկայացնում է արևմտահայ արձակագիր Ղեւոնդ Մելոյեանի (1883-1967) ամենաաղմկահարոյց գործերը՝ «Մայրը» և «Երեք ընկերները» վէպերը:
«անՎՐԷՊ» մատենաշարի նոր հատորը արեւմտահայ տաղանդաւոր նորավիպագիր Լեւոն Բաշալեանի (1868-1943)՝ 1943 թ. Փարիզում լոյս տեսած «Նորավէպեր եւ պատմուածքներ» ժողովածուի վերահրատարակութիւնն է: Պահպանւել են հեղինակի կիրառած ուղղագրութիւնն ու կէտադրութիւնը, կատարւել են միայն սրբագրական եւ որոշ անհրաժեշտ միջամտութիւններ: Հատորում զետեղուած նաեւ Արշակ Չոպանեանի հեղինակած առաջաբանը Լեւոն Բաշալեան մարդու և գրողի մասին: Հրատարակութիւնը նվիրւում է Լեւոն Բաշալեանի ծննդեան 150- ամեակին:
Արզումանյանը հրատարակել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ՝ նվիրված հայկական ժառանգությանը, ցեղասպանությանը, պատմական գործիչներին և կանանց հանդեպ տղամարդկանց ունեցած իշխանությանը։ Խուաննա Կաստիլաուին նվիրված նրա «Juana I» գրքի հիման վրա 2007 թվականին բեմադրվել է «La que necesita una boca» («Նա, ով բերանի կարիք ունի») պիեսը։ Իսպաներեն է թարգմանել Բոնավանտյուր Դեպերիեի, Սուսան Գուբարի, Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները։ Անտարես հրատարակչությունը հրատարակել է Աննա Արզումանյանի «Իմ անունը հիմա է» պոեմը։
Անվանի բանաստեղծուհի Անահիտ Թարյանը, լինելով հայ դասական պոեզիայի կրողն ու շարունակողը, իր այս նոր՝ իր համար հոբելյանական տարում հրատարակված «Արևային աստղաթափ» գրքում նորովի է զարգացնում հայ միջնադարյան հայրենների ազգային ժանրաձևը՝ այն ներկայացնելով արդիական լույսի ներքո, նրան միահյուսելով քսանմեկերորդ դարի թելադրող շունչն ու տիրական ռիթմերը։ Հայրենների սույն ժողովածուն աչքի է ընկնում ներժանրային առանձնահատկություններով և թեմատիկ բազմազանությամբ, գաղափարական ու զգացմունքային խորանիստ լիցքերով և գեղարվեստական արտահայտչականությամբ։ Գիրքը շահեկանորեն առանձնանում և գեղարվեստական մտածողության նոր շրջափուլ է հաստատանշում բանաստեղծուհու գրական-ստեղծագործական կյանքում:
«Կուրություն» գիրքն ամբողջությամբ երգչախմբային պոեզիա է, որն իր հերթին հունական հնագույն պոետիկ ժանրերից մեկի՝ մելոսի կարևորագույն տեսակներից մեկն է: Ի տարբերություն հին հունական այլ բանաստեղծական ձևերի, երգչախմբային պոեզիան կատարում էին մենակատարը (հեղինակ) և երգչախումբը՝ երաժշտական պարզագույն գործիքների՝ հիմնականում ավլոսի կամ կիֆարայի նվագակցությամբ, այդ պատճառով էլ երբեմն բանաստեղծության այդ տեսակները կոչվում էին նաև երգեր (մելոս- հուն. մեղեդի): Գիրքն ամբողջությամբ ծավալվում է Հին Հունաստանի առասպելական կույր պատգամախոս Թիրեզիասի, նրա յոթ կյանքերի, ողբերգական կուրացման, գուշակության շնորհի և նրա մասին պատմող առասպելների հետ առնչվող այլ դիցաբանական հերոսների շուրջ:
«Ելք երկրից» ժողովածուն Աղվան Վարդանյանի մոտ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում է բանաստեղծական ներկայության: Ընդ որում՝ անհրաժեշտ ներկայության: Նրա՝ զվարթ հայերենի, խաղաղ ռիթմերի մեջ պրկված նյարդային- ազդեցիկ խոսքը մեր դժվար ժամանակների ճշգրիտ արտացոլումն է:
Գյումրեցի տաղանդավոր պոետի «Աստվածային ժամանցներից զատ» ժողովածուն կրկին հատկանշվում է չվերջակետվող խոսքի տարածության փիլիսոփայությամբ: Կյանքի ու երևույթների հանդեպ բանաստեղծական անթաքույց հեգնանքի առկայությունն ու միևնույն ժամանակ դրանց դրամատիկ խորքերը պեղելու վարպետությունը հանգեցնում են տպավորիչ ընդհանրացումների:
Ռուզաննա Ոսկանյանի «Հետո և ավելի հետո» ժողովածուն նրա պոետական հասունության վկայությունն է՝ բանաստեղծությունների կառույցի մակարդակով, մետաֆորային ինքնատիպ մտածողությամբ, պատկերային խտությամբ, ընդգրկված ու մի քիչ երգեցիկ ռիթմով հատկանշվող:
2008 թվականին գրված «Սպանված գարնանամուտ» պոեմն արտահայտում է արյունալի մարտի 1-ին իշխանության կողմից իրագործված Հայաստանի քաղաքացիների ընտրության, իրավունքների, ազատությունների աննախադեպ վայրագ բռնաճնշումները, և դրանց հետևանքով, ավաղ, անդառնալի կորուստներն իբրև սպանված գարնանամուտ։ Պոեմն ավարտվում է բռնության դեմ պայքարի ելած «Պայծառ գալիքի գանգրահեր տղայի» լուսավոր, հերոսական կերպարով։
«Անձևություն» գիրքը գուցե վերնագրվեր այսպես. «Դաժան բանաստեղծություններ» կամ «Անլույս բանաստեղծություններ»: Երկու վերնագրերն էլ ընդունելի են, որովհետև այս անհոգի քաղաքակրթության համար բնորոշելի են , քաղաքակրթություն, որի հանդեպ բանաստեղծի նողկանքը չափ չունի:
«Անտուն ծառերի լուսաբացը» բանաստեղծությունների ժողովածուն Կարեն Վարդանյանի առաջին գիրքն է, որն աչքի է ընկնում պոետական խոսքի անսեթևեթ դրսևորումներով, դրամատիկ զգացողությունների և կյանքի ու տարբեր երևույթների հանդեպ հեգնանքի նուրբ համադրումներով:
«Դատավճիռ» ժողովածուն ընդգրկում է Հայաստանից արդեն երկու տասնամյակ շարունակվող «թավշյա» տեղահանության, վտարանդության լաբիրինթներում անհետացող մեր ՏԵՍԱԿԻ ազգային ողբերգությունը, իր արմատներից պոկված մարդու, արվեստագետի կործանարար մենությունն ու հոգու անբուժելի դրաման:
«Ծիլի-ծով․ գիրք հմայության-ը» Կարեն Անտաշյանի բանաստեղծական երրորդ ժողովածուն է: 2014 թվականի փետրվարին եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի առաջին հորիզոնականում: «Ծիլի-ծով»-ը կենաց հասուն բնազդների և խորհրդապաշտական հետազոտությունների գիրք է։ Հեղինակը սրբազանցնում է Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն։ Ծիլի-ծովը սահմանվում է իբրև մեռելների լուծվող հիշողությունն ու ապրողների շարունակելի-ընդհատական վարքը ջրածին կենսոլորտի ամբողջության մեջ։ Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելն՝ ինքնին իրականությունը հրահրող հմայություն է:
«Բառերի լույսը» բանաստեղծությունների ժողովածուն Գրիշ Դավթյանի 16-րդ գիրքն է: Թեմատիկ բազմազանությունը, ապրումների նուրբ հոգեբանությունը, անհատի ըմբոստությունը և թախիծով պարուրված կարոտը «Բառերի լույսը» ժողովածուի հատկանշական կողմերն են: Գրքում ընդգրկված է նաև Գրիշ Դավթյանի «Դերանունների գործածությունը կապական բառերի հետ» հոդվածը:
«Շեր ու շահիր» բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի տասներկուերորդ գիրքն է, որ ամփոփում է Թեհրանում կատարած, և նրան աղերսվող ստեղծագործությունները: Ներառված են «ԵՐԱԶՈՒՆԱԿ» և «ՆՈՐՋՈՒՂԱՅԱԿԱՆ» շարքերը: