«Կալլե Բլյումքիստի արկածները» Գրքում ընդգրկված են շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907-2002) «Հռչակավոր խուզարկու Բլյումքիստը», «Կալլե Բլյումքիստը վտանգում է իրեն», «Կալլեն ու Ռասմուսը» վիպակները։
«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել:
«Սեր և էմիգրացիա» ժողովածուում ընդգրկված վիպակներում և պատմվածքներում Մարգարիտ Դերանցը հոգեբանական նուրբ դիտարկումներով, անհրաժեշտության պարագային՝ նաև սևեռումներով, հուզական պոռթկումներով, բայց և՝ մշտապես սթափ գրողական դիրքորոշմամբ ու գնահատականներով պատկերում է հայ էմիգրանտների կյանքը օտար ափերում՝ բացելով բազմաթիվ վարագույրեներ և պսակազերծելով բազմաթիվ միֆեր:
«Փոթորկից առաջ» վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակներում՝ Հունաստանում, Կոստանդնուպոլսում և Լիբիայում։ Հերոսները՝ հայ և հույն պատանիներ, ծովի հատակում մարգարիտներ որոնելիս մեծ գանձ են գտնում և առագաստանավ գնելով՝ մեկնում հեռավոր ճանապարհորդության՝ մի դժբախտ ընտանիքի օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։
Փադինգթոն անունով արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ: Փադինգթոն արջուկի մասին գիրքը համարվում է մանկական գրականության դասական: «Փադինգթոն անունով արջուկը» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին: Այսօր աշխարհում կա արջուկի մասին ավելի քան 25 միլիոն գիրք, որոնք թարգմանված են ընդհանուր 31 լեզուներով: Գիրքը գրելու միտքը Մայքլ Բոնդի մոտ հղացավ, երբ նա 1956 թվականին Փադինգթոն կայարանում տեսավ միայն արջուկին: Արջուկը ոգեշնչեց Բոնդին, և վերջինս ընդամենը տաս օրում պատմություն...
«Քորլայն»-ը (անգլ.՝ Coraline), բրիտանացի գրող Նիլ Գեյմանի 2002 թվականին հրատարակված մանկական ֆենթզի վիպակն է։ 2003 թվականին արժանացել է գրականության Հուգո մրցանակի լավագույն վիպակ անվանակարգում, նույն թվականին ստացել է նաև գրականության Նեբուլա մրցանակ։ 2009 թվականին «Քորլայն» գրքի հիման վրա նկարահանվել է մուլտֆիլմ: Քորլայն ի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու,...
Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։ Լավագույն հարցերը կարող ես միայն ինքդ քեզ տալ, որովհետև քեզ պատճառած ցավերից ու անհարմարություններից ամենաազնիվը միայն ինքդ քեզ հասցրածն է։
«Գրողի տարածը» գիրքն ընդգրկում է հայ ժամանակակից գրող Վահե Ղուկասյանի «Գրողի տարածը» վիպակը և երկու պատմվածք: «Գրողի տարածը» իրական կամ հորինված պատմություն է ֆանտաստ գրողի, հակածխախոտային ֆանատիզմի ու, իհարկե, սիրո մասին։ Վահեին որպես խելահեղ ընթերցող եմ հիշում. մարդ, որ կարդում էր աշխարհը: Իսկ հիմա նրա գրականության պահն է` բացարձակ ընթերցողից դեպի բացարձակ գրող: Արամ Պաչյան Կան ստեղծագործություններ, որոնք կարդում ես` ասես սեփական ձեռքով գրելով: Վահեի վիպակն այդպիսին է: Այն խուտուտ է տալիս մատներս, զգացումներս, աչքերս: Ու խնդիրն ամենևին այն չէ, որ ամեն տողը կենդանի է ֆիլմի կադրի նման կամ ամեն իրավիճակ ասես դավադրաբար բազմազան է դարձնում քո առանց իրադարձությունների կյանքը. ինձ...
«Էս ինչ եք անում, տղերք» ժողովածուն ամբողջացնում է Վազգեն Սարգսյանի լավագույն գրական ժառանգությունը՝ սկսած «Հացի փորձություն» վիպակից մինչեւ 1999-ի հոկտեմբերին՝ մահից օրեր առաջ գրված «Պատմության սկիզբն ու շարունակությունը» հրապարակախոսական հայտնի հոդվածը: Գրքում ընդգրկված են ինչպես պատմվածքներ, այնպես էլ հրապարակախոսական նյութեր, որոնք բարձ գեղարվեստական արժեք լինելուց բացի պատմական որոշակի ժամանակաշրջան ներկայացնող կարեւոր ուղերձներ ունեն եւ լույս են սփռում ազգային, պետական մի շարք հիմնահարցերի, այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի թնջուկի վրա: Վազգեն Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին։ Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի...
«Չարլին և շոկոլադի գործարանը» Ռոալդ Դալի հեքիաթ–վիպակը արտասովոր հրուշակագործ պարոն Ուոնկայի շոկոլադի գործարանում փոքրիկ Չարլիի արկածների մասին է։ Փոքրիկ տղա Չարլի Բաքեթըապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝...
Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի մեջ միահյուսված են պատմվածքը, նովելը, վավերագրական արձակը, հրապարակախոսական խորհրդածությունները: Գրողը փորձում է նկատել և իմաստավորել մեր ժողովրդի կյանքի ու բնավորության նոր երևույթները, պարբերաբար հետադարձ հայացք նետելով մեր պատմության հեռու և մոտիկ խաչմերուկներին: 1979 թվականին «Հայկական էսքիզներ»-ի առաջին գիրքն արժանացել է պետական մրցանակի: «Հայկական էսքիզներ»-ի առաջին գիրքը լույս է տեսել 1969 թվականին, երկրորդ գիրքը՝ 1982 թվականին:
«Ներսը և դուրսը» հատորում զետեղված են Հերման Հեսսեի հոգեմտավոր շրջադարձը նշանավորող փոքրածավալ ստեղծագործությունները՝ վիպակներ, պատմվածքներ, ինքնակենսագրական ավանդազրույցներ, ուտոպիստական երգիծապատումեր և իմաստնախոսություններ: Հասարակական կյանքի կազմակերպմանն հետամուտ եվրոպական մտքի տևական ու հիմնարար խարխափումերից հոգնած ու ջլատված՝ գրողը մարգարեանալու պես հռչակում է հոգեխորթ իրականության վերառման իր տեսլականը և ներկայացնում կյանքում ու արվեստում իր հետապնդած նպատակը՝ ապրել և պատկերել ոչ թե արտաքին, թվացյալ իրականությունը, այլ ներքին հոգեկան իրողությունները, վերապրել ու արտապատկերել ոչ թե կյանքի առերևույթ տեսիլաժամերը, այլ այն էությունը, որ թաքնված է տեսանելիից անդին, ինչն էլ իմաստ է հաղորդում այդ իրականություն ասվածին՝ մերձակցության փոքրիշատե շոշափելի աղերսներ հայտավորելով կյանք կոչվող առեղծվածային երևույթին ի տես:
Արդի մարդու հոգեբանական երկփեղկվածությունը և ժամանակի հետ նրա հարաբերությունների բնույթն է պատկերված «Ստվերներ խամաճիկների փողոցում» և «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակներում:
«Սպանել փրկչին: Հիստերիաներ» վիպակներում մի կողմից`պատմական անդրադարձով, մյուս կողմից`արդի մարդու հոգեբանության պեղմամբ քննվում է Քրիստոսի և քրիստոնեության էությանը վերաբերող գոյաբանական հարցեր:
«Խրամատային գրառումներ» վիպակում Գուրգեն Խանջյանը իրեն բնորոշ էկզիստենցիալ սուզումներով բացահայտում է այսպես կոչված`«տգեղի գեղագիտությունը»: Պաթոլոգիկ սևեռումներով հերոսի արարքներոն ու խոստովանությունները բացահայտում են մարդկային հատկանիշների մեկ այլ հարթություն:
«Կինոնկարի հենքում իրական իրադարձություններ են» մակագիրը ակամայից տրամադրում է ինչ-որ արտառոց, հափշտակիչ ակնկալիքի: Այս գիրքը ոչ թե հիմնված է իրական իրադարձությունների վրա, այլ այստեղ ամենաիրական պատմություններ են, բացարձակ զերծ գունազարդումներից կամ ընթերցողի ուշադրությունը բևեռող այլ հնարքներից: Ավելին՝ անգամ հարթվել են սուր անկյունները, որպեսզի անհարկի չգրգռեն նրբակիրթ ընթերցողի նյարդերը: Անհավանականը միայն այն է, որ այս ամենը կատարվել է ոչ թե խավարամիտ միջնադարում, այլ մերօրյա բարեհունչ մարդասիրության դարաշրջանում….
Մհեր Իսրայելյանի «Մինչև մեռնելն ապրել է պետք» վիպակը պատմության շրջադարձային կետում հայտնված մի սերնդի պատմությունն է: Գրողի հետադարձ հայացքը գուցե ինչ-որ տեղ դիտմամբ ու ներողամիտ անփութությամբ շրջանցում է որոշ մանրամասներ, փոքր-ինչ գունազարդում առօրյան, որովհետև հուշերն անգամ գորշությունը պայծառացնելու հատկություն ունեն, բայց այնումենայնիվ, սերնդի պատմությունն առարկայանում է և դառնում ժամանակաշրջանի պատմություն՝ բնորոշ կերպարներով, հոգեբանությամբ ու հարաբերությունների բնույթով:
«Այլ ոտնահետքեր» ժողովածուն Հովհաննես Երանյանի վեցերորդ գիրքն է: Այն ընդգրկում է գրողի` նախկինում լույս տեսած «Միակ ոտնահետք», «Զինադադար», «Մարդահամար» եւ «Ողորմություն Ֆրոսյային» գրքերի լավագույն պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաեւ հիշյալ գրքերի վերաբերյալ տարբեր տարիներին լույս տեսած մի քանի գրախոսականներ: Հրատարակվում է հեղինակի 50-ամյակի կապակցությամբ:
Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակը համաշխարհային գրականության ուղենշային գործերից մեկն է: Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում: Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։
Անուշ Սարգսյանի «Անոն» ժողովածուի պատմվածքներն ու համանուն վիպակը կյանքը և մարդկանց առավելապես զգացական ու հոգեբանական հատույթում ընկալելու և վերլուծելու գեղարվեստական իրացումներ են: Հեղինակը ստեղծում է հիշվող ու գունեղ կերպարներ, որոնք, անկախ իրենց կյանքի դժվարություններից, կյանքին հաղթելու նպատակադրումն ունեն: Հիմնական հերոսները կանայք են, որոնք նույն ընտանիքի տարբեր սերունդներ են՝ ժամանակի սեփական զգացողությամբ: Կյանքի դրամատիզմը նրանց հերոսացման չի մղում, բայց նրանցից յուրաքանչյուրը ակամա լուծում է իր խնդիրը՝ սխրանքի սեփական ճանապարհը գտնելով:
Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» և «Դղյակը» վեպերը համաշխարհային գրականության այն գլուխգործոցներից են, որոնք հսկայական ազդեցություն են թողել բազմաթիվ գրողների ստեղծագործական ընթացքի վրա՝ պայմանավորելով մոտեցումների, ընդհանրացումների, ընկալումների յուրօրինակ մի համակարգ:
Սառա Քրուն հոր հետ գալիս է Լոնդոն՝ սովորելու օրիորդ Մինչինի վարժարանում: Սառան, որ մշտապես պարուրված էր հոր անսահման սիրով և հոգատարությամբ, հայտնվում է իր համար անսովոր միջավայրում: Աղջկա սիրած զբաղմունքն ամեն տեսակի հետաքրքիր զրույցներ հորինելն է, որոնցով թե՛ ինքն է տարվում, թե՛ իր փոքրիկ ունկնդիրները՝ օրիորդ Մինչինի դպրոցի մյուս սանուհիները: Սակայն կյանքն ունի իր անսպասելի շրջադարձները, և դառը փորձությունները չեն շրջանցում նաև Սառային: Անգամ ամենածանր պայմաններում Բրնեթի խոհուն հերոսուհին չի դադարում բարի ու կարեկից, հնարամիտ և իմաստուն լինելուց՝ իրեն պահելով իսկական արքայադստեր նման: Արդեն հարյուր տարուց ավելի է՝ «Փոքրիկ արքայադուստրը» շարունակում է մնալ անգլիական մանկագրության ամենագրավիչ նմուշներից՝ պահպանելով իր բացառիկ...
«Արդի» մատենաշարի սույն հատորում ներառված են Վահան Տեր-Ղազարյանի տարբեր տարիների գրված պատմվածքները և վիպակները։ Գիրքը հանդիսանում է հեղինակի մինչ այժմ հրատարակված ստեղծագործությունների ամենից ամփոփ ժողովածուն: «Տիպանգոյի» էջերում ընթերցողը կբացահայտի հեղինակի ինչպես ստեղծագործական, այնպես էլ մասնագիտական առանձնահատկություններն ու արժանիքները։
Ճակատագիր, պատահար, օրինաչափություն, թե՞ Աստծու միջամտություն… Բախտորոշ իրադարձություններին անդրադառնալիս, մենք հաճախ մոլորվում ենք այս տարբերակներում։ XX դարի ամերիկյան գրականության գլուխգործոցներից մեկը համարվող, Թորնթըն Վայլդերի 1927-ին գրված այս այլաբանական վիպակը կարող է ընթերցողին օգնել կողմնորոշվել, բայց ո՛չ ավելին։