Դասական մատենաշարը ներկայացնում է Յոհաննա Սպայրիի «Հայդի», Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Լ. Ֆրենք Բաումի «Օզի կախարդը», Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» գրքերը, որոնց վերապատումներն առաջին անգամ են հրատարակվում հայերեն: Փաթեթում ընդգրկված գրքերի նկարազարդումները մեծ գրողների ստեղծագործություններին նոր շունչ ու երանգ են հաղորդում:
Աստված էլի դժգոհ է աշխարհից՝ մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը: Իսկ թե ինչ եղավ ճանապարհին, ինչ արկածներ ունեցան պինգվինները, և ինչ տեղի ունեցավ ջրհեղեղի ավարտից հետո, կիմանաք գիրքն ընթերցելիս: Բարի՛ ճանապարհ ու հետաքրքիր ճամփորդություն Նոյի, աղավնու, պինգվինների ու մնացյալ կենդանիների հետ:
Կե՛ր, կամ քեզ կուտեն… Այս է Բնության օրենքը սառցե սպիտակ երկրում, որտեղ ծնվել է Սպիտակ Ժանիքը: Կեսշուն–կեսգայլ խառնածին քոթոթը դժվար կյանքով է ապրում, մինչև կարողանում է հասկանալ, որ կարելի է վստահել մարդուն և գտնել իր սերը: Գրքում Ջեք Լոնդոնի հայտնի վեպը վերապատմվում է փոքրիկ ընթերցողների համար: Տեքստն ուղեկցվում է Անտուան Գիյոպեի գեղեցիկ նկարազարդումներով:
Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
Շատ տարիներ առաջ մի հսկայական քաղաքում ապրում էր մի հետաքրքրասեր մկնիկ: Հաճախ նա ամիսներ շարունակ թաքնվում էր մթին գրադարաններում, որպեսզի գաղտագողի կարդա մարդկանց գրքերը… Արդյունքում մեր խորամանկ մկնիկին հաջողվում է պարզել թռչելու գաղտնիքը: Փոքրիկ մկնիկի խիզախումը մեծ քայլ էր օդագնացության մեջ:
Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է հեռավոր ու զարմանալի մի երկիր, որ կոչվում է Օզ: Այստեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին: Դորոթին կարծում է, որ Օզի ամենազոր կախարդը կարող է օգնել իրեն տուն՝ Կանզաս վերադառնալ, բայց նախ հարկավոր է գտնել կախարդին…
Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե՛ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին: