Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:
Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն ժամանակի հետ չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:
Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:
Մարդկային տարօրինակ ու կործանարար հարաբերությունների պատմություն, որտեղ կարեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը՝ դառնում ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը: Ֆիցջերալդի այս վեպը գրեթե մեկ դար հեռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված երջանկության հմայքով:
Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե՛ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին:
Չորս սիրահարված աթենացիներ մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և որոշում գիշերել այնտեղ: Հրաշքներով, մոգական թուրմերով, զվարթ ու չարաճճի ոգիներով հարուստ այս ուրախ պատմությունը կարող է կախարդել ընթերցողին:
Սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ մի հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա զարմանալի աշխարհի ողջ կախարդանքը:
«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը: Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:
Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
Պոեմն իրենից ներկայացնում է Կոմիտասի կենսագրության լիրիկական պատմվածք։ Պոեմը գրվել է 1959 թվականին Մոսկվայում։ Պ. Սևակը Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը՝ հիմնականում եղեռնը, որին միահյուսվում են կոմիտասյան երգի տարրերը։
1950-ական թվականներին գրված և հեղինակի կյանքի օրոք անտիպ մնացած վեպ։ Սա մի նոր բացահայտում է Պարույր Սևակի գրական ժառանգության համար։ Սևակի արձակը նույնքան ինքնատիպ, տարբերվող և ազդեցիկ է, որքան պոեզիան։ Հոգեբանական վեպի ժանրին հարող այս ստեղծագործությունը պատմում է սիրո և ատելության, հավատարմության ու դավաճանության, եղբայրության և թշնամանքի, անձնազոհության ու եսասիրության մասին։
1984 (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս...